20:10  ,  10 հունիսի, 2021

Եվրո-2020. D խումբը՝ աշխարհի փոխչեմպիոնով ու բրիտանական դերբիով (ֆոտո)

Կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգված ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնությունն առանձնահատուկ է պատմության մեջ։ Առաջին անգամ մրցաշարը կանցկացվի 11 երկրների 11 քաղաքներում, իսկ հին աշխարհամասի ուժեղագույն հավաքականի կոչման համար կպայքարեն 24 թիմեր:

NEWS.am Sport-ը ներկայացնում է Եվրո-2020-ի 6 խմբերը։ Չորրորդը D խումբն է, որտեղ ընդգրկված են Անգլիայի, Խորվաթիայի, Չեխիայի ու Շոտլանդիայի հավաքականները։  

Անգլիա

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 4-րդ տեղ

Գլխավոր մարզիչ՝ Գարեթ Սաութգեյթ

Հայտացուցակ

Դարպասապահներ․ Դին Հենդերսոն («Մանչեսթեր Յունայթեդ»), Սեմ Ջոնսթոուն («Վեստ Բրոմվիչ»), Ջորդան Պիկֆորդ («Էվերտոն»):

Պաշտպաններ. Հարի Մագուայր, Լյուկ Շոու (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Բեն Չիլուել, Ռիս Ջեյմս (երկուսն էլ՝ «Չելսի»), Ջոն Սթոունս, Կայլ Ուոքեր (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Կիրան Տրիպիեր («Աթլետիկո»), Քոնոր Քոուդի («Վուլվերհեմփթոն»), Տայրոն Մինգզ («Աստոն Վիլա»), Բեն Գոֆրի («Էվերտոն»), Բեն Ուայթ («Բրայթոն»):

Կիսապաշտպաններ․ Ջուդ Բերինգեմ, Ջեյդոն Սանչո (երկուսն էլ՝ «Բորուսիա Դ.»), Ջորդան Հենդերսոն («Լիվերպուլ»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Ջեկ Գրիլիշ («Աստոն Վիլա»), Մեյսոն Մաունթ («Չելսի»), Կելվին Ֆիլիպս («Լիդս»), Դեկլան Ռայս («Վեստ Հեմ»), Բակայո Սակա («Արսենալ»):

Հարձակվողներ. Դոմինիկ Կալվերտ-Լյուին («Էվերտոն»), Հարի Քեյն («Տոտենհեմ»), Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»):

Չեմպիոնության գործակիցը՝ 5.00

Սովորաբար, մեծ մրցաշարերից առաջ Անգլիայի հավաքականի երկրպագուները նշում են, որ իրենց ժամանակը եկել է, սակայն ամեն անգամ նրանց սպասում է հիասթափության հերթական ալիքը: Ներկայիս հզոր կազմի շնորհիվ անգլիացիները այս անգամ ևս մրցաշարի գլխավոր ֆավորիտների թվում են, D խումբն էլ ամենաուժեղը չէ: Աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիան արդեն առաջվանը չէ, իսկ Չեխիան ու Շոտլանդիան այն մրցակիցները չեն, որոնցից պետք է վախենալ:

1966թ. աշխարհի չեմպիոնը երբեք չի հաղթել Եվրոպայի առաջնությունում, որտեղ 2 անգամ գրավել է երրորդ տեղը (1968, 1996թթ.):

3 տարի առաջ Ռուսաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում անգլիացիները հասան մինչև կիսաեզրափակիչ, սակայն նրանց ճանապարհին ամենաուժեղ մրցակիցները չէին: ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչում էլ Անգլիայի հավաքականը պարտվեց խորվաթներին, որոնց հետ կխաղա Եվրո-2020-ի խմբային փուլում:

Խմբային փուլի բոլոր՝ 3 հանդիպումներն անգլիացիները կանցկացնեն Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, իսկ խմբում առաջին տեղ գրավելու դեպքում ևս 1/8 եզրափակիչի հանդիպումը կանցկացնեն տանը:

Հավանական մեկնարկային կազմ. Պիկֆորդ, Ուոկեր, Մագուայր, Սթոունս, Տրիպյեր, Ռայս, Ֆիլիպս, Մաունթ, Սթերլինգ, Ռեշֆորդ, Քեյն:

Նայելով անգլիացիների ուժեղ կազմին ու պահեստայինների երկար նստարանին՝ հասկանալի է դառնում, որ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելը բարդ խնդիր չի լինելու Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի համար: Ժամանակն է, որ անգլիացիները վերջապես «աղմկեն» մեծ մրցաշարերում:

Խորվաթիա

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 14-րդ տեղ

Գլխավոր մարզիչ՝ Զլատկո Դալիչ

Հայտացուցակ

Դարպասապահներ․ Լովրե Կալինիչ («Թուլուզ»), Դոմինիկ Լիվակովիչ («Դինամո Զագրեբ»), Սիմոն Սլուգա («Լուտոն Թաուն»)։

Պաշտպաններ․ Դոմագոյ Վիդա («Բեշիկթաշ»), Դեյան Լովրեն («Զենիթ»), Շիմե Վրսալկո («Աթլետիկո»), Բորնա Բարիշիչ («Գլազգո Ռեյնջերս»), Դուժե Չալետա-Ցար («Մարսել»), Յոսիպ Յուրանովիչ («Լեգիա»), Դոմագոյ Բրադարիչ («Լիլ»), Միլե Շկորիչ («Օսիեկ»), Յոշկո Գվարդիոլ («Դինամո Զագրեբ»)։

Կիսապաշտպաններ․ Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Մատեո Կովաչիչ («Չելսի»), Մարսելո Բրոզովիչ («Ինտեր»), Միլան Բադել («Ջենոա»), Մարիո Պաշալիչ («Ատալանտա»), Նիկոլա Վլաշիչ (ԲԿՄԱ), Լուկա Իվանուշեց («Դինամո Զագրեբ»), Իվան Պերիշիչ («Ինտեր»), Անտե Ռեբիչ («Միլան»), Յոսիպ Բրեկալո («Վոլֆսբուրգ»), Միսլավ Օրշիչ («Դինամո Զագրեբ»):

Հարձակվողներ․ Անդրեյ Կրամարիչ («Հոֆենհայմ»), Բրունո Պետկովիչ («Դինամո Զագրեբ»), Անտե Բուդիմիր («Մալյորկա»)։

Չեմպիոնության գործակիցը՝ 26.00

Խորվաթիայի հավաքականը հազվադեպ է ֆավորիտի կարգավիճակ ունենում որևէ մրցաշարում, բայց 3 տարի առաջ աշխարհի առաջնությունում Զլատկո Դալիչի գլխավորած թիմը մատուցեց գլխավոր սենսացիան՝ հասնելով եզրափակիչ: Պատմության մեռ աջատին անգամ աշխարհի փոխչեմպիոն դառնալուց հետո խորվաթների խաղը զգալիորեն անկում է ապրել: Դա ապացուցում են նաև խորվաթների վերջին ելույթները: Հունիսի 1-ին Խորվաթիայի հավաքականը տանը 1:1 հաշվով ավարտեց Հայաստանի հավաքականի դեմ ընկերական հանդիպումը, իսկ դրանից օրեր անց պարտվեց բելգիացիներին (0:1): ԱԱ-2018-ից հետո Խորվաթիայի հավաքականի մի քանի փորձառու խաղացողներ հեռացան ազգային թիմից (օրինակ՝ Ռակիտիչն ու Մանջուկիչը), իսկ երիտասարդները դեռ չեն կարողանում արդարացնել սպասելիքները:

Հավանական մեկնարկային կազմ. Լիվակովիչ, Վրսալկո, Վիդա, Չալետա-Ցար, Բարիշիչ, Մոդրիչ, Բրոզովիչ, Կովաչիչ, Օրսիչ, Պերիշիչ, Կրամարիչ:

Աշխարհի գործող փոխչեմպիոնն ունի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու իրական շանսեր, սակայն առանց թիմի խաղն ու գոլային պահերի իրացումը բարելավելու դա կլինի շատ դժվար:

Չեխիա

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 40-րդ տեղ

Գլխավոր մարզիչ՝ Յարոսլավ Շիլգավի

Հայտացուցակ

Դարպասապահներ. Ալեշ Մանդոուս («Սիգմա»), Իրժի Պավլենկա («Վերդեր»), Թոմաշ Վացլիկ («Սեւիլիա»)։

Պաշտպաններ. Յան Բորժիլ («Սլավիա»), Յակուբ Բրաբեց («Վիկտորիա»), Վլադիմիր Ցոուֆալ («Վեստ Հեմ»), Օնդրժեյ Չելուստկա («Սպարտա»), Պավել Կադերժաբեկ («Հոֆենհայմ»), Թոմաշ Կալաս («Բրիստոլ»), Ալեշ Մատեյու («Բրեշիա»), Դավիդ Զիմա («Սլավիա»)։

Կիսապաշտպաններ. Անտոնին Բարակ («Վերոնա»), Վլադիմիր Դարիդա («Հերտա»), Ադամ Գլոժեկ («Սպարտա»), Թոմաշ Գոլեշ («սլավիա»), Յակուբ Յանկտո («Սամպդորիա»), Ալեքս Կրալ («Սպարտակ»), Լուկաշ Մասոպուստ («Սլավիա»), Յակուբ Պեշեկ («Սլովան»), Թոմաշ Սոուչեկ («Վեստ Հեմ»), Պետր Շեւչիկ («Սլավիա»)։

Հարձակվողներ. Միխայել Կրմենչիկ (ՊԱՕԿ), Թոմաշ Պեկգարտ («Լեգիա»), Պատրիկ Շիկ («Բայեր»), Մատեյ Վիդրա («Բարնլի»)։

Չեմպիոնության գործակիցը՝ 151.00

Չեխիայի հավաքականը հետաքրքիր վիճակագրություն ունի մեծ մրցաշարերում: Չեխերը միայն մեկ անգամ են մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին, իսկ Եվրոները երբեք բաց չեն թողել: Եվրո-1996-ում նրանք հասել են մինչև եզրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում պարտություն են կրել Գերմանիայի հավաքականից:

Սակայն այս թիմին դժվար է համեմատել Եվրո-1996-ի լեգենդար հավաքականի հետ: Վերջին շրջանում Չեխիայի հավաքականը համակերպվել է եվրոպական ֆուտբոլի միջակ հավաքականի կարգավիճակի հետ, իսկ նրանց ֆուտբոլային դպրոցը վաղուց չի փայլում: Շատերի կարծիքով, չեխերը Եվրո-2020-ի ուղեգիր են նվաճել հենց հաջող վիճակահանության արդյունքում:

Հավանական մեկնարկային կազմ. Վացլիկ, Ցոուֆալ, Չելյուստիկա, Բրաբեց, Բորիլ, Սոուչեկ, Կրալ, Խլոժեկ, Յանկտո, Բարակ, Շիկ:

Չեխիայի հավաքականը կարողանում է խաղալ փակ ֆուտբոլ ու ամուր պաշտպանվել, ինչի շնորհիվ կարող է դժվարություններ առաջացնել այս խմբի թիմերի համար: Չնայած ոչ աստղային կազմին՝ Եվրո-2020-ում չեխերի խաղին հետևելը կլինի հետաքրքիր, իսկ խմբային փուլի արգելքը հաղթահարելը՝ իրատեսական:

Շոտլանդիա

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 44-րդ տեղ

Գլխավոր մարզիչ՝ Սթիվ Կլարկ

Հայտացուցակ

Դարպասապահներ. Կրեյգ Գորդոն («Հարթս»), Դևիդ Մարշալ («Դերբի»), Ջոն Մաքլաֆին («Ռեյնջերս»):

Պաշտպաններ. Լիամ Կուպեր («Լիդս»), Դեկլան Գալահեր, Ստեֆան Օ՛Դոնել («Մազերվել»), Գրանտ Հանլի («Նորվիչ»), Ջեկ Հենդրի, Գրեգ Թեյլոր (երկուսն էլ՝ «Սելթիկ»), Սքոթ Մաքքենա («Նոթինգեմ Ֆորեստ»), Նեյտան Պետերսոն («Ռեյնջերս»), Էնդի Ռոբերտսոն («Լիվերպուլ»), Կիրան Տիրնի («Արսենալ»):

Կիսապաշտպաններ. Ստյուարտ Արմստրոնգ («Սաութհեմփթոն»), Ռայան Կրիսի, Ջեյմս Ֆորեստ, Կալում Մաքգրեգոր, Դևիդ Տերնբուլ (բոլորը՝ «Սելթիկ»), Ջոն Ֆլեկ («Շեֆիլդ Յունայթեդ»), Ռայան Ֆրեյզեր («Նյուքասլ»), Բիլի Գիլմուր («Չելսի»), Ջոն Մաքգին («Աստոն Վիլա»), Սքոթ Մաքթոմինայ («Մանչեսթեր Յունայթեդ»):

Հարձակվողներ. Չե Ադամս («Սաութհեմփթոն»), Լինդոն Դայկս (ՔՊՌ), Կևին Նիսբետ («Հիբերնիան»):

Չեմպիոնության գործակիցը՝ 151.00

Խորհրդանշական է, որ Անգլիայի հավաքականի հետ նույն խմբում է ընդգրկվել նրա դարավոր ֆուտբոլային թշնամին՝ Շոտլանդիան: Երկրպագուները նույնիսկ կատակում են, որ Շոտլանդիայի հավաքականի համար այս մրցաշարում գլխավոր խնդիրը լինելու է ոչ թե խմբից դուրս գալը, այլ՝ իրենց հարևաններին հաղթելը: 23 տարվա մեջ առաջին անգամ շոտլանդացիները նվաճել են մեծ մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր՝ նորաստեղծ Ազգերի լիգայի B դիվիզիոնում հաղթելու շնորհիվ: Ֆուտբոլը Շոտլանդիայում շարունակում է զարգանալ:

2019 թվականից Շոտլանդիայի հավաքականը գլխավորում է Սթիվ Կլարկը, որը եղել է Ժոզե Մոուրինյոյի ու Քենի Դալգլիշի օգնականը: Թիմի կորիզը կազմում են Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստներ:

Հավանական մեկնարկային կազմ. Մարշալ, Հանլի, Հենդրի, Տիրնի, Օ՛Դոնել, Մաքգին, Մաքտոմինեյ, Արմստրոնգ, Ռոբերտսոն, Ադամս, Ֆրեյզեր:

Շոտլանդիայի հավաքականի հաջողությանը հավատում են քչեր, սակայն չի բացառվում, որ հենց բրիտանական թիմը կդառնա մրցաշարի գլխավոր հայտնություններից մեկը: Խմբային փուլի արգելքը հաղթահարելն ամենևին էլ անլուծելի խնդիր չէ այս թիմի համար:

Կարդացեք նաև՝ 

Եվրո-2020. A խումբը՝ ընդգծված ֆավորիտով ու բարդ մրցակիցներով  

Եվրո-2020. B խումբը՝ մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկով ու նորեկով

Եվրո-2020. Ամենահամեստ C խումբը՝ Հոլանդիայով ու Հայաստանի ծանոթ մրցակցով

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով