19:03  +04,  16 հուլիսի, 2020

Բարձրագույն խմբի նոր ձևաչափ և արտասահմանցի ֆուտբոլիստների թվի սահմանափակում. ՀՖՖ-ն որոշումներ է ընդունել

ՀՖՖ գրասենյակում հուլիսի 16-ին տեղի ունեցավ ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստը, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրեց Հայաստանի Բարձրագույն խմբի բոլոր ակումբների կողմից ստացված առաջարկները՝ Բարձրագույն խմբի 2020/2021 մրցաշրջանի ձևաչափի և արտասահմանցի ֆուտբոլիստների թվի սահմանափակման վերաբերյալ: «Լոռի ՖԱ», «Շիրակ» և «Արարատ» ֆուտբոլային ակումբներն առաջարկել էին առաջնությունն անցկացնել 2 շրջանով՝ սկսելով օգոստոսին և ավարտելով դեկտեմբերին, որից հետո անցում կատարել գարուն-աշուն համակարգին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս տարվում են աշխատանքներ՝ ուղղված Պրոֆեսիոնալ լիգայի ստեղծմանը, որոշվեց առայժմ չանդրադառնալ այս ձևաչափի քննարկմանը: Բոլոր ակումբների առաջարկներին կարող եք ծանոթանալ 
այստեղ:

Քննարկումներից հետո ՀՖՖ գործադիր կոմիտեն միաձայն քվեարկեց առաջնության հետևյալ ձևաչափի օգտին. Հայաստանի Բարձրագույն խմբի հաջորդ՝ 2020/2021 մրցաշրջանի առաջնությունը մեկնարկում է օգոստոսի 14-ին՝ 10 թիմերի մասնակցությամբ: Թիմերն անցկացնելու են 3 շրջան՝ 27-ական հանդիպում: Երրորդ շրջանում դաշտի տիրոջ կարգավիճակը որոշելիս հաշվի են առնվելու առաջին երկու շրջանների արդյունքները: Մրցաշարային աղյուսակում այդ պահին 1-5-րդ հորիզոնականները զբաղեցնող 5 թիմերը սեփական հարկի տակ անցկացնելու են 5, իսկ 6-10-րդ հորիզոնականները զբաղեցնող թիմերը՝ 4 հանդիպում: ՀՖՖ գործադիր կոմիտեն կքննարկի՝ որ թիմը կդառնա Բարձրագույն խմբի 10-րդ մասնակիցը, երբ կկայանա ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նիստը, որտեղ կքննարկվեն ՀՖՖ Կարգապահական կոմիտեի՝ հուլիսի 2-ին կայացած նիստի որոշումները:

2020/2021 մրցաշրջանից սկսած՝ Բարձրագույն խմբի առաջնությունում 10-րդ տեղ զբաղեցրած թիմը կլքի առաջնությունը՝ տեղափոխվելով Առաջին խումբ, իսկ Առաջին խմբի հաղթողը կտեղափոխվի Բարձրագույն խումբ:

Բարձրագույն խմբում 9-րդ հորիզոնականը զբաղեցրած ակումբն անցումային հանդիպում կանցկացնի Առաջին խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ակումբի հետ: 

Այնուհետև ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները քննարկեցին Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների հայտացուցակներում արտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակումներ մտցնելու հարցը: Հաշվի առնելով ակումբներից ստացված առաջարկները՝ ՀՖՖ գործկոմը միաձայն որոշեց, հաջորդ մրցաշրջանից սկսած, կիրառել հետևյալ սահմանափակումները.

Բարձրագույն խմբում հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 9-ը պետք է լինեն Հայաստանում մարզված (այն ֆուտբոլիստներն են, ովքեր 15 տարեկանից մինչ 21 տարեկանը գրանցված են եղել ՀՀ տարածքում գրանցված որևէ ակումբում կամ ակումբներում նվազագույնը 3 խաղաշրջան), կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ 2 ֆուտբոլիստ: Այս դրույթները խախտելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն:

Որոշվեց հետագա նիստերի ընթացքում քննարկել 2021/2022 մրցաշրջանից սկսած՝ խաղադաշտում Հայաստանում մարզված մինչև 23 տարեկան, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ 1 ֆուտբոլիստ ունենալու վերաբերյալ կետը:

Առաջին խմբի հաջորդ մրցաշրջանից սկսած՝ հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 15-ը պետք է լինեն Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ, իսկ խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ 6 ֆուտբոլիստ: Այս դրույթները խախտելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ գործկոմի անդամներին տեղեկացրեց, որ, COVID-19-ի համաճարակի հետ կապված, ՖԻՖԱ-ի կողմից ՀՖՖ-ին տրամադրվելու է դրամաշնորհ: Առաջարկվեց գումարի մի մասն օգտագործել՝ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբներին Հայաստանի առաջնության մասնակցության համար նախատեսված մուտքավճարից ազատելու համար: ՀՖՖ գործկոմը հավանության արժանացրեց այդ առաջարկը և միաձայն քվեարկեց դրա օգտին:

Օրակարգի վերջին հարցը ՀՖՖ Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգում մարզումային փոխհատուցմանն ու մարզումային կարգերին առնչվող փոփոխություններն էր: ՀՖՖ գործկոմը միաձայն քվեարկեց մարզումային փոխհատուցման նոր սանդղակի, ինչպես նաև հայկական ակումբների նոր կարգերի հաստատման օգտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ