18:10  ,  16 օգոստոսի, 2019

Ադրբեջանցիների պահանջով Հայաստանի եռակի չեմպիոնը չի կարողանա մասնակցել Թուրքիայում անցկացվելիք մրցաշարին

Շախմատի Հայաստանի եռակի չեմպիոն, կանանց Հայաստանի հավաքականի անդամ Մարիա Գեւորգյանին խնդրել են հրաժարվել Թուրքիայում անցկացվելիք միջազգային մրցաշարից,  որպեսզի ադրբեջանիցները մասնակցեն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի միջազգային կարգի վարպետ Մարիա Գեւորգյանը:

Օրերս Մարիա Գեւորգյանն իր ֆեյսբության էջում հրապարակեց մի լուսանկար, որում Թուրքիայում նախատեսված մրցաշարի կազմակերպիչը նամակագրությամբ Մարիա Գեւորգյանին խնդրել է հրաժարվել մրցաշարի մասնակցությունից, քանի որ այդպես են պահանջել ադրբեջանցիները:

Մարիա, ի՞նչ է տեղի ունեցել եւ ի՞նչն է խնդիրը:

Մի քանի օր առաջ Թուրքիայում կայանալիք Sivas Buruciye Сhess Open 2019 միջազգային մրցաշարին մասնակցելու առաջարկ ստացա, որը տեղի է ունենալու օգոստոսի 18-24-ը: 2018 թվականին նման մի մրցաշարի մասնակցել էի Թուրքիայում։ Այն շատ լավ էր կազմակերպված:  Այս մրցաշարին մասնացելու առաջարկն ինձ նախորդ մրցաշարի կազմակերպիչն արեց եւ տեղեկացրեց, որ կազմակերպիչը նա չէ, այլ մեկ ուրիշն է եւ նա ուղղակի ցանկանում է օգնել: Ապա ինձ հետ կապ հաստատեց Sivas Buruciye Сhess Open 2019-ի կազմակերպիչ Մուսթաֆա Էրոգլուն եւ հայտնեց, որ ինձ համար արդեն ինքնաթիռի տոմսեր են ամրագրում: Որոշ ժամանակ անց մրցաշարի կազմակերպիչը կրկին կապ հաստատեց ինձ հետ եւ հայտնեց, որ ինքնաթիռի տոմսերը բավական թանկ են: Ես էլ նրան տեղեկացրի, որ որեւէ խնդիր չեմ տեսնում եւ կարող եմ չեղարկել մասնակցության հայտս եւ չմեկնել Թուրքիա: Նա անմիջապես պատասխանեց, որ խնդիր չի լինի եւ իրենք սպասում են ինձ Թուրքիայում:

Մի քանի ժամ անց ստանում եմ հաղորդագրություն Մուսթաֆա Էրոգլուից հետեւյալ բովանդակությամբ՝ «Ադրբեջանցիները խնդրանք են ներկայարցել, որ եթե հայ շախմատիստ խաղա, իրենց չեն մասնակցի մրցաշարին»: Ես ոչինչ այլեւս չձեռնարկեցի: 

Եվ դու հրաժարվեցի՞ր մասնակցությունից:

Այո, հրաժարվեցի: Փաստացի կազմակերպիչը դրդեց դրան, քանի որ մրցաշարի կազմակերպիչները պետք է հոգ տանեին իմ բոլոր ծախսերը մասնակցության համար: Մուսթաֆայի հաղորդագրությունից պարզ էր, որ իրենք հրաժարվում են Հայաստանի մասնակցությունից եւ չեն հոգա իմ ծախսերը: Խնդրին միջամտեց Հայաստանի շախմատի ֆեդերացիան եւ նամակ գրեց ՖԻԴԵ-ին, որպեսզի ուսումնասիրի հարցը:

ՖԻԴԵ-ն մրցաշարի կազմակերպիչից պահանջեց ներկայացնել ադրբեջանցիների խնդրանքի նամակը հայ շախմատիստի մասնակցության վերաբերյալ: Ես կապ հաստատեցի Մուսթաֆա Էրոգլուի հետ, բայց նա որեւէ թուղթ այդպես էլ չներկայարցեց: Ամբողջ պատմությունը սա է: Հայաստանի շախմատի ֆեդերացիան եւս մեկ նամակով է դիմել ՖԻԴԵ-ին, որպեսզի միջազգային ֆեդերացիան իր կարծիքը հայտնի ստեղված իրավիճակի վերաբերյալ: Այժմ սպասում ենք ՖԻԴԵ-ի պատասխանին:

Ըստ քեզ՝ ի՞նչն էր պատճառը:

Իմ կարծիքով՝ որեւէ գրավոր խնդրանք չի եղել, ուղղակի բանավոր զրույց է եղել թուրք կազմակերպիչի եւ ադրբեջանցիների միջեւ: Որեւէ ֆինանսական խնդիր չկար: Եթե ֆինանսի խնդիրը լիներ, կազմակերպիչն ինձ այդպես էլ կասեր:

Երբեւէ նման դեպք եղե՞լ է մրցաշարերի ժամանակ, որ ադրբեջանական կողմը խնդիրներ ստեղծի Հայաստանի ներկայացուցչի մասնակցության հարցում:

Երբեւեէ նման խնդիր չենք ունեցել, սա շատ տարօրինակ է: Օրենքով որեւէ երկիր իրավունք չունի պահանջել մեկ ուրիշ երկրի մասնակցության չեղարկում: Երկիրը կարող է բոյկոտել մրցաշարը: Օրինակ՝ երեք տարի առաջ Բաքվում անցկացված շախմատի Համաշխարհային օլիմպիադան բոյկոտեցինք: Նորմալ է, որ մենք չենք գնում Բաքու՝ խաղալու, իրենք չեն գալիս  Երեւան: Բայց չեզոք գոտում, որ մի երկիրը մյուս երկրի նկատմամբ նման վերաբերմքունք եւ խոչընդոտ ստեղծի, նման բան երբեք տեղի չէր ունեցել:

Ադրբեջանական կողմը որեւէ բացատրություն տվե՞լ է:

Ադրբեջանը դեռեւս մեկնաբանությամբ հանդես չի եկել: Ուզում ենք հստակ հասկանալ, թե ովքեր են այդ շախմատիստները, որ նման խտրական վերաբերմունք են թույլ տվել Հայաստանի նկատմամբ: Մի քանի օրից մրցաշարը կմեկնարկի: Կուսումնասիրեմ ադրբեջանցիների կազմը եւ ըստ դրա՝ արդեն իրավիճակի որոշակի պատկերացում կկազմեմ:

Եթե այդպես էլ Ադրբեջանը չմեկնաբանի, ի՞նչ կստացվի:

Ամբողջ պատասխանատվությունը կընկնի կազմակերպիչի վրա: Կստացվի, որ նա անհիմն ադրբեջանցիների վրա է մեղքը դրել: Կազմակերպիչի հաղորդագրությունից հետո ես հայտարարություն տեղադրեցի իմ ֆեյսբուքյան էջում՝ կցելով նաեւ նրա ուղարկած հաղորդագրությունը: Դրանից հետո նա ինձ սպառնաց հեռացնել ֆեյսբուքից իմ հայտարարությունը, այլապես նա կդիմի տարբեր ատյաններին, մինչեւ անգամ դատարն, որ ես հրապարակել եմ մեր անձնական նամակագրությունը: Բայց ես այն չեմ հեռացրել: Իմ նպատակն է եղել բարձրաձայնել խնդիրը, որպեսզի բոլորն իմանան՝ ռասիզմ կա նաեւ սպորտում:

Ինձ հետ արդեն կապ է հաստատել Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը: Ի դեպ, նախարարությունը հստակ դեպքեր է մշակում ռասիզմը սպորտում:

Քո վերաբերմունքը ստեղված իրավիճակին:

Շախմատը միշտ համախմբել է մարդկանց: Տարբեր ազգություններ խաղացել ենք միասին: Ես միշտ հարգանքով եմ վերաբերվել իմ յուրաքանչյուր մրցակցին՝ առանց որեւէ կարեւորություն տալու, թե ինչ ազգություն ունի: Ինձ համար շատ ցավոտ է, որ սպորտում անամոթաբար այսպիսի խտրականություն է դրվում եւ նման քայլ է արվում հենց իմ դեմ: Չգիտեմ՝ ինչ պատճառով է արվել: Ամեն դեպքում կարծում եմ սա անուշադրության չպետք է մատնվի:  

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով