11:17  ,  24 մարտի, 2020

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի նկատմամբ հաղթանակի, կորոնավիրուսի, Խոակին Կապարոսի և Հայաստանի հավաքականի մասին

Բելառուսի առաջնության մեկնարկային տուրում «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ն տնային խաղում անսպասելի հաղթանակ տարավ ԲԱՏԷ-ի նկատմամբ` 3:1:

Տանտերերի կազմում խաղադաշտում 73 րոպե անցկացրեց հայ կիսապաշտպան Հայկ Մուսախանյանը, որը մասնակցեց իր թիմի երկրորդ գոլային գրոհին:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 22-ամյա կիսապաշտպանը խոսել է ակումբային կարիերայի, Բելառուսում կորոնավիրուսի տարածման, Հայաստանի հավաքականից հրավեր ստանալու մեծ ցանկության և հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Խոակին Կապարոսի նշանակման մասին:

ԱԿՈւՄԲԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՄԱՍԻՆ

«Այս թիմում ինձ շատ լավ եմ զգում: «Էներգետիկում» սա իմ երրորդ մրցաշրջանն է: Այստեղ մթնոլորտը դրական է, մենք լավ աշխատանք ենք կատարել նախամրցաշրջանային հատվածում:

Մրցաշրջանը դեռ նոր է սկսել, և, իհարկե, շատ հաճելի է մեկնարկել ԲԱՏԷ-ի պես թիմին հաղթելով: Մենք շատ լավ տրամադրվեցինք հանդիպմանը և հասանք ցանկալի արդյունքի»:

ՖՈւՏԲՈԼ ԵՎ ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍ

«Այո, մենք հետևում ենք նորություններին, սակայն փորձում ենք կենտրոնանալ խաղերի վրա: Բելառուսում հանդիպումներին ներկա են երկրպագուներ, չկա ոչ մի սահմանափակում: Ամեն ինչ հրաշալի է, Բելառուսում սիրում են ֆուտբոլ»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԵՎ ԽՈԱԿԻՆ ԿԱՊԱՐՈՍԻ ՄԱՍԻՆ

«Հետևում եմ հայկական ֆուտբոլին: Խոակին Կապարոսի նշանակումը միայն դրական է Հայաստանի հավաքականի համար: Կապարոսը անվանի և էմոցիոնալ մասնագետ է՝ տարբերվող ֆուտբոլային փիլիսոփայությամբ:

Իհարկե, մեծ ցանկություն ունեմ հրավեր ստանալ Հայաստանի ազգային հավաքականից, սակայն ամեն ինչ չէ, որ կախված է ինձանից: Ակումբում պետք է ինձ դրսևորեմ լավագույն կողմերով: Կարծում եմ, որ հավաքականին պետք կգամ հենակետային գոտում»:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով