09:11  ,  11 փետրվարի, 2020

#SportLifeVlog. Թեժ պայքար Տոկիո-2020-ի ուղեգրերի համար, Գացալովը՝ ՀՀ քաղաքացի, Արոնյանը՝ Օլիմպիադայի մասին

NEWS.am Sport-ը ներկայացնում է օլիմպիական տարվա #SportLifeVlog-ի առաջին թողարկումը: Լուսինե Շահբազյանը պատմում է հայ մարզիկների օլիմպիական տարվա առաջին հաղթանակների, վարկանիշային մրցաշարերում թեժ պայքարի եւ շախմատի Համաշխարհային օլիմպիադայի մասին:

Փետրվարի 10-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի երկու հավաքականները ԵԱ-ին մասնակցում են ամբողջական կազմերով:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականն արդեն մասնակցել է օլիմպիական տարվա առաջին վարկանիշային մրցաշարին: Իրանի Ռաշտ քաղաքում փետրվարի 1-4-ը տեղի ունեցած International Fajr Cup-ում Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմը նվաճել է երկու արծաթե եւ 5 փոքր մեդալներ: Արծաթե մեդալակիրներ են դարձել Սիմոն Մարտիրոսյանն ու Հակոբ Մկրտչյանը: Երկարատեւ ձախողումներից հետո վարկանիշային մրցաշարում Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճել փոքր ոսկե մեդալ:

Օլիմպիական տարվա իր առաջին վարկանիշային մրցաշարին է մասնակցել նաեւ ձյուդոյի 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը, որը վնասվածքի պատճառով չի մասնակցել եզրափակիչ գոտեմարտին՝ արժանանալով արծաթե մեդալի:

Տոկիո-2020-ի նախաշեմին նոր համալրում ունի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը: 2004 թ. Աթենքի օլիմպիական չեմպիոն, աշխարհի հնգակի,Եվրոպայի եռակի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովը կփոխարինի 97 կգ քաշային կարգում Հայաստանի արդեն նախկին անդամ Գեորգի Կետոեւին:

Լուսինե Շահբազյանը ներկայացնում է Գացալովի առաջին հարցազրույցը Հայաստանի հավաքականի անդամի կարգավիճակում: 2020 թվականի օգոստոսի 5-17-ը Մոսկվայում տեղի կունենա շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադան: Շախմատի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի առաջնություններում չեմպիոններ դարձած Սամվել Տեր-Սահակյանն ու Մարիա Գեւորգյանը ազգային հավաքականների հետ կպատրաստվեն Համաշխարհային օլիմպիադային: Լուսինե Շահբազյանը Ֆիզկուլտուրայի եւ սպորտի ինստիտուտում հանդիպել է գրոսմայստեր Լեւոն Արոնյանին եւ հետաքրքրվել Օլիմպիադայի նախապատրաստական փուլի ու սպասելիքների մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով