13:39  ,  26 սեպտեմբերի, 2012

Armenian Extreme Club. Հայ լեռնագնացները մեկնում են Հիմալայներ

«Ճիշտ է, Հիմալայները հայտնի են աշխարհրի ամենաբարձր լեռով, բայց դա չի նշանակում, որ մենք հնարավորություն չունենք դրա կեսի չափով նմանատիպ բան Հայաստանում կազմակերպել եւ զբոսաշրջությունը զարգացնել: Մեզ պետք է ուղղակի սկսել»:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Armenian Extreme Club-ի նախագահ, լեռնագնաց Գոռ Հովհաննիսյանը:

Հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 1-ը հայաստանցի երկու լեռնագնացներ, Armenian Extreme Club-ի նախագահ, լեռնագնաց Գոռ Հովհաննիսյանը եւ ակումբի անդամ Զառա Խաչիկյանը  մեկնում են Հիմալայներ` մասնակցելու լեռնային տուրիզմի փառատոնին: Միայն անցյալ տարի այդ փառատոնի մասնակիցների թիվը հասել է 18 հազարի: Հայաստանի թիմը այդ փառատոնին պաշտոնապես առաջին անգամ է մասնակցում:

«Փառատոնը մեկնարկում է հոկտեմբերի 5-ին, մենք մեկնում ենք հոկտեմբերի 1-ին եւ Հիմալայներում կլինենք հոկտեմբերի 5-ին: Բարձրանալու ենք Անապուռնա լեռը, որը 8000 մ բարձրություն ունի: Նախնական բարձրանալու ենք 6500 մետր: Սա մեր ծրագրի մեջ է մտնում: Եթե կարողացանք հաղթահարել 6500 մետրը, կփորձենք 7000 մետրը հաղթահարել: Ապա նաեւ 8000-ը, որն, իհարկե շատ բարդ է: Լեռնագնացությունը կտեւի մեկ ամիս, որի ընթացքում անցնելու ենք 300կմ ճանապարհ, օրական 10-12 կմ»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը:

Ըստ լեռնագնացի, Հայաստանի թիմի չի սահմանափակվի երկու լեռնագնացներով.

«Հիմալայներում մեզ կմիանան եւս երկու հայ, երեք ռուս լեռնագնացներ: Այսինքն` Հայաստանի թիմը բաղկացած կլինի յոթ մարդուց:

Փառատոնի շրջանակում Ա կետից քայլում են Բ կետ, հետո նորից վերադառնալու ենք Ա կետ: Սա շրջան է, որի ընթացքում այցելելու ենք հյուրատներ, հանդիպելու ենք մոտ 18 հազար զբոսաշրջիկների, որոնցից շատերն արդեն փորձված են այս մակարդակով:

 Մեր մասնակցության բուն նպատակն այն է, որ փառատոնի մասնակիցներից ստանանք ինֆորմացիա, թե ինչպես  կազմակերպել այդօրինակ մեծամասշտաբ լեռնագնացություն, որին մասնակցում են 18-20 հազար զբոսաշրջիկներ, ինչպես է կազմվում մասնակիցների ցանկը, ինչպես են ուղարկվում հրավերներ, կենտրոնացնում բոլորին այդ լեռնագնացությանը, շրջելու ենք հյուրատներով եւ տեսնելու ենք, թե ինչ տարբերակով են այդ հյուրատները աշխատում: Իրականում Նեպալը համարվում է աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը, բայց այն հաջողացրել է անցյալ տարի այս  փառատոնի շրջքնակներում հավաքել 18 հազար զբոսաշրջիկների: Կան իսկապես գաղտնիքներ, որոնք մենք պետք է սովորենք` այստեղ` Հայաստանում այդ ամենը կիրառելու համար: Ճիշտ է, Հիմալայները հայտնի են աշխարհի ամենաբարձր լեռով, բայց դա չի նշանակում, որ մենք հնարավորություն չունենք դրա կեսի չափով նմանատիպ բան Հայաստանում կազմակերպել եւ զբոսաշրջությունը զարգացնել: Մեզ պետք է ուղղակի սկսել:

Այդ 30 օրը, որ կանցկացնենք ցրտին` Հիմալայներում, մեզ կօգնի սովորել` ինչպես օգտագործել մեր ունեցած պայմանները: Հիմալայներում այն պայմանները չեն լինելու, որ գնալու ենք հյուրատներում հանգստանալ, տաքուկ տեղերում գիշերել: Իրականում ամեն ինչ շատ բարդ է լինելու, ցուրտ, բուք: Այն շրջապատը, որը մենք ընտրել ենք, օգնելու է մեզ, որպեսզի կարողանանք դժվարության հետ մեկտեղ նաեւ վայելել: Բայց բացի այդ,  մեզ օգուտ կտա հասկանալ լեռնային տուրիզիմի կազմակերպումը»,- նշեց Գոռ Հովհաննիսյանը:

Լեռնագնացության ակումբի անդամ, փառատոնի մասնակից Զառա Խաչիկյանը Հայաստանից դուրս առաջին անգամ է լեռ բարձրանալու: Իր խոսքով, սա առաջին եւ պատասխանատու փորձությունն է, որին մասնակցելու համար նա մեծ համարձակության է դիմել.

«Ես հոգեբանորեն պատրաստվել եմ այս լեռնագնացությանը: Հայաստանի բոլոր լեռները հաղթահարել եմ: Ինքս մասնագիտությամբ ինժեներ եմ, բայց լեռնագնացությունն ինձ գրավել է իր էքստրիմով: Վերջին լեռը որ հաղթահարել եմ, եղել է Խուստուփը, եղել եմ Արագածի երեք գագաթներում` հարավային, արեւմտյան եւ հյուսիսային: Ցանկացած դժվարություն հաղթահարելու համար է: Սիրահարվել եմ լեռնագնացությանը Արագածի հյուսիսային գագաթի շնորհիվ: Այդտեղ եղել եմ անցյալ տարի: Այդ գագաթը հաղթահարելով` հասկացա, որ ցանկություն ունեմ հաղթահարել այլ երկրների բարձր գագաթները»:

Գոռ Հովհաննիսյանի խոսքով որոշ ժամանակ անց լեռնագնացությունը պետական ֆինանսավորում կստանա, քանի որ հաջողություններ այս ոլորտում կգրանցվեն:

«Ես կցանկանայի, որ լեռնագնացությանը Հայաստանում թերահավատորեն չմոտենային: Այն նոր է ծնվել, սկսել է արագ տեմպերով զարգանալ. մյուս երկրներում ուղղակի անհնար է նման զարգացում: Այն մարդիկ, որոնք նույնիսկ չգիտեին` ինչ է ալպինիզմը կամ ուղղակի լսել էին այդ բառը, հիմա ձգտում են ալպինիստ դառնալ: Հայաստանում լեռնագնացությունը արդեն զարգացած ճյուղ է: Արդեն պարբերաբար անցկացվում են ակտիվ լեռնագնացություններ, արշավներ, սովորական էքսկուրսիաներ: Մենք ամեն ինչ ունենք, ուղղակի պետք է սովորենք այդ ամենը տեսնել:

Պետական մակարդակով ալպինիզմը դեռեւս ֆինանսավորում չունի, բայց դրանից չենք ընկճվում, քանի որ դեռեւս ապացուցելու ոչինչ չունենք, արդյունք չունենք: Մի քանի տարի հետո արդեն ֆինանսավորումն էլ կունենանք, քանի որ դրա կարիքը շատ կա. միայն մեկ ալպինիստի հագուստը ավտոմեքենային գին արժե:

Հուսամ, այն ինչ-որ մենք կսովորենք այս լեռնագնացության ընթացքում, մեզ ավելի կօգնի բարձրացնել լեռնագնացության մակարդակը Հայաստանում»,- հավելեց Գոռ Հովհաննիսյանը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Ֆոտո` Սոնա Բարսեղյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում