16:55  ,  17 փետրվարի, 2021

AusOpen. Ցիցիպասը հաղթեց Նադալին և դարձավ կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը

Աշխարհի 6-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը դարձավ Մելբուրնում շարունակվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը:

Քառորդ եզրափակիչում հույն թենիսիստը 5 սեթում կամային հաղթանակ տարավ աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալի նկատմամբ: Առաջին ու երկրորդ սեթերում 34-ամյա իսպանացի թենիսիստը հաղթեց 6:3, 6:2 հաշվով, սակայն հաջորդ սեթերում Ցիցիպասն ավելի ուժեղ գտնվեց՝ 7:6, 6:4, 7:5: Մրցախաղը տևեց 4 ժամ 8 րոպե:

Կարիերայում երկրորդ անգամ Ստեֆանոս Ցիցիպասը «Մեծ սաղավարտի» մրցաշարում հաղթանակի հասավ 0:2 հաշվից հետո:

Կիսաեզրափակիչում 22-ամյա Ցիցիպասի մրցակիցը կլինի ռուս Դանիիլ Մեդվեդևը, որը պայքարից դուրս թողեց իր հայրենակից Անդրեյ Ռուբլյովին՝ 7:5, 6:3, 6:2:

Հիշեցնենք, որ եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը և առաջին անգամ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս եկած ռուս Ասլան Կարացևը: Ջոկովիչն Australian Open-ի գործող հաղթողն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English