18:30  ,  12 փետրվարի, 2021

Ռոբերտ Արզումանյան. Ձմեռային նախապատրաստական փուլի համար արտակարգ պայմաններ են

Այն, որ Երևանի «Ուրարտուն» մեծ կարևորություն է տալիս մանկապատանեկան ֆուտբոլի առաջընթացին ու ակումբի ակադեմիայի զարգացմանը, գաղտնիք չէ ոչ ոքի համար: Սակայն օրեր առաջ երևանյան ակումբը դարձյալ «զարմացրեց» բոլորին:

Նախապատրաստական շրջանի երկրորդ հատվածը «Ուրարտու-2»-ը Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ անցկացնում է Արաբական Միացյալ Էմիրություններում: Դա, իհարկե, երիտասարդ խաղացողներին մեծ ուշադրություն դարձնելու նոր իրականություն է հայկական ֆուտբոլի համար:

«Ուրարտուն» բարձրակարգ մարզիչով, մի շարք լեգեոնականներով համալրված ամբիցիոզ գլխավոր թիմ ունենալուց բացի, ակումբի բյուջեի զգալի մասը ծախսում է ակադեմիայի վրա, որտեղ մարզվում են մոտ 900 պատանի ֆուտբոլիստներ: Նախորդ տարի Հայաստանում առաջին անգամ կիրառվեց նաև մարզումային փոխհատուցման նոր մեխանիզմ, որի կարևորության մասին վաղուց էր բարձրաձայնել «Ուրարտուի» ղեկավարությունը:

«Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող հավաքի մասին:

«Հավաքի համար շատ լավ պայմաններ են: Լավ մարզումներ անցկացնելու բոլոր հնարավորությունները կան: Կան հրաշալի խաղադաշտեր, ամեն բան շատ լավ է կազմակերպված: Հավաքն ընթացքի մեջ է: Արդեն անցկացրել ենք մեկ հանդիպում, կխաղանք ևս 2 թիմերի դեմ: Առաջին խաղի մրցակիցը լավ մարզիչներով շատ բարձրակարգ թիմ էր: Հաջորդ 2 խաղերում մրցակիցները կլինեն տեղի թիմեր, որոնք ևս ուժեղ են: Պատրաստվում ենք առաջնության երկրորդ հատվածին: Ձմեռային նախապատրաստական փուլի համար արտակարգ պայմաններ են»,- զրույցում նշեց Ռոբերտ Արզումանյանը:

Հիշեցնենք, որ ԱՄԷ-ում ընթացող հավաքի առաջին ստուգողական խաղում «Ուրարտու-2»-ը մրցել է իսպանական Լա Լիգայի ակադեմիաի թիմի հետ և պարտվել 1:3 հաշվով: Հայաստանի Առաջին խմբի առաջնության գարնանային հատվածից հետո Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը 12 խաղից հետո 23 միավորով չորրորդ տեղում է և լավագույն արդյունքն ունի Պրեմիեր լիգայի դուստր թիմերի մեջ:

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով