09:09  ,  7 փետրվարի, 2020

Հայկ Իշխանյանը՝ «Ժետիսու» տեղափոխվելու, Կամո Հովհաննիսյանի խորհուրդների եւ առաջին արտասահմանյան փորձի մասին (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը մի քանի օր առաջ Երեւանի «Ալաշկերտից» տեղափոխվեց ղազախական «Ժետիսու»։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 30-ամյա ֆուտբոլիստը պատմել է իր տեղափոխության, նոր մարտահրավերի եւ հավաքականում թիմակից Կամո Հովհաննիսյանի խորհուրդների մասին։ Հովհաննիսյանն այս ձմռանը «Ժետիսուից» տեղափոխվել է «Կայրաթ»։

«Մի քանի առաջարկներ ունեցա ղազախական ակումբներից, բայց ընտրեցի «Ժետիսուն»։ Մեկշաբաթյա հաջող փորձաշրջան անցա եւ «Ղարաբաղի» դեմ ստուգողական հանդիպումից հետո պայմանագիր կնքեցի։

«Ժետիսուի» առաջարկն ընդունելուց առաջ խորհրդակցեցի Կամո Հովհաննիսյանի հետ, որն անցած մրցաշրջանն անցկացրեց այս ակումբում։ Կամոն պատմեց ակումբի, ֆուտբոլիստների, թիմի խաղային ոճի մասին։ Նրա խորհուրդներն ինձ շատ օգնեցին։

Տեղափոխությունս «Ժետիսու» համարում եմ քայլ առաջ իմ կարիերայում, քանի որ Ղազախստանի առաջնությունն իր մակարդակով գերազանցում է մեր առաջնությունը։

Սա իմ առաջին արտասահմանյան ակումբն է, ցանկանում էի փոխել առաջնությունն ու մթնոլորտը։ Այլ առաջնությունում ուժերս փորձելու ցանկություն կար, եւ ես օգտվեցի այս հնարավորությունից»,- պատմեց Հայկ Իշխանյանը։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով