09:42  ,  18 մարտի, 2020

Բրազիլական ֆուտբոլի լեգենդը. Աշխարհի չեմպիոնից՝ կալանավայրի աստղ (ֆոտո)

Ֆուտբոլային առաջնությունները Հարավային Ամերիկայում ամբողջությամբ դադարեցված են կապված մայրցամաքում COVID-19 կորոնավիրուսի տարածման հետ, սակայն մեկ բրազիլացի աստղ նույնիսկ այսպիսի պայմաններում շարունակում է ֆուտբոլ խաղալ և հիացնել իր վարպետությամբ: Ռոնալդինյոն, որը պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր վերջին հանդիպումն անցկացրել է 2015 թվականին՝ բրազիլական «Ֆլամենգոյի» կազմում, օրեր առաջ 5 գոլ է խփել ու 6 գոլային փոխանցում կատարել: Ճիշտ է, այս արդյունքը լեգենդար բրազիլացին գրանցել է ոչ թե աշխարհի լավագույն ստադիոններից մեկում՝ հազարավոր ֆանատների աջակցությամբ, այլ անազատության մեջ՝ կալանավայրում:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռոնալդինյոն և նրա եղբայրն անձնագրեր կեղծելու կասկածանքով մարտի 5-ին ոստիկանների կողմից բերման են ենթարկվել Պարագվայում: Կալանավայրում 1 օր անցկացնելուց հետո Ռոնալդինյոն ազատ էր արձակվել, սակայն ժամեր անց՝ կրկին ձերբակալվել: Ռոնալդինյոյի փաստաբան Ադոլֆո Մարինը ֆուտբոլիստի ձերբակալությունից անմիջապես հետո հայտարարեց, որ Ռոնալդինյոն իրեն մեղավոր չի ճանաչում և չի իմացել, որ հանցագործություն է կատարում, քանի որ անձնագիրը նվեր է ստացել և չի իմացել դրա կեղծ լինելու մասին:

Բրիտանական The Guardian-ին մանրամասներ են հայտնի դարձել կալանավայրում Ռոնալդինյոյի կյանքից: Կալանավայրում Ռոնալդինյոյի անվտանգությունն ու բարեկեցիկ պայմաններն առավելագույնս ապահովված են: Պարագվայի Ներքին գործերի նախարարի խոսքով՝ Ռոնալդինյոն և նրա եղբայրը գտնվում են մի խցում, որն ավելի շատ հյուրանոց է հիշեցնում: Բրազիլացի եղբայրների հետ նույն խուցը կիսում է նաև Պարագվայի ֆուտբոլային ասոցիացիայի նախկին ղեկավարը, որը ձերբակալվել է փողերի լվացման մեղադրանքով:

 

Կալանավայրում 194-րդ համարն ունեցող Ռոնալդինյոյի համար օրը սկսվում է առավոտյան ժամը 8-ից: 39-ամյա ֆուտբոլիստին հաճախակի տեսակցության է գալիս Պարագվայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Նելսոն Կուեվասը, որն ավելի վաղ, խոսելով ֆուտբոլում իր կուռքը հանդիսացած Ռոնալդինյոյի հոգեվիճակի մասին, ասել էր. «Ռոնալդինյոն շատ տխուր է ստեղծված իրավիճակից: Նա վստահ է, որ որևէ օրենք չի խախտել և հույս ունի հնարավորինս շուտ ազատ արձակվել»:

Անազատության պայմաններում ևս Ռոնալդինյոն հատուկ ուշադրության է արժանանում: Նրա ձերբակալությունից հետո կալանավայրի ղեկավարությունը ֆուտբոլային առաջնություն կազմակերպեց, որին Ռոնալդինյոն սկզբում հրաժարվել էր մասնակցել, քանի որ չուներ խաղակոշիկներ: Երբ լուծվել էր բրազիլացի հարձակվողի համազգեստի և խաղակոշիկների հարցը, Ռոնալդինյոն դուրս էր եկել խաղադաշտ և մասնակցություն ունեցել իր թիմի՝ Negro Cumbiero-ի խփած բոլոր 11 գոլերին՝ խփելով դրանցից 5-ը ու կատարելով 6 գոլային փոխանցում: Ռոնալդինյոյի թիմը հաղթել էր 11:2 հաշվով: Ի դեպ, գոլային փոխանցումներից մի քանիսը Ռոնալդինյոն կատարել է իրեն հատուկ ոճով՝ առանց գնդակին և դրա հասցեատիրոջը նայելու:

Image

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվողին նման ծանր պայմաններում միայնակ չի թողել մեկ այլ լեգենդ՝ «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին, որի իրավաբանները զբաղվում են Ռոնալդինյոյի դեմ հարուցված մեղադրանքով և անում են ամեն ինչ, որպեսզի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկը հնարավորինս շուտ ազատ արձակվի: Լիոնել Մեսին պատրաստակամություն է հայտնել նաև վճարել Ռոնալդինյոյին ազատ արձակելու համար նախատեսված 4 միլիոն դոլար գրավը:

Մարտի 21-ին լեգենդար Ռոնալդինյոն կնշի ծննդյան 40-րդ տարեդարձը: Հուսով ենք, որ իր տարեդարձը բրազիլական ֆուտբոլի լեգենդը կնշի ոչ թե կալանավայրում, այլ տանը, քանի որ, ինչպես նշել է ազգային հավաքականում Ռոնալդինյոյի նախկին խաղընկեր Ռիվալդոն. «Այն, ինչ կատարվում է իմ ընկերոջ հետ, ինձ շատ է տխրեցնում: Նա արժանի չէ այս ամենին»:

Պատրաստեց Վահե Աղաջանյանը 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում