17:44  ,  8 հունիսի, 2021

Եվրո-2020. A խումբը՝ ընդգծված ֆավորիտով ու բարդ մրցակիցներով (ֆոտո)

Կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգված ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնությունն առանձնահատուկ է պատմության մեջ։ Առաջին անգամ մրցաշարը կանցկացվի 11 երկրների 11 քաղաքներում, իսկ հին աշխարհամասի ուժեղագույն հավաքականի կոչման համար կպայքարեն 24 թիմեր:

NEWS.am Sport-ը ներկայացնում է Եվրո-2020-ի 6 խմբերը։ Առաջինն А խումբն է, որտեղ ընդգրկված են Իտալիայի, Շվեյցարիայի, Ուելսի և Թուրքիայի հավաքականները։  

Իտալիա

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 7-րդ տեղ

Գլխավոր մարզիչ՝ Ռոբերտո Մանչինի

Հայտացուցակ

Դարպասապահներ․ Ջանլուիջի Դոնարումա («Միլան»), Սալվատորե Սիրիգու («Տորինո»), Ալեքս Մերետ («Նապոլի»)։

Պաշտպաններ․ Լեոնարդո Բոնուչի, Ջորջո Կիելինի (երկուսն էլ՝ «Յուվենտուս»), Ֆրանչեսկո Աչերբի («Լացիո»), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Ջովանի Դի Լորենցո («Նապոլի»), Էմերսոն («Չելսի»), Ալեսանդրո Ֆլորենցի (ՊՍԺ), Ջանլուկա Մանչինի, Լեոնարդո Սպինացոլա (երկուսն էլ՝ «Ռոմա»), Ռաֆայել Տոլոի («Ատալանտա»)։

Կիսապաշտպաններ․ Նիկոլո Բարելա («Ինտեր»), Բրայան Կրիստանտե, Լորենցո Պելեգրինի (երկուսն էլ՝ «Ռոմա»), Մանուել Լոկատելի («Սասուոլո»), Մատեո Պեսինա («Ատալանտա»), Մարկո Վերատի (ՊՍԺ), Ժորժինյո («Չելսի»)։

Հարձակվողներ․ Ֆեդերիկո Բեռնարդեսկի, Ֆեդերիկո Կիեզա (երկուսն էլ՝ «Յուվենտուս»), Անդրեա Բելոտի («Տորինո»), Չիրո Իմոբիլե («Լացիո»), Լորենցո Ինսինիե, Մատեո Պոլիտանո (երկուսն էլ «Նապոլի»), Դոմենիկո Բեռարդի («Սասուոլո»)։

Չեմպիոնության գործակիցը՝ 10.00

Իտալիայի հավաքականը 21-րդ դարում իր գլխավոր ձախողումներից մեկը գրանցեց վերջերս՝ չկարողանալով նվաճել Ռուսաստանում անցկացված 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Դրանից հետո ազգային թիմը գլխավորեց Ռոբերտո Մանչինին, որի գլխավորությամբ իտալացիները տպավորիչ ֆուտբոլ են ցուցադրում։

Սկսած 2018թ. հոկտեմբերից՝ Իտալիայի հավաքականի անպարտելի շարքը հասել է 25 խաղի։ Բացի այդ, իտալացիներն առաջին անգամ Եվրոպայի առաջնության ընտրական փուլն ավարտեցին 100 տոկոսանոց ցուցանիշով՝ 10 խաղ, 10 հաղթանակ։

Իտալիայի հավաքականը, միանշանակ, А խմբի ֆավորիտն է։ Շատ մասնագետներ Ռոբերտո Մանչինիի թիմին համարում են նաև չեմպիոնության գլխավոր հավակնորդներից մեկը։ Աշխարհի քառակի չեմպիոնը Եվրոպայի առաջնությունում հաղթել է միայն մեկ անգամ՝ 1968 թվականին։

Հավանական մեկնարկային կազմը. Դոնարումա, Ֆլորենցի, Բոնուչի, Բաստոնի, Սպինացոլա, Բարելա, Ժորժինյո, Պելեգրինի, Ինսինյե, Կյեզա, Իմոբիլե։

Շվեյցարիա

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 13-րդ տեղ

Գլխավոր մարզիչ. Վլադիմիր Պետկովիչ

Հայտացուցակ

ԴարպասապահներԻվոն Մվոգո (ՊՍՎ), Յոնաս Օմլին («Մոնպելյե»), Յան Զոմեր («Բորուսիա Մ.»)։

Պաշտպաններ. Մանուել Ականջի («Բորուսիա Դ.»), Լորիս Բենիտո («Բորդո»), Երայ Կյումարտ, Սիլվան Վիդմեր (երկուսն էլ՝ «Բազել»), Նիկո Էլվեդի («Բորուսիա Մ.»), Ջորդան Լոտոմբա («Նիցա»), Կևին Մբաբու («Վոլֆսբուրգ»), Բերիչ Օմերագիչ («Ցյուրիխ»), Ռիկարդո Ռոդրիգես («Տորինո»), Ֆաբիան Շեր («Նյուքասլ»)։

Կիսապաշտպաններ. Կրիստիան Ֆասնահտ («Յանգ Բոյզ»), Էդմիլսոն Ֆերնանդես («Մայնց»), Ռեմու Ֆրոյլեր («Ատլանտա»), Շերդան Շաքիրի («Լիվերպուլ»), Ջիբրիլ Սոու, Ստեֆան Ցուբեր (երկուսն էլ՝ «Այնտրախտ»), Ռուբեն Վարգաս («Աուգսբուրգ»), Գրանիտ Ջակա («Արսենալ»), Դենիս Զակարիա («Բորուսիա Մ.»)։

Հարձակվողներ. Բրիլ Էմբոլո («Բորուսիա Մ.»), Մարիո Գավրանովիչ («Դինամո Զագրեբ»), Ադմիր Մեհմեդի («Վոլֆսբուրգ»), Հարիս Սեֆերովիչ («Բենֆիկա»)։

Չեմպիոնության գործակիցը՝ 81.00

2014 թվականից բոսնիացի մասնագետ Վլադիմիր Պետկովիչի գլխավորությամբ հանդես եկող Շվեյցարիայի հավաքականը վերջին 7 տարում զգալիորեն լավացրել է իր արդյունքները և ծանր մրցակից դարձել ցանկացած հավաքականի համար։ 2 տարի առաջ Շվեյցարիայի հավաքականը հասավ իր պատմության լավագույն արդյունքներից մեկին՝ դուրս գալով Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ։ Շվեյցարիայի հավաքականի առանցքային խաղացողները հանդես են գալիս եվրոպական առաջատար ակումբներում։

Հավանական մեկնարկային կազմը. Զոմեր, Մբաբու, Էլվեդի, Ականջի, Ռոդրիգես, Ցուբեր, Ֆրոյլեր, Ջակա, Շաքիրի, Սեֆերովիչ, Էմբոլո։

Եթե Իտալիայի հավաքականը խմբի բացահայտ ֆավորիտն է, ապա շվեյցարացիները վստահորեն ի զորու են պայքարել խմբում երկրորդ տեղի ու նաև երրորդ տեղով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու համար։

Թուրքիա

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 29-րդ տեղ

Գլխավոր մարզիչ՝ Շենոլ Գյունեշ

Հայտացուցակ

Դարպասապահներ. Ալտար Բայինդիր («Ֆեներբահչե»), Ուգյուրչան Չակիր («Տրաբզոնսպոր»), Մերտ Գյունոկ («Բաշակշեհիր»)։

Պաշտպաններ. Կաան Այհան, Մերտ Մյուլդյուր (երկուսն էլ՝ «Սասուոլո»), Զեկի Չելիկ («Լիլ»), Մերիհ Դեմիրալ («Յուվենտուս»), Օզան Կաբակ («Լիվերպուլ»), Ումուտ Մերաշ («Հավր»), Չագլար Սեյունջյու («Լեսթեր»), Ռիդվան Յիլմազ («Բեշիկթաշ»)։

Կիսապաշտպաններ. Տայլան Անտալյալի («Գալաթասարայ»), Հական Չալհանօղլու («Միլան»), Հալիլ Դերվիշօղլու («Բրենտֆորդ»), Իրֆան Կահվեչի, Օզան Տուֆան (երկուսն էլ՝ «Ֆեներբահչե»), Օրկուն Կյոկչու («Ֆեյենորդ»), Աբդուլկադիր Օմյուր («Տրաբզոնսպոր»), Դորուհան Տոկեզ («Բեշիկթաշ»), Օկայ Յոկուշու («Վեստ Բրոմվիչ»)։

Հարձակվողներ. Կերեմ Ակտյուրկօղլու («Գալաթասարայ»), Կենան Կարաման («Դյուսելդորֆ»), Էնես Յունալ («Խետաֆե»), Չենգիզ Ունդեր («Լեսթեր»), Յուսուֆ Յազիչի, Բուրակ Յիլմազ (երկուսն էլ՝ «Լիլ»)։

Չեմպիոնության գործակիցը՝ 101.00

Թուրքիայի հավաքականը 21-րդ դարում մեծ մրցաշարերում «աղմկել» է 2 անգամ՝ ԱԱ-2002-ում ու Եվրո-2008-ում։ 2008 թվականից հետո Թուրքիայի հավաքականը միայն մեկ անգամ է հանդես եկել մեծ մրցաշարում։ Եվրո-2016-ում թուրքերը պայքարն ավարտեցին խմբային փուլում։

2019-ի մարտին Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնին վերադարձավ Շենոլ Գյունեշը, որի գլխավորությամբ թիմը բրոնզե մեդալակիր էր դարձել ԱԱ-2002-ում։ Թուրք մասնագետի գլխավորությամբ ազգային թիմի առաջընթացը երկար սպասել չտվեց։ Գյունեշի թիմը նույնիսկ տնային հաղթանակ տարավ Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ, իսկ հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոնի հետ։ Թիմում կան ինչպես հեռանկարային երիտասարդ խաղացողներ, այնպես էլ փորձառու առաջատարներ։ Թուրքիայի հավաքականի առաջատարներից է 35-ամյա հարձակվող Բուրակ Յիլմազը, որն այս մրցաշրջանում հրաշալի խաղ ցուցադրել Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը նվաճած «Լիլի» կազմում։

Հավանական մեկնարկային կազմ. Չակիր, Չելիկ, Դեմիրալ, Սեյունջյու, Մերաշ, Յոկուսլու, Կարաման, Տուֆան, Յազիչի, Չալհանօղլու, Յիլմազ։

Շատ մասնագետների կարծիքով, Թուրքիայի հավաքականն ունի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու բոլոր շանսերը։

Ուելս

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 17-րդ տեղ

Գլխավոր մարզիչ՝ Ռոբերտ Պեյջ

Հայտացուցակը

Դարպասապահներ. Ուեյն Հենեսի («Քրիսթալ Փելաս»), Դենիել Ուորդ («Լեսթեր Սիթի»), Ադամ Դեւիս («Սթոք Սիթի»)։

Պաշտպաններ. Բեն Դևիս («Տոտենհեմ»), Ջո Ռոդոն («Տոտենհեմ»), Քրիս Մեֆեմ («Բորնմուտ»), Քրիս Գանտեր («Չարլթոն), Ռիս Նորինգտոն-Դեւիս («Շեֆիլդ Յունայթեդ»), Թոմ Լոկիեր («Լուտոն»), Նեկո Ուիլյամս («Լիվերպուլ»), Իտան Ամպադու («Չելսի»), Բեն Կամանգո («Սուոնսի»), Քոնոր Ռոբերտս («Սուոնսի»)։

Կիսապաշտպաններ. Աարոն Ռեմսի («Յուվենտուս»), Ջո Ալեն («Սթոք Սիթի»), Ջոնաթան Ուիլյամս («Կարդիֆ Սիթի»), Հարի Ուիլսոն («Լիվերպուլ»), Դևիդ Բրուքս («Բորնմուտ»), Ջո Մորել («Լուտոն»), Մեթյու Սմիթ («Մանչեսթեր Սիթի»), Դիլան Լևիտ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջորջ Թոմաս («Քուինզ Պարկ Ռեյնջերս»), Ռուբին Քոլվիլ («Կարդիֆ Սիթի»), Դենիել Ջեյմս («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Հարձակվողներ. Գարեթ Բեյլ («Ռեալ»), Կիֆեր Մուր («Կարդիֆ Սիթի»), Թայլեր Ռոբերտս («Լիդս»)։

Չեմպիոնության գործակիցը՝ 251.00

Եվրո-2020-ից առաջ Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը ժամանակավորապես հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստին ապրիլի 23-ին մեղադրանք էր առաջադրվել ընտանեկան բռնության ու 2 կանանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Գիգզին փոխարինեց Ռոբերտ Պեյջը, որը մինչև այդ զբաղեցնում էր նրա օգնականի պաշտոնը։

Ուելսի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում նորամուտը նշել է 5 տարի առաջ՝ մատուցելով Եվրո-2016-ի գլխավոր սենսացիաներից մեկը։ Եվրոյի նորեկի՝ կիսաեզրափակիչ հասնելն անակնկալ էր բոլորի համար։ Դրանից հետո Ուելսի հավաքականում 3 անգամ փոխվել է գլխավոր մարզիչը, իսկ ԱԱ-2018-ի ուղեգիր նվաճել չհաջողվեց։  

Հավանական մեկնարկային կազմ. Ուորդ, Գանտեր, Ռոդոն, Միֆան, Ուիլյամս, Ռոբերտս, Ալեն, Ռեմզի, Ուիլսոն, Ջեյմս, Բեյլ։

Եվրո-2020-ում Ուելսի հավաքականի հեռանկարներն այնքան էլ մեծ չեն։ Այս թիմը զգալիորեն տարբերվում է 5 տարի առաջ Եվրոպայի առաջնությունում հրաշալի տպավորություն թողած հավաքականից։ Խմբային փուլի արգելքը հաղթահարելը վատ արդյունք չի համարվի բրիտանական թիմի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով