17:40  ,  5 դեկտեմբերի, 2019

Բերակչյան. Երևանի «Տորպեդոյի» ֆուտբոլիստ Լուգովոյը ոչ մի սանկցիա չունի ՖԻՖԱ-ի TMS համակարգում

Նախօրեին մամուլում տեղեկություն հրապարակվեց, համաձայն որի Առաջին խմբում հանդես եկող Երևանի «Տորպեդոյի» ուկրաինացի ֆուտբոլիստ Եգոր Լուգովոյը հայրենիքում ցմահ որակազրկվել է պայմանավորված խաղերին մասնակցելու կասկածանքով:

NEWS.am Sport-ը պարզաբանման համար դիմեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա:

ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը նշեց, որ Եգոր Լուգովոյի անվան դիմաց ոչ մի սանկցիա նշված չէ ՖԻՖԱ-ի TMS համակարգում, որի միջոցով կատարվում են ֆուտբոլիստների տեղափոխությունները:

«Ընդհանրապես, ցանկացած ֆուտբոլիստի՝ մեկ ասոցիացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարից մյուս տեղափոխությունից առաջ կատարվում է հարցում՝ պարզելու նրա տրանսֆերային պատմության մանրամասները, այդ թվում՝ սանկցիաների առկայությունը:

Եգոր Լուգովոյի տրանսֆերային պատմությունը, որը որևէ կերպ առնչություն ունի ՀՖՖ-ի հետ, սկիզբ է առնում 2017 թ. օգոստոսի 15-ին, երբ ՀՖՖ-ն նրա կապակցությամբ հարցում է ուղարկել ՖԻՖԱ-ի ՏՀՀ (տրանսֆերների համադրման համակարգին) համակարգին:

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան ուղարկել է ՄՏՍ (միջազգային տրանսֆերային սերտիֆիկատ), որտեղ նշված էր, որ վերոնշյալ ֆուտբոլիստը չունի որևէ սանկցիա, ինչից հետո էլ իրականացվել է ֆուտբոլիստի տրանսֆերը ուկրաինական «Սումի» ակումբից «Արցախ»:

Այնուհետև, ֆուտբոլիստը, Հայաստանում անցկացրած ժամանակահատվածում կրկին չունենալով որևէ սանկցիա, վերադարձել էր «Սումի»:

ՏՀՀ համակարգում նրա վերաբերյալ վերջին հիշատակումը 2019 թ. օգոստոսի 26-ին է, երբ Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից (այստեղ ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Պոլոնիա» Գլուբչիցե ակումբում) ՀՖՖ էր ուղարկվել նրա միջազգային տրանսֆերային սերտիֆիկատը նույնատիպ գրությամբ, որ ֆուտբոլիստը չունի որևէ սանկցիա:

Հաշվի առնելով այս ամենը՝ ֆուտբոլիստը օգոստոսի 27-ին գրանցվել էր ՀՖՖ-ի կողմից՝ որպես «Տորպեդո» ակումբի ֆուտբոլիստ՝ համապատասխան տրանսֆերային  գրանցման սովորական ընթացակարգի: Ինչպես տեսնում եք, Եգոր Լուգովոյի գրանցումն իրականացվել է բոլոր նշված ընթացակարգերին համապատասխան և առանց խախտումների»,- նշեց Բերակչյանը:

Նշենք, որ 2017-ի օգոստոսին Լուգովոյը տեղափոխվել էր Երևանի «Արցախ», իսկ «Տորպեդոյի» կազմը համալրել էր ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ:      

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով