17:06  ,  29 հուլիսի, 2020

Հայաստանի հավաքականը հավաք է սկսել Ծաղկաձորում, կորոնավիրուսով վարակվածներն առողջացել են

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորի մարզաբազայում: Այն կտևի երկու շաբաթ։

Հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ մասնակցում են հիմնական կազմի բոլոր ըմբիշները։ Կորոնավիրուսով վարակված երեք ըմբիշները ապաքինվել են։ Նրանք եւ թիմի մյուս անդամներն ու մարզիչները դարձյալ թեստ են հանձնել։ Վարակվածներ չկան։ Հավաքին մասնակցում է մոտ 30 ըմբիշ։

«Հարգելի լրագրողներ, խնդիրներից խուսափելու համար, հավաքը լինելու է փակ, քանի որ առկա համաճարակային վիճակը դեռևս մնում է վտանգավոր»,- նշվում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 3 ըմբիշի մոտ կորոնավիրուսի թեստը դրական պատասխան էր տվել եւ հուլիսի 15-ին նախատեսված ծաղկաձորյան հավաքը հետաձգվել էր երկու շաբաթով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում