09:06  +04,  8 օգոստոսի, 2020

Վիկ Դարչինյան․ Էդմենի դեմ թուրքական եւ ադրբեջանական դեսպանատների բողոքները խոսում են նրանց խուճապի մասին

Թուրքական եւ ադրբեջանական դեսպանատների կողմից Էդմենի դեմ բողոքները խոսում են նրանց խուճապի մեջ հայտնվելու մասին: Ես հպարտանում է Էդմեն Շահբազյանի՝ Արցախի դրոշով ռինգ դուրս գալու քայլով:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ից ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանն՝ անդրադառնալով Լաս Վեգասում տեղի ունեցած խառը մենամարտերի UFC Fight Night 173 մրցաշարում Էդմեն Շահբազյանի՝ Արցախի դրոշով օկտագոն դուրս գալու հետ կապված թուրքական եւ ադրբեջանական դեսպանատների բողոքներին:

«Էդմեն Շահբազյանը երիտասարդ մարզիկ է, մեծ հեռանկարներ ունեցող: Ես որպես հայ ազգի ներկայացուցիչ հպարտանում եմ նրա այդ քայլով: Նա հայտարարեց աշխարհին, որ մենք բոլորս հպարտանում ենք, որ հայ ենք: Էդմենի մարզիչը՝ Էդմոնդ Թարվերդյանն իր խոսքում չնշեց, որ այս մենամարտը Էդմեն Շահբազյանի գլխավոր մենամարտն էր եւ որ այս մենամարտով Էդմենը մեծ ճանաչում ձեռք բերեց խառը մենամարտերում եւ այս մարզաձեւի սիրահարների շրջանում եւ այդ մեծ հանրության առաջ ցուցադրեց Արցախի դրոշը:

Ինչպես արդեն հայտնի է, մեծ արձագանքների արժանացավ Էդմենի՝ Արցախի դրոշով ռինգ դուրս գալը: Թեկուզ բացասական էին այդ արձագանքները, բողոքներ ադրբեջանական եւ թուրքական դեսպանատների կողմից, բայց այդ բողոքները, վստահաբար, չեն ճնշում մարզիկին, հակառակն՝ ավելի ոգեւորում են:

Ես իմ անունից կասեմ, յուրաքանչյուր մարզիկի շատ ոգեւորում է այն փաստը, որ դու կարող ես ներկայացնել հայ ազգին, ռինգ դուրս գաս քո դրոշով, Արցախի դրոշով: Այն արձագանքները, որ ստացավ Էդմենի քայլը, խոսում է այն մասին, որ խուճապ է առաջացել այդ ազգի մոտ եւ նրանք փորձում են ամեն գնով հակազդել եղածին: Մենք չպետք է ընկճվենք դրանից: Էդմենի քայլը ողջունում եմ: Նա պատվով ներկայացրեց մեր ժողովրդին եւ վստահ, այդպես էլ շարունակելու է առաջ գնալ: Ափսոսում եմ, որ այս կարեւոր մենամարտում մեր տղան պարտվեց, բայց նա դեռ երիտասարդ է, եւ ես հավատում եմ, որ շուտով դառնալու է UFC-ի աշխարհի չեմպիոն. շատ շուտով:

Չենք կարող ասել, որ նա պարտությունից չի ընկճվել: Բայց սպորտում պարտություն եւս պետք է լինի եւ ես վստահ եմ, որ այս պարտությունը դրական կանդրադառնա իր հետագա մենամարտերի եւ, առհասարակ, մարզական կարիերայի վրա: Ինքն ավելի կուժեղանա: Տաքարյուն տղա է եւ, երեւի, ավելի լավ եղավ այսպես ու հետագայում կավելացնի եւ ավելի ուժեղ կվերադառնա ռինգ:

Ավելի լավ է երիտասարդ տարիքում պարտություն կրի, քան ավելի մեծ տարիքում եւ կարեւոր մենամարտում: Ես մենամարտին ներկա չեմ եղել, քանի որ չի թույլատրվում համավարակով պայմանավորված: Մենամարտը դիտել եմ ուղիղ հեռարձակմամբ: Կարեւորն այն է, որ մենք ԱՄՆ-ում ունենք Էդմենի պես մարզիկներ, որոնք հպարտանում են, որ հայ են, դա բարձրաձայնում են ամբողջ աշխարհին եւ ամեն ինչ անում են, որ հասնեն իրենց նպատակին, փառք ու պատիվ բերեն մեր ազգին»,- ասաց Վիկ Դարչինյանը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Էդմեն Շահբազյանի անձնական մարզիչ եւ մենեջեր, ԱՄՆ-ի «Գլոբալ Ֆայթինգ քլաբի» ղեկավար Էդմոնդ Թարվերդյանն էլ ասել էր, որ UFC-ն Էդմեն Շահբազյանին Արցախի դրոշով ռինգ դուրս գալ թույլ տալու համար 20 տարվա աշխատողին ազատել է աշխատանքից, իսկ հայ մարզիկին եւ նրա թիմին ֆինանսական տույժ տվել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ