Բրոնզե մեդալի համար ուրախ չեմ: Կարող էի պայքարել ոսկե մեդալի համար: Իմ սխալի պատճառով պարտվեցի կիսաեզրափակիչում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հռոմից ասաց Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը:
Իտալիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Չալյանը փետրվարի 11-ին նվաճեց բրոնզե մեդալ 77 կգ քաշային կարգոււմ: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում գյումրեցի ըմբիշը մրցեց Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի հետ, որը ձեռքի վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել գոտեմարտը: Հաղթանակը շնորհվեց Կարապետ Չալյանին:
«Գոհ չեմ իմ արդյունքից: Կարող էի դուրս գալ եզրափակիչ եւ պայքարել ոսկե մեդալի համար: Չգիտեմ՝ ինչը չբավարարեց կիսաեզրափակիչում եւ պարտվեցի: Գոհ եմ մեկնարկային գոտեմարտերիցս. հաղթեցի 2017 թվականի աշխարհի չեմպիոն Վիկտոր Նեմեշին:
Կիսաեզրափակիչում ադրբեջանցու հետ գոտեմարտում իմ սխալի պատճառով պարտվեցի: Մրցավարական կողմնապահություն չկար: Սխալ մարտավարությամբ գոտեմարտեցի: Ինձ լավ էի զգում մրցագորգում: Շատ լավ մարզավիճակում էի: Մեր մարզիչները շատ լավ էին պատրաստել ինձ Եվրոպայի առաջնությանը ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցակիցս՝ Հայկ Մնացականյանը լուրջ վնասվածք ստացավ:
Մրցումներից հետո խոսեցի նրա հետ, ասաց, որ դեռ պետք է բժիշկները զննեն, նկարեն, որպեսզի պարզ լինի, թե ինչ աստիճանի է վնասվածքը, բայց կարծում եմ՝ լուրջ էր: Հայկն այն ըմբիշներից չի, որ թեթեւ վնասվածքի պատճառով չշարունակեր գոտեմարտը»,- ասաց Կարապետ Չալյանը:
Չալյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11:2 հաշվով հաղթել էր Շվեյցարիայի ներկայացուցիչ Նիկոլաս Կրիստենին, 1/8 եզրափակիչում 3։1 հաշվով առավելության էր հասել աշխարհի չեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշի նկատմամբ, քառորդ եզրափակիչում էլ 5:2 հաշվով հաղթել էր բելառուս Պավել Լիախին: Կիսաեզրափակիչում 0:3 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին: Չալյանը բրոնզե մեդալակիր էր դարձել նաեւ 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում: Նշենք, որ Կարապետ Չալյանը Նուրսուլթանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում նվաճել է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում