11:11  ,  20 ապրիլի, 2020

«Բացահայտելով տաղանդների». Հայ կիսապաշտպանը Բելգիայից (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտասահմանում հանդես եկող և ապագայում Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող երիտասարդ հայ ֆուտբոլիստների:

Բելգիական KSV Bornem-ի ակադեմիայում հանդես է գալիս 14-ամյա կիսապաշտպան Վահե Յաղմուրյանը:

«Վահեն 2 տարեկանից ապրում է Բելգիայում, իսկ ֆուտբոլով սկսել է զբաղվել 6 տարեկանից»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստի հայրը՝ Սերգեյ Յաղմուրյանը:

ԿԱՐԻԵՐԱ ԲԵԼԳԻԱՅՈւՄ

«6 տարեկանից Վահեն սկսել է ֆուտբոլով զբաղվել Բելգիայի Բարձրագույն խմբի KV Mechelen ակումբի դպրոցում, այնուհետև տեղափոխվել է KFCO Beerschot, իսկ հիմա հանդես է գալիս KSV Bornem-ի Մ-15 տարեկանների թիմում: Զուգահեռաբար նա մարզվել է նաև Adelanto ֆուտբոլային ակադեմիայում:

Իմ որդին ձախլիկ է, խաղում է ձախ կիսապաշտպանի կամ հարձակվողի, երբեմն էլ՝ 10 համարի դիրքում:

Վահեն իր տարիքային խմբի թիմում առանցքային ֆուտբոլիստ է, ինչը շատ դժվար է, քանի որ հավասար խաղային որակների դեպքում մարզիչներն առավելություն են տալիս տեղացիներին: Ուրախացնում է այն փաստը, որ նրա առաջընթացին հետևում է նաև KSV Bornem-ի հիմնական թիմի գլխավոր մարզիչը»:

ՖՈւՏԲՈԼԱՅԻՆ ԸՆՏԱՆԻՔ

«Ժամանակին Հայաստանում ես ևս զբաղվել եմ ֆուտբոլով՝ հանդես գալով «Էրեբունի-Հոմենմեն» թիմում՝ Աբրահամ Խաշմանյանի հետ:

Վահեի հորեղբոր որդին՝ Տիգրան Յաղմուրյանը, հանդես է գալիս Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականում:

Երևանի «Արարատի» նախկին հարձակվող, Հայաստանի 1992 թվականի առաջնության լավագույն ռմբարկու Վահե Յաղմուրյանը մեր հեռավոր բարեկամն է»:

ՀԱՅՐԵՆԻՔՆ Է ԿԱՆՉՈւՄ

«Մեզ հետ կապ են հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, սակայն վնասվածքը խանգարեց Վահեին միանալ պատանեկան հավաքականին: Եթե մի գեղեցիկ օր Վահեն հրավեր ստանա Հայաստանի ազգային հավաքականից, դա կլինի իմ որդու և մեր ընտանիքի երազանքի իրականացումը»:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով