14:55  ,  30 հոկտեմբերի, 2026

Կարեն Ասլանյան. Իմ մոտիվացիան ադրբեջանցու նկատմամբ ռեւանշի հասնելը չէր, այլ ոսկին նվաճելը

Եզրափակիչում ադրբեջանցու հետ պայքարում իմ մոտիվացիան ռեւանշի հասնելը չէր, այլ ոսկին նվաճելը: Շատ էի ուզում ոսկե մեդալը նվաճել:

Մեր թիմն այնպիսի հավաքական է, որ նշաձողն ամենաբարձրն է: Աշխարհում բոլորն էլ գիտեն, որ Հայաստանի հավաքականն ամենաուժեղներից է: Ինչպես բոլոր, այս առաջնությանն էլ մեկնել էինք ամենաբարձր մեդալների ակնկալիքով:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխարհի նորընծա չեմպիոն Կարեն Ասլանյանը:

Ղազախստանում ավարտած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Կարեն Ասլանյանը նվաճեց չեմպիոն տիտղոսը: 63 կգ քաշայինների եզրափակիչում 8:4 հաշվով հաղթեց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ադրբեջանցի Նիհադ Զահիդ Մամադլիին: Ասլանյանը Մամադլիին մրցագորգում հանդիպել էր 2024 թ. աշխարհի առաջնությունում, որտեղ պարտություն էր կրել:

«Մեր թիմն այնպիսի հավաքական է, որ նշաձողն ամենաբարձրն է: Յուրաքանչյուր մրցման գնում ենք ամենաբարձր ակնկալիքներով: Այս առաջնությանը եւս մեկնել էին ամենաբարձր մեդալների ակնկալիքներով:

Աստանայի մրցագորգում անցկացրի 5 գոտեմարտ: Առաջին երեք գոտեմարտերում հաղթեցի 8:0 հաշիվներով: Կիսաեզրափակիչում հանդիպել էի իմ մոտ ընկեր, մեր հայրենակից, Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանին, որին հաղթեցի 12:4 հաշվով: Ամենաբարդ գոտեմարս Էդմոնդ Նազարյանի հետ էր, քանի որ նա բարձրակարգ ըմբիշ է, անկանխատեսելի մրցակից է եւ այդ ամենին զուգահեռ՝ իմ լավ ընկերն է: Երզափակիչում ադրբեջանցուն հաղթեցի 8:4 հաշվով:

Ստացվում է, որ բոլոր գոտեմարտերում հաղթեցի խոշոր հաշիվներով, բայց մեր նպատակը դա չէր: Մեր մարտավարությունն այն էր, որ ես դուրս գամ եւ օգտագործեմ իմ ուժեղ կողմերը, վարեմ հարձակողական գոտեմարտեր:

Ինչպես արդեն ասացի, ադրբեջանցուն պարտվել էի 2024 թ. աշխարհի առաջնությունում եւ ստացվում էր՝ սա ռեւանշ է: Իմ մոտիվացիան ոչ թե ռեւանշի հասնել էր, այլ ոսկին նվաճելը եւ կատարել այն առաջադրանքները, որոնք ստացել էի մարզիչների կողմից»,- ասաց Կարեն Ասլանյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը պատմեց, որ Ասլանյանի հաղթանակից հետո Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչը մոտեցել եւ շնորհավորել է:

«Կարենն ադրբեջանցնուն պարտվեց էր անցած աշխարհի առաջնությունում: Նա  իրոք գոտեմարտի առաջին վայրկյանից մինչեւ վերջինը կատարեց այն, ինչ խնդիր դրել էինք նրա առաջ:  

Ադրբեջանցիների հետ, որպես այդպիսին, շփում չկա: Մարզիկներ եղել են, որ այլանդակ ձեւով են իրենց պահել, օրինակ Եվրոպայի առաջնությունում մեզանից պարտվելուց հետո: Կոնկրետ Աստանայում Մամադլին իրեն նորմալ դրսեւորեց: Իրենց գլխավոր մարզիչը, որը նախկինում Իրանի հավաքականի գլխավոր մարզիչն էր եւ ում հետ ես ունեմ մտերիմ հարաբերություններ, Կարեն հաղթանակից հետո եկավ եւ շնորհավորեց ինձ»,- հավելեց Արմեն Բաբալարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news