14:36  +04,  5 օգոստոսի, 2020

Մարտին Բերբերյան․ Թուրքական եւ ադրբեջանական դեսպանատները բողոքել են UFC-ին Էդմեն Շահբազյանի դեմ (ֆոտո)

Լաս Վեգասում տեղի ունեցած խառը մենամարտերի մրցաշարում ամերիկահայ Էդմեն Շահբազյանի՝ օկտագոն Արցախի դրոշով դուրս գալը ադրբեջանական եւ թուրքական դեսպանատների դժգոհություններին է արժանացել: UFC կազմակերպությանը բողոք է ներկայացվել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ից ասաց ազատ ոճի ըմբշամարտի 2004թ. Եվրոպայի չեմպիոն Մարտին Բերբերյանը, որը նաեւ UFC մարտիկ Էդմեն Շահբազյանի ըմբշամարտի մարզիչն է:

Օգոստոսի 2-ին Լաս Վեգասում անցկացվեց խառը մենամարտերի UFC Fight Night 173 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում Էդմեն Շահբազյանը միջին քաշային կարգում մրցեց 36-ամյա ամերիկացի Դերեք Բրանսոնի հետ։ Մենամարտի երրորդ ռաունդում գրանցվեց տեխնիկական նոկաուտ՝ հայ մարզիկի պարտությամբ։

22-ամյա ամերիկահայ մարտիկը օկտագոն դուրս եկավ Արցախի դրոշով, ինչը մենամարտից հետո դժգոհությունների պատճառ է դարձել:

«Արցախի դրոշով դուրս գալուց հետո մեծ խոսակցություններ եղան: Թուրքական եւ ադրբեջանական դեսպանատները բողոքել են UFC կազմակերպությանը Էդմենի այդ քայլի համար: Բայց մեր տղան իր այդ քայլից չի մտափոխվել եւ հպարտ էր, որ հենց Արցախի դրոշով էր մտել ռինգ: Նա պարտվեց, բայց դեռ երիտասարդ է եւ ավելի ուժեղ կվերադառնա»,- ասաց Մարտին Բերբերյանը:

Էդմեն Շահբազյանը առաջին պարտությունն է կրել խառը մենամարտերում, ունի 11 հաղթանակ:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Մարտին Բերբերյանի անձնական արխիվից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ