18:30 12 փետրվարի, 2021Այն, որ Երևանի «Ուրարտուն» մեծ կարևորություն է տալիս մանկապատանեկան ֆուտբոլի առաջընթացին ու ակումբի ակադեմիայի զարգացմանը, գաղտնիք չէ ոչ ոքի համար: Սակայն օրեր առաջ երևանյան ակումբը դարձյալ «զարմացրեց» բոլորին:
Նախապատրաստական շրջանի երկրորդ հատվածը «Ուրարտու-2»-ը Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ անցկացնում է Արաբական Միացյալ Էմիրություններում: Դա, իհարկե, երիտասարդ խաղացողներին մեծ ուշադրություն դարձնելու նոր իրականություն է հայկական ֆուտբոլի համար:
«Ուրարտուն» բարձրակարգ մարզիչով, մի շարք լեգեոնականներով համալրված ամբիցիոզ գլխավոր թիմ ունենալուց բացի, ակումբի բյուջեի զգալի մասը ծախսում է ակադեմիայի վրա, որտեղ մարզվում են մոտ 900 պատանի ֆուտբոլիստներ: Նախորդ տարի Հայաստանում առաջին անգամ կիրառվեց նաև մարզումային փոխհատուցման նոր մեխանիզմ, որի կարևորության մասին վաղուց էր բարձրաձայնել «Ուրարտուի» ղեկավարությունը:
«Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող հավաքի մասին:
«Հավաքի համար շատ լավ պայմաններ են: Լավ մարզումներ անցկացնելու բոլոր հնարավորությունները կան: Կան հրաշալի խաղադաշտեր, ամեն բան շատ լավ է կազմակերպված: Հավաքն ընթացքի մեջ է: Արդեն անցկացրել ենք մեկ հանդիպում, կխաղանք ևս 2 թիմերի դեմ: Առաջին խաղի մրցակիցը լավ մարզիչներով շատ բարձրակարգ թիմ էր: Հաջորդ 2 խաղերում մրցակիցները կլինեն տեղի թիմեր, որոնք ևս ուժեղ են: Պատրաստվում ենք առաջնության երկրորդ հատվածին: Ձմեռային նախապատրաստական փուլի համար արտակարգ պայմաններ են»,- զրույցում նշեց Ռոբերտ Արզումանյանը:
Հիշեցնենք, որ ԱՄԷ-ում ընթացող հավաքի առաջին ստուգողական խաղում «Ուրարտու-2»-ը մրցել է իսպանական Լա Լիգայի ակադեմիաի թիմի հետ և պարտվել 1:3 հաշվով: Հայաստանի Առաջին խմբի առաջնության գարնանային հատվածից հետո Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը 12 խաղից հետո 23 միավորով չորրորդ տեղում է և լավագույն արդյունքն ունի Պրեմիեր լիգայի դուստր թիմերի մեջ:
Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.