19:14  ,  30 մարտի, 2021

Տիգրան Բարսեղյան․ Մեր մտածելակերպն է փոխվել

Հայաստանի հավաքականի եւ Ղազախստանի «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը հեռավար ասուլիսում խոսել է Ռումինիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրի հանդիպման մասին։

«Մեր մտածելակերպն է փոխվել։ Նոր մարզիչի հետ նոր մտքեր են եկել։ Դրանք սկսում ենք իրագործել եւ ավելի շատ հավատալ մեր ուժերին։

Մարտավարական դասավարության հարցում տարբերություն չեմ տեսնում, եթե բոլորը կատարում են իրենց առջեւ դրված պարտականությունները։ Ես պետք է հասցնեմ օգնել պաշտպաններին եւ հարձակվողներին։

Ռումինիայի հավաքականին նախկինում չենք հաղթել, բայց Իսլանդիայի թիմին էլ չէինք հաղթել»,- ասել է Տիգրան Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը իսլանդացիներին հաղթել է 2։0 հաշվով, Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլի հեղինակ։

Հայաստան - Ռումինիա հանդիպումը տեղի կունենա մարտի 31-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։

ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում