17:31  ,  15 փետրվարի, 2020

ԵԱ. Lևան Բերիանիձեն դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 125 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Լևան Բերիանիձեն հաղթանակ տարավ Ռումինիայի ներկայացուցիչ Ռարես Դանիել Չինտոանի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ:

Լևան Բերիանիձեն Չինտոանի հետ պայքարում առավելության հասավ 4:1 հաշվով:

61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը քառորդ եզրափակիչում 7:0 հաշվով հաղթանակ է տարել Ուկրաինան ներկայացնող Իվան Բիլեյչուկի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև 92 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մարզպետ Գալստյանը, որը քառորդ եզրափակիչում 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Հունաստանը ներկայացնող Անգելոս Կոուկլարիսի նկատմամբ:

74 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանը մեկնարկում 2:9 հաշվով պարտություն էր կրել վրացի Ավթանդիլ Կենտչաձեի հետ պայքարում:

Երեկոյան մրցահերթում 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Մրցակիցը դեռ հայտնի չէ: Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Դիմչիկ Ռինչինաուին (5:4), քառորդ եզրափակիչում ոչ մի հնարավորություն չտվեց մոլդովացի Անատոլի Բուրույանին (5:0), կիսաեզրափակիչում պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլիին (3:6):

Բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 70 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գևորգ Մխեյանը: Բրոնզե մեդալի համար պայքարում Գևորգ Մխեյանի մրցակիցը կլինի Մոլդովան ներկայացնող Միխայիլ Սավան: Գևորգ Մխեյանը մեկնարկում պարտվել էր ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաեւին (8:15), որն էլ դուրս է եկել եզրափակիչ: Առաջին սփոփիչ գոտեմարտում Գևորգ Մխեյանը 12:2 հաշվով հաղթանակ էր տարել Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սերադայի նկատմամբ, իսկ երկրորդ սփոփիչ գոտեմարտում 7:3 հաշվով հաղթանակ տարել ուկրաինացի Օլեքսեյ Բորուտայի հետ պայքարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում