18:48  ,  27 մարտի, 2021

Կապառոս․ Դժվար խաղ է սպասվում, բայց մեծ սպասելիքներով ենք մոտեցել այս հանդիպմանը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Իսլանդիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի հանդիպման նախօրեին տեղի ունեցած հեռավար ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին:

«Ես արդեն 40 տարի զբաղվում եմ մարզչական գործունեությամբ։ Ոչ մի խաղ նման չէ այլ խաղի, բայց եղել են դեպքեր, որ իմ թիմերի դարպասին հարված չի եղել, ինչպես Լիխտենշտեյնի դեպքում։

Մենք խաղալու ենք շատ ուժեղ հավաքականի դեմ, շեշտը դնելու ենք հավասարակշռված խաղի վրա։ Իսլանդիայի թիմը ֆիզիկապես շատ լավ պատրաստված է եւ կտարբերվի նախորդ հանդիպումից։

Էդուարդ Սպերցյանը շատ լավ է զգում մեր կոլեկտիվում։ Կան ֆուտբոլիստներ, որոնք նրան արդեն ճանաչում էին, բայց նա դեռ ոչ մի մարզում չի անցկացրել հավաքականում եւ շտապել պետք չէ։ Դա կարող է բացասական արդյունք ունենալ։

Մեզ պետք էր դաշտի կենտրոնում ավելի հավասարակշռված խաղ Լիխտենշտեյնի դեմ, եւ Ուդոն դրա համար ավելի հարմար էր, քան Արտակ Գրիգորյանը։

Հովհաննես Համբարձումյանը շատ լավ աշխատանք կատարեց առաջին խաղում թիմակիցների նման։ Այդ խաղն արդեն անցյալում է։ Առաջիկա խաղի համար մեզ թարմ ֆուտբոլիստներ են պետք, քանի որ շատ մեծ աշխատանք պետք է կատարեն խաղադաշտում։

Կան ֆուտբոլիստներ, որոնք անցած խաղում տրիբունայում էին, իսկ այս խաղում կլինեն հայտացուցակում։

Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներն արդեն երկար ժամանակ միասին աշխատում են, ունեն մեծ փորձ, ֆիզիկապես շատ լավ պատրաստված են։ Այդ պատճառով էլ կարելի է ասել, որ դժվար խաղ է սպասվում, բայց մենք մեծ սպասելիքներով եւ խանդավառությամբ ենք մոտեցել այս հանդիպմանը։

Ֆուտբոլն առանց երկրպագուների հոգի չունի, ֆուտբոլը կիրք է։ Ֆուտբոլը երկրպագուների կարիք շատ ունի։ Նրանք հաղորդում են կիրք։ Մենք շատ ուրախ ենք, որ երկրպագուները ներկա կլինեն»,- նշեց Կապառոսը։

Հայաստան - Իսլանդիա հանդիպումը տեղի կունենա մարտի 28-ին եւ կմեկնարկի 20։00-ին։

ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրում Կապառոսի գլխավորած թիմը 1։0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ, իսկ իսլանդացիները հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվել էին Գերմանիայի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում