15:00  ,  23 մարտի, 2020

«Ռոման» տարբերակ է գտել Մխիթարյանի տեղափոխությունն իրականացնելու համար

Իտալական «Ռոմայի» ղեկավարությունը մտադիր է ամեն գնով թիմում պահել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Sky Sport Italia-ի հաղորդմամբ՝ «Ռոման» կփորձի Մխիթարյանի գործակալի՝ Մինո Ռայոլայի միջոցով բանակցել «Արսենալի» հետ, որպեսզի լոնդոնյան ակումբի հետ համաձայնության գա Մխիթարյանի տրանսֆերային արժեքի հարցում: Այժմ «Արսենալը» 31-ամյա ֆուտբոլիստի դիմաց պահանջում է 25 միլիոն եվրո, որը «Ռոման» պատրաստ չէ վճարել: «Ռոմայի» ղեկավարությունը վստահ է, որ «Արսենալի» նախագահի հետ Ռայոլայի ջերմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել հայ կիսապաշտպանի տեղափոխության հարցում:

Ավելի վաղ La Gazzetta dello Sport-ը տեղեկացրել էր, որ «Արսենալի» ղեկավարությունը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը, սակայն հայ կիսապաշտպանի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կընդունի ամռանը: «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան չէր բացառել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մխիթարյանին վերադարձնելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ 31-ամյա Մխիթարյանը վարձակալությամբ «Ռոմա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը: Հայ ֆուտբոլիստն իտալական ակումբի կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում