10:10  ,  17 մայիսի, 2020

«Բացահայտելով տաղանդների»․ Հայ կիսապաշտպանը Մոսկվայի ԲԿՄԱ-ից (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը։

Մոսկվայի ԲԿՄԱ-ի մինչեւ 19 տարեկանների թիմում հանդես է գալիս 18-ամյա հարձակողական կիսապաշտպան Էդուարդ Ասրիյանցը։

«Ես ծնվել եմ 2002թ․ ապրիլի 16-ին Մոսկվայում։ Չորս տարեկանից սկսել եմ զբաղվել ֆուտբոլով Կարմիր բանակի կենտրոնական տան ֆուտբոլային ակումբում։ Հենց այստեղ եմ հղկել եմ տեխնիկաս, որը մարզիչների խոսքով՝ իմ ուժեղագույն որակներից մեկն է։ Ես ձախլիկ եմ, խաղում եմ հարձակողական կիսապաշտպանի եւ աջ հարձակվողի դիրքերում։

12 տարեկանից համալրել եմ «Աշխատանքային ռեզերվներ» մանկապատանեկան մարզադպրոցը, որտեղ մարզիչն ինձ խաղացնում էր հարձակողական կիսապաշտպանի դիրքում՝ բացահայտելով ներուժս։ Այդ թիմի հետ դարձել ենք Մոսկվայի Բարձրագույն լիգայի հաղթող, հետո երկրորդ տեղ ենք գրավել Պրեմյեր լիգայում։ Ես շատ գոլեր խփեցի եւ հրավեր ստացա մոսկովյան ուժեղագույն ակումբներից։

Այն ժամանակ «Աշխատանքային ռեզերվների» թիմերը մարզվում էին «Սպարտակի» ակադեմիայում, եւ տեղափոխությունս այդ ակումբ առավել տրամաբանականն էր։ «Սպարտակի» կազմում դարձել եմ Մոսկվայի ակումբային լիգայի եռակի չեմպիոն։

2019 թվականին տեղափոխվեցի ԲԿՄԱ։ Հանդես եմ եկել այս ակումբի մինչեւ 17 եւ 19 տարեկանների թիմերում։ Իմ նպատակն է պատանեկանից տեղափոխվել մեծահասակների ֆուտբոլ եւ կնքել պրոֆեսիոնալ պայմանագիր։

Մի քանի ամիս առաջ ինձ հետ կապ հաստատեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները։ Ընտանիքիս եւ ինձ համար հսկայական պատիվ կլինի, եթե հրավեր ստանամ Հայաստանի հավաքականից։

Ակումբային մակարդակում միջազգային մրցաշարերի մեծ փորձ ունեմ։ Պատրաստ եմ արժանավայել ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում։ Շատ շնորհակալ եմ Ձեզ այս հարցազրույցի համար։ Հույս ունեմ՝ շուտով կհանդիպենք Հայաստանում»,- նշեց Էդուարդ Ասրիյանցը։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով