18:24  ,  13 հոկտեմբերի, 2020

Խորեն Բայրամյան. Մեծ պատիվ է խաղալ ազգային հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի չորրորդ տուրի՝ Էստոնիայի դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

Խորեն Բայրամյանը սկզբում խոսել է առաջին անգամ Հայաստանի հավաքական հրավիրվելու և Հենրիխ Մխիթարյանի կողքին հանդես գալու մասին, այնուհետև նշել, թե որ դիրքում է պատկերացնում իր խաղը թիմում:

«Առաջին օրվանից, ինչ եկել եմ Հայաստանի ազգային հավաքական, զգացել եմ ինչպես երկրպագուների, այնպես էլ բոլոր խաղընկերներիս, ֆեդերացիայի աշխատակիցների, ղեկավարության ջերմ վերաբերմունքն ու աջակցությունը: Շատ մեծ պատիվ է խաղալ ազգային հավաքականում: Այս հավաքի ընթացքում շատ հետաքրքիր ու կարևոր էր խաղալն այնպիսի վարպետի կողքին, ինչպիսին է Հենրիխ Մխիթարյանը:

Ինձ համար լավագույն խաղային դիրքն այն դիրքն է, որտեղից սկսում եմ հանդիպումը: Ինձ համար նշանակություն չունի՝ որ դիրքում կխաղամ: Եթե մարզիչը որոշում է, որ ես ավելի օգտակար կլինեմ թիմին, եթե խաղամ իր որոշած դիրքում, ապա ես պետք է խաղամ այդ դիրքում և ցույց տամ առավելագույն արդյունք»,- ասել է 28-ամյա ֆուտբոլիստը:

Էստոնիա – Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Տալինի «Ա լը Կոք» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով էր ավարտել վրացիների դեմ հանդիպումը: ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ հանդիպումը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն անցկացվեց չեզոք դաշտում՝ Լեհաստանի Տիխի քաղաքում:

Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի հետո Հյուսիսային Մակեդոնիան ու Վրաստանն ունեն 5-ական միավոր, Հայաստանը՝ 4, իսկ էստոնացիները՝ 1:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով