09:42 18 մարտի, 2020Ֆուտբոլային առաջնությունները Հարավային Ամերիկայում ամբողջությամբ դադարեցված են կապված մայրցամաքում COVID-19 կորոնավիրուսի տարածման հետ, սակայն մեկ բրազիլացի աստղ նույնիսկ այսպիսի պայմաններում շարունակում է ֆուտբոլ խաղալ և հիացնել իր վարպետությամբ: Ռոնալդինյոն, որը պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր վերջին հանդիպումն անցկացրել է 2015 թվականին՝ բրազիլական «Ֆլամենգոյի» կազմում, օրեր առաջ 5 գոլ է խփել ու 6 գոլային փոխանցում կատարել: Ճիշտ է, այս արդյունքը լեգենդար բրազիլացին գրանցել է ոչ թե աշխարհի լավագույն ստադիոններից մեկում՝ հազարավոր ֆանատների աջակցությամբ, այլ անազատության մեջ՝ կալանավայրում:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռոնալդինյոն և նրա եղբայրն անձնագրեր կեղծելու կասկածանքով մարտի 5-ին ոստիկանների կողմից բերման են ենթարկվել Պարագվայում: Կալանավայրում 1 օր անցկացնելուց հետո Ռոնալդինյոն ազատ էր արձակվել, սակայն ժամեր անց՝ կրկին ձերբակալվել: Ռոնալդինյոյի փաստաբան Ադոլֆո Մարինը ֆուտբոլիստի ձերբակալությունից անմիջապես հետո հայտարարեց, որ Ռոնալդինյոն իրեն մեղավոր չի ճանաչում և չի իմացել, որ հանցագործություն է կատարում, քանի որ անձնագիրը նվեր է ստացել և չի իմացել դրա կեղծ լինելու մասին:
Բրիտանական The Guardian-ին մանրամասներ են հայտնի դարձել կալանավայրում Ռոնալդինյոյի կյանքից: Կալանավայրում Ռոնալդինյոյի անվտանգությունն ու բարեկեցիկ պայմաններն առավելագույնս ապահովված են: Պարագվայի Ներքին գործերի նախարարի խոսքով՝ Ռոնալդինյոն և նրա եղբայրը գտնվում են մի խցում, որն ավելի շատ հյուրանոց է հիշեցնում: Բրազիլացի եղբայրների հետ նույն խուցը կիսում է նաև Պարագվայի ֆուտբոլային ասոցիացիայի նախկին ղեկավարը, որը ձերբակալվել է փողերի լվացման մեղադրանքով:

Կալանավայրում 194-րդ համարն ունեցող Ռոնալդինյոյի համար օրը սկսվում է առավոտյան ժամը 8-ից: 39-ամյա ֆուտբոլիստին հաճախակի տեսակցության է գալիս Պարագվայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Նելսոն Կուեվասը, որն ավելի վաղ, խոսելով ֆուտբոլում իր կուռքը հանդիսացած Ռոնալդինյոյի հոգեվիճակի մասին, ասել էր. «Ռոնալդինյոն շատ տխուր է ստեղծված իրավիճակից: Նա վստահ է, որ որևէ օրենք չի խախտել և հույս ունի հնարավորինս շուտ ազատ արձակվել»:
Անազատության պայմաններում ևս Ռոնալդինյոն հատուկ ուշադրության է արժանանում: Նրա ձերբակալությունից հետո կալանավայրի ղեկավարությունը ֆուտբոլային առաջնություն կազմակերպեց, որին Ռոնալդինյոն սկզբում հրաժարվել էր մասնակցել, քանի որ չուներ խաղակոշիկներ: Երբ լուծվել էր բրազիլացի հարձակվողի համազգեստի և խաղակոշիկների հարցը, Ռոնալդինյոն դուրս էր եկել խաղադաշտ և մասնակցություն ունեցել իր թիմի՝ Negro Cumbiero-ի խփած բոլոր 11 գոլերին՝ խփելով դրանցից 5-ը ու կատարելով 6 գոլային փոխանցում: Ռոնալդինյոյի թիմը հաղթել էր 11:2 հաշվով: Ի դեպ, գոլային փոխանցումներից մի քանիսը Ռոնալդինյոն կատարել է իրեն հատուկ ոճով՝ առանց գնդակին և դրա հասցեատիրոջը նայելու:
Ronaldinho is playing football in jail and he's running the show by doing some tricks and flicks. This is like FIFA street in real life. pic.twitter.com/8tmXlgaW46
— FutbolBible (@FutbolBible) March 14, 2020
Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվողին նման ծանր պայմաններում միայնակ չի թողել մեկ այլ լեգենդ՝ «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին, որի իրավաբանները զբաղվում են Ռոնալդինյոյի դեմ հարուցված մեղադրանքով և անում են ամեն ինչ, որպեսզի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկը հնարավորինս շուտ ազատ արձակվի: Լիոնել Մեսին պատրաստակամություն է հայտնել նաև վճարել Ռոնալդինյոյին ազատ արձակելու համար նախատեսված 4 միլիոն դոլար գրավը:

Մարտի 21-ին լեգենդար Ռոնալդինյոն կնշի ծննդյան 40-րդ տարեդարձը: Հուսով ենք, որ իր տարեդարձը բրազիլական ֆուտբոլի լեգենդը կնշի ոչ թե կալանավայրում, այլ տանը, քանի որ, ինչպես նշել է ազգային հավաքականում Ռոնալդինյոյի նախկին խաղընկեր Ռիվալդոն. «Այն, ինչ կատարվում է իմ ընկերոջ հետ, ինձ շատ է տխրեցնում: Նա արժանի չէ այս ամենին»:
Պատրաստեց Վահե Աղաջանյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.