12:18  ,  17 ապրիլի, 2020

Մխիթարյան. Մշտապես հետևում ենք Հայաստանում ստեղծված իրավիճակին

Իտալական «Ռոմայի» մամուլի ծառայությունը Whats App մեսինջերի միջոցով հարցազրույց է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

Հայ կիսապաշտպանը խոսել է տանը մնալու դժվարությունների, որդու՝ Համլետի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու մասին, նաև նշել, որ մշտապես հետևում է կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին:

«Անկեղծ ասած, շատ դժվար է տանը մնալը, սակայն ստիպված ենք անել դա, որպեսզի հետագայում նման իրավիճակում այլևս չհայտնվենք: Առավել դժվար է, երբ բնակվում ես բնակարանում և հնարավորություն չունես դուրս գալ այգի, զբոսնել, վայելել գեղեցիկ եղանակը: 

Ստեղծված իրավիճակի դրական կողմն այն է, որ ավելի շատ ժամանակ եմ կարողանում անցկացնել ընտանիքիս հետ: Եթե մրցաշրջանը չդադարեցվեր, ես հանդիպումների, մարզումների, ուղևորությունների պատճառով չէի կարողանալու ամբողջ ժամանակս նվիրել որդուս՝ Համլետին: Նրա հետ հաճելի է նույնիսկ այն ժամանակ, երբ նա անդադար լաց է լինում, և մենք չենք կարողանում հասկանալ, թե նա ինչ է ուզում: Կարծում եմ՝ այս խնդրին առնչվել են բոլոր ծնողները:

Մեզ հետ բնակվում են նաև մայրս ու կնոջս մայրը, որոնք Հռոմ էին եկել Համլետի ծնվելու ժամանակ և ստեղծված իրավիճակում հիմա չեն կարողանում վերադառնալ Հայաստան: Նրանց ևս շատ հաճելի է Համլետի կողքին գտնվելն ու նրան խնամելը:

Մշտապես հետևում ենք Հայաստանում ստեղծված իրավիճակին, խոսում ենք մեր ընկերների հետ, որոնցից ևս տեղեկություններ ենք ստանում: Հայաստանում նույնպես գրանցվել են վարակման դեպքեր, սակայն հուսով ենք, որ սահմանափակումները կօգնեն շտկել իրավիճակը:

Ազատ ժամանակ ֆիլմեր եմ դիտում, սակայն դժվարանում եմ դա անել իտալերենով: Հաճախ եմ օգտվում թարգմանող ծրագրերից, սակայն միշտ չէ, որ կարողանում եմ մտապահել բառերը: Հիմնականում դիտում եմ հայերեն, անգլերեն և ռուսերեն նյութեր:

Ակումբը մշտական կապ է պահում ֆուտբոլիստների հետ: Մեզ ուղարկում են անհատական մարզումային ծրագրեր, որպեսզի մենք այս իրավիճակում կարողանանք պահպանել մարզավիճակը: Կարծում եմ՝ մարզումները վերսկսելուց 2 կամ 3 շաբաթ հետո արդեն կկարողանանք հանդիպումներ անցկացնել»,- Մխիթարյանը «Ռոմայի» մամուլի ծառայության հետ ունեցած հաղորդագրությունները հրապարակել է Ինստագրամի իր պաշտոնական էջի Story բաժնում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոման», չնայած ֆինանսական լուրջ խնդիրներին, պատրաստ է Մխիթարյանի տրանսֆերային իրավունքի դիմաց «Արսենալին» վճարել լոնդոնյան ակումբից պահանջվող ամբողջ գումարը՝ 20 միլիոն եվրո:

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մտադիր է 4-2-3-1 մարտավարությունից անցում կատարել 3-5-2 մարտավարությանը՝ Մխիթարյանին օգտագործելով որպես երկրորդ հարձակվող՝ Էդին Ջեկոյի կողքին:

31-ամյա Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Ռուսաստանի առաջնությունը ներկայացնող «Զենիթը»:

«Ռոմայում» վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանն այս մրցաշրջանում ակումբում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում