Մադրիդի «Աթլետիկոյի» 26-ամյա սլովենացի դարպասապահ Յան Օբլակը բարձր է գնահատել արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի նորեկ, պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշի որակները։
«Ես գիտեի, որ Ֆելիշն ունի մեծ ներուժ, եւ ակումբն առավելագույն ջանք է գործադրել նրան ձեռք բերելու համար։
Հիմա նրա մարզումները եւ խաղը տեսնելուց հետո հասկանում եմ, որ ղեկավարությունը կատարել է գերազանց աշխատանք՝ թիմը համալրելով այսպիսի բարձրակարգ ֆուտբոլիստով։ Ֆելիշը կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Նա արդեն գերազանց է խաղում։ Հույս ունեմ, որ կշարունակի նույն ոգով»,- Յան Օբլակի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Ֆելիշը դարձել է «Աթլետիկոյի» պատմության մեջ ամենաթանկ խաղացողը։ Լիսաբոնի «Բենֆիկան» Պորտուգալիայի հավաքականի 19-ամյա խաղացողի տրանսֆերից ստացել է 126 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում