09:11  ,  4 օգոստոսի, 2020

37-ամյա լավագույն մարզիչը. Ի՞նչ պետք է իմանալ Իգոր Պիկուշչակի մասին (ֆոտո)

Երբ 37-ամյա մասնագետն արտասահմանում ճանաչվում է մրցաշրջանի լավագույն մարզիչ, դա շատ բան է ասում նրա կատարած աշխատանքի մասին: «Նոային» այս տարի Հայաստանի գավաթակիր դարձրած ու փոխչեմպիոնի կոչմանը հասցրած մոլդովացի մասնագետ Իգոր Պիկուշչակի ավանդը չափազանց մեծ էր կարճ պատմություն ունեցող ակումբի հաջողություններում:

Եթե Գյումրիի «Շիրակի» կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը սպասելի էր, ապա լավագույն մարզիչի կոչման համար պայքարն ավելի թեժ էր: Պիկուշչակն առաջ անցավ երկրորդ տարին անընդմեջ «Արարատ-Արմենիայի» հետ Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացած Վարդան Մինասյանից ու վերջին տարիներին մրցաշրջանի լավագույն մարզիչի կոչմանը մշտապես հավակնող Վարդան Բիչախչյանից:

Իգոր Պիկուշչակը մարզչական կարիերա սկսելուց առաջ եղել է ֆուտբոլիստ և հանդես եկել նաև Մոլդովայի ազգային հավաքականում, որի կազմում 2008-2015-ն անցկացրել է 23 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ:

Նախկին հարձակվողը ֆուտբոլիստի կարիերան սկսել է հայրենիքում և «Շերիֆում» ու «Տիրասպոլում» խաղալուց հետո հասցրել է մեկ մրցաշրջան անցկացնել նաև Չինաստանում: Այնուհետև 6 տարի հանդես է եկել Ռուսաստանում՝ խաղալով «Կրասնոդարում» (2009-2012թթ.) ու Պերմի «Ամկարում» (2012-2015թթ.), ինչից հետո վերադարձել է հայրենիք, իսկ 2016-ին ավարտել կարիերան: Ի դեպ, 2011 թվականին Պիկուշչակը խփել է «Կրասնոդարի» պատմության առաջին գոլը Ռուսաստանի Պրեմյեր լիգայում՝ Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում գրավելով ԲԿՄԱ-ի դարպասը:

Իգոր Պիկուշչակը մարզչական կարիերան սկսել է 2017-ին՝ աշխատանքի անցնելով «Կրասնոդարի» համակարգում: Սկզբում նա աշխատել է հարձակվողների հետ, այնուհետև գլխավորել է «Կրասնոդարի» երկրորդ թիմը, որը նրա գլխավորությամբ դարձել է Ռուսաստանի երիտասարդական առաջնության չեմպիոն: «Կրասնոդարի» ակադեմիան լավագույններից մեկն է Ռուսաստանում և այնտեղ մարզչական աշխատանքի երբեք չեն անցնում պատահական մարդիկ:

2 տարի ռուսական ակումբի համակարգում աշխատելուց հետո 2019-ի ամռանը մոլդովացի մասնագետը գլխավորեց «Նոան»: Նրա գալով՝ հայկական ակումբին միացան բազմաթիվ նորեկներ, հավաքվեց նոր թիմ: Սկզբում կար տպավորություն, որ Հայաստանում կազմավորվում է մեծամասամբ լեգեոնականներով համալրված հերթական թիմը, որից սպասելիքները մեծ չէին, սակայն «Նոան» անշտապ ու վստահ քայլերով շարժվում էր առաջ ու դարձավ մրցաշրջանի գլխավոր հայտնությունը:

Մրցաշրջանի առաջին հատվածում թիմը պայքարում էր լավագույն վեցյակում հայտնվելու ու մրցանակային տեղերի համար պայքարը շարունակելու հնարավորություն ստանալու համար, իսկ առաջնության վճռորոշ փուլում Իգոր Պիկուշչակի թիմը դարձավ մրցակիցների ահուսարսափը: Կարծես՝ մրցաշրջանի առաջին հատվածը «Նոան» օգտագործեց ծանոթությունների համար, իսկ երկրորդը՝ գործելու: Պիկուշչակի թիմը հարձակողական ու դիտարժան ֆուտբոլ էր ցուցադրում հատկապես մրցաշրջանի երկրորդ հատվածում: Երևում էր, որ մարզիչը նախկին հարձակվող է: «Նոայի» հաջողություններում մարզչական ձեռագիրն ավելի քան տեսանելի էր:

Հարցազրույցներից մեկում երիտասարդ մասնագետը նշել է, թե ժամանակակից մարզիչներից ով է տպավորում իրեն:

«Ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես է աշխատում Յուրգեն Կլոպը: Հետաքրքիր է, թե ինչպես է նա կառուցում գրոհները: Իհարկե, կնշեմ նաև Գվարդիոլային: Ժամանակին դուր էր գալիս նաև Մոուրինյոն, երբ աշխատում էր «Ինտերում»: Հավանում եմ ավելի ուղղահայաց ֆուտբոլը»,- ասել էր մարզիչը:

Այս մրցաշրջանում «Նոայի» ամենավառ ելույթը եղավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում: 0:3, 1:4, 4:4 ու հաղթանակ հետխաղյա 11 մետրանոցներով. դա մի տեսարան էր, որը հնարավոր չէ պատկերացնել առանց դիտելու: Թվում էր, թե մրցաշրջանի վերջնամասում թիմի մոտ կարող է հոգնածություն նկատվել՝ հաշվի առնելով, որ «Նոան» հաճախ է խաղում նույն կազմով, սակայն դա Պիկուշչակի թիմի մասին չէր: Անհավանական «քամբեք» ու ակումբը նվաճեց իր պատմության առաջին տիտղոսը: Օրեր անց «Արարատ-Արմենիայի» դեմ արդեն չեմպիոնական խաղում ինչ-որ բան չհերիքեց, սակայն դա չխանգարեց մրցաշրջանը գերազանց համարել «Նոայի» համար:

Օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսում մոլդովացի մասնագետը նշել է, որ հաջորդ մրցաշրջանում թիմը փորձելու է նվազագույնը կրկնել այս տարվա հաջողությունը:

«Կփորձենք պայքարել չեմպիոնության և գավաթը նվաճելու համար, իսկ դրա համար պետք է ավելի շատ աշխատել: Այս պահին գոհացնում է, թե ինչ վիճակում է թիմը: Կարծում եմ՝ եվրագավաթային խաղերին թիմը կմոտենա լավ մարզավիճակում: Կփորձենք հնարավորինս առաջ գնալ Եվրոպայի լիգայի որակավորման փուլում: Երբեմն պետք է գլխից բարձր ցատկել արդյունքի հասնելու համար: Աշխատանքը շարունակվում է, ցանկությունը հսկայական է, շարժվում ենք դեպի մեր նպատակները»,- ասել է մարզիչը:

Այս մրցաշրջանում Պիկուշչակի թիմում գրեթե չէին խաղում հայ ֆուտբոլիստներ, ինչը դժգոհություն առիթ էր տալիս, սակայն, ինչպես ասում են, հաղթողներին չեն դատում: Սովորաբար առաջնության խաղամակարդակը բարձրացնում են ինչպես ուժեղ ֆուտբոլիստները, այնպես էլ հետաքրքիր մտահղացումներ ունեցող մարզիչները: Առաջին մրցաշրջանը նվազագույնը ցույց տվեց, որ Իգոր Պիկուշչակը մարզիչ է, առանց որի Հայաստանի այս առաջնությունը գուցե այսքան հետաքրքիր չստացվեր: Առջևում ավելի բարդ փորձություններն են:  

Դավիթ Եզիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով