09:42  ,  27 օգոստոսի, 2012

Արթուր Աբրահամ. Դրանք ուրախության եւ տխրության արցունքներն էին

«Այս հաղթանակին եերկար էի սպասել, եւ մեկ հաղթանակի մեջ ընկած է ոչ թե 12 ռաունդ այլ անհամեմատ շատ ժամանակ` ամիսների, նույնիսկ տարիների տքնաջան աշխատանք»: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Արթուր Աբրահամը: Նա մասնագիտական մեկնաբանություն տվեց Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտին:

Արթուր,  Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտը էականորեն տարբերվեց քո անցկացրած մենամարտերից: Դու հաղթեցիր ոչ միայն քո որակների, այլ նաեւ ճիշտ ընտրված մարտավարության շնորհիվ:

Այո, մարտավարությունն այս մենամարտի համար հատուկ էր ընտրված: Միշտ մտածում են, որ Արթուր Աբրահամը պասիվ մենամարտ է անցկացնում: Այսուհետեւ այս քաշային կարգում ես նման ձեւով եմ մենամարտելու, ակտիվ եւ ինչ որ տեղ էլ ագրեսիվ ոճով: Շատ կարեւոր էր Շտիգլիցին պահել տարածության վրա եւ թույլ չտալ մրցակցին մոտ տարածության վրա կամ մերձամարտում մենամարտել: Ձախ ձեռքով անընդհատ աշխատելով` ես զրկում էի մրցակցին նման հնարավորությունից:

Վիճակագրության համաձայն, Շտիգլիցն ամենադիպուկ բռնցքամարտիկների շարքին է պատկանում, բայց քո հետ մենամարտում նա այդպես էլ չկարողացավ նպատակին հասցնել իր հարվածների առյուծի բաժինը: Դա՞ էլ էր այդ մարտավարության կիրառման արդյունքը:

Այո, իհարկե: Մենք շատ լավ ուսումնասիրել էինք մրցակցի մարտաոճը, եւ ես կարողացա մարտը ճիշտ կառուցել, դրանով իսկ ստեղծելով իմ հաղթանակի նախադրյալները:

Յուրաքանչյուր ռաունդի առաջին րոպեին Շտիգլիցը ակտիվանում էր, բայց վերջին երկու րոպեի ընթացքում առավելությունը քո կողմն էր անցնում: Սա ինչպե՞ս բացատրել:

Մրցակիցը ձգտում էր ինչ-որ առավելություն ստանալ, եւ ես շատ լավ գիտակցում էի դա: Բայց նախապատրաստելով ու անցկացնելով իմ աջ ձեռքի հարվածը` ես ստիպում էի նրան զգուշանալ, եւ նա արդեն հարված բաց չթողնելու նպատակով, խուսափում էր նույնիսկ միջին տարածության վրա հարվածներ փոխանակելուց:

Մենամարտի վերջնամասում դու անհամեմատ ավելի թարմ տեսք ունեիր: Դա ֆիզիկական պատրաստվածության արդյո՞ւնքն էր:

Կասկած չկա, որ ես ֆիզիկապես լավ պատրաստ էի, բայց նշեմ, որ ես շատ լավ բաշխեցի իմ ուժերն ամբողջ 12 ռաունդների ընթացքում: Այս գործոնն էլ շատ օգտակար եղավ հաղթանակին հասնելուն:

Մենամարտի ավարտից հետո,  նայելով քո եւ Շտիգլիցի դեմքին, արդեն արդյունքը պարզ էր: Դու գիտակցո՞ւմ էիր, որ հաղթել ես:

Ես հավատում էի, որ հաղթել եմ, որովհետեւ իրականում Շտիգլիցը դեմքի վրա բազմաթիվ վնասվածքներ ուներ բաց թողած հարվածների պատճառով: Նրան հետո հիվանդանոց տեղափոխեցին դեմքի պատռվածքներին կար դնելու համար:

Արթուր եւ վերջին հարցը: Մենամարտի ամբողջ ընթացքում դու շատ սառնասիրտ էիր, բայց հաղթանակը պաշտոնական հայտարարելուց հետու հուզվեցիր: Դա առաջի՞ն դեպքն էր:

Այո, առաջին դեպքն էր: Երեւի ինձ ավելի շուտ կհասականան մարզիկները եւ մարզիչները: Այս հաղթանակին ես իրոք երկար էի սպասել, եւ մեկ հաղթանակի մեջ ընկած է ոչ թե 12 ռաունդ այլ անհամեմատ շատ ժամանակ` ամիսների, նույնիսկ տարիների տքնաջան աշխատանք: Դրանք ուրախության եւ տխրության արցունքներն էին:

Արթուր ես հիշում եմ քո մենամարտերը, որոնցում դու պարտվեցին Անդրե Ուորդին եւ Կառլ Ֆրոչին: Չե՞ս կարծում, որ այդ մենամարտերը քեզ օգնեցին հաղթել Շտիգլիցին:

Ոչ թե չեմ կարծում, այլ հաստատ օգնել են: Ես այդ մենամարտերում չնայած պարտվեցի, բայց շատ բան սովորեցի: Ես այդ մենամարտերում անգնահատելի փորձ ձեռք բերեցի:

Արթուր մենամարտի վերջում դու հարցազրույցի ժամանակ գերմաներեն խոսելուց հետո խոսեցին նաեւ հայերեն:

Այո, ես ասացի այն, ինչ ուզում էի ասել. կապ չունի, թե մենք որտեղ ենք ապրում, մենք քիչ ենք, բայց մեզ Հայ են ասում:

Քեզ նորանոր հաղթանակներ եմ մաղթում:

Շնորհակալեմ եմ բոլորին, ովքեր հետեւում են իմ մենամարտերին ու թեկուզ այդպես, բայց աջակցում են:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով