15:15  ,  26 մարտի, 2020

Ալեքսանդր Կարապետյան. Կապարոսը կօգնի հավաքականին զարգանալ, «Սոչիում» մարզվում ենք սովորական ռեժիմով (ֆոտո)

Ռուսական «Սոչիի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ինչ իրավիճակ է տիրում Ռուսաստանում, նաև կիսվել է Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ աշխատանքից իր սպասելիքներով:

«ՄԱՐԶՎՈւՄ ԵՆՔ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՌԵԺԻՄՈՎ»

«Մինչև վերջին պահը Ռուսաստանում շարունակվում էր առաջնությունը, սակայն կյանքում կան բաներ, որոնք ֆուտբոլից կարևոր են: Կարծում եմ՝ ճիշտ որոշում է ընդունվել: Այնուամենայնիվ, դադարը մեր շահերից չէր բխում, քանի որ լավ մարզավիճակ էինք ձեռք բերել և հաղթել էինք 3 անընդմեջ խաղերում:

Սոչիում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է, մինչև այս պահը կարանտին հայտարարված չէ: Շարունակում ենք մարզվել և սպասել: Ի տարբերություն շատերի, մենք մարզվում ենք սովորական ռեժիմով, և կարծում եմ՝ մարզավիճակը պահպանելու հետ կապված խնդիրներ չեն առաջանա»:

«ԿԱՊԱՐՈՍԸ ԿՕԳՆԻ ՄԵԶ ԶԱՐԳԱՆԱԼ»

«Ուրախ եմ, որ մենք նոր մարզիչ ունենք՝ հանրահայտ և փորձառու: Կարծում եմ՝ նա կօգնի մեզ զարգանալ: Վերջին ընտրական փուլում մենք շատ մոտ էինք սենսացիա գրանցելուն: Կապարոսի գլխավորությամբ ևս 1 քայլ առաջ կկատարենք: Մեր գլխավորը նպատակը 2022թ. Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելն է»:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով