23:03  ,  20 նոյեմբերի, 2020

ԵԱ. Էլիդա Քոչարյանն ու Գայանե Տեր-Բարսեղյանը բավարարվեցին բրոնզե մեդալներով

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մրցումային 6-րդ օրը տեղի ունեցան կանանց մրցապայքարի կիսաեզրափակիչ մենամարտերը։ Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն ու 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը: Երկու բռնցքամարտիկներն էլ պարտվեցին եզրափակիչի ուղեգրի համար պայքարում եւ բավարարվեցին բրոնզե մեդալներով:  

Գայանե Տեր-Բարսեղյանը եզրափակիչի ուղեգրի համար պայքարում պարտվեց Իսպանիան ներկայացնող Կարմեն Օրտեգա Գոնսալեզին: Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ հաղթել էր ուկրաինուհի Յուլյա Պելեսչուկին: 

64 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Էլիդա Քոչարյանը պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ազալյա Ամինեւային: Այս քաշային կարգում հայ մարզուհին մեկնարկել էր քառորդ եզրափակիչից, որտեղ հաղթել էր իսպանուհի Պատրիցիա Ամատին:

Հայաստանի երրորդ ներկայացուցիչ, 51 կգ քաշային Արսինե Ծատուրյանը պարտվել էր մեկնարկային մենամարտում:

Նոյեմբերի 21-ին տեղի կունենան տղամարդկանց կիսաեզրափակիչի մենամարտերը: Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ՝ 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյան, 60 կգ քաշային Արթուր Սահակյան եւ +91 կգ քաշային Հովհաննես Փափազյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում