09:42 27 օգոստոսի, 2012«Այս հաղթանակին եերկար էի սպասել, եւ մեկ հաղթանակի մեջ ընկած է ոչ թե 12 ռաունդ այլ անհամեմատ շատ ժամանակ` ամիսների, նույնիսկ տարիների տքնաջան աշխատանք»: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Արթուր Աբրահամը: Նա մասնագիտական մեկնաբանություն տվեց Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտին:
Արթուր, Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտը էականորեն տարբերվեց քո անցկացրած մենամարտերից: Դու հաղթեցիր ոչ միայն քո որակների, այլ նաեւ ճիշտ ընտրված մարտավարության շնորհիվ:
Այո, մարտավարությունն այս մենամարտի համար հատուկ էր ընտրված: Միշտ մտածում են, որ Արթուր Աբրահամը պասիվ մենամարտ է անցկացնում: Այսուհետեւ այս քաշային կարգում ես նման ձեւով եմ մենամարտելու, ակտիվ եւ ինչ որ տեղ էլ ագրեսիվ ոճով: Շատ կարեւոր էր Շտիգլիցին պահել տարածության վրա եւ թույլ չտալ մրցակցին մոտ տարածության վրա կամ մերձամարտում մենամարտել: Ձախ ձեռքով անընդհատ աշխատելով` ես զրկում էի մրցակցին նման հնարավորությունից:
Վիճակագրության համաձայն, Շտիգլիցն ամենադիպուկ բռնցքամարտիկների շարքին է պատկանում, բայց քո հետ մենամարտում նա այդպես էլ չկարողացավ նպատակին հասցնել իր հարվածների առյուծի բաժինը: Դա՞ էլ էր այդ մարտավարության կիրառման արդյունքը:
Այո, իհարկե: Մենք շատ լավ ուսումնասիրել էինք մրցակցի մարտաոճը, եւ ես կարողացա մարտը ճիշտ կառուցել, դրանով իսկ ստեղծելով իմ հաղթանակի նախադրյալները:
Յուրաքանչյուր ռաունդի առաջին րոպեին Շտիգլիցը ակտիվանում էր, բայց վերջին երկու րոպեի ընթացքում առավելությունը քո կողմն էր անցնում: Սա ինչպե՞ս բացատրել:
Մրցակիցը ձգտում էր ինչ-որ առավելություն ստանալ, եւ ես շատ լավ գիտակցում էի դա: Բայց նախապատրաստելով ու անցկացնելով իմ աջ ձեռքի հարվածը` ես ստիպում էի նրան զգուշանալ, եւ նա արդեն հարված բաց չթողնելու նպատակով, խուսափում էր նույնիսկ միջին տարածության վրա հարվածներ փոխանակելուց:
Մենամարտի վերջնամասում դու անհամեմատ ավելի թարմ տեսք ունեիր: Դա ֆիզիկական պատրաստվածության արդյո՞ւնքն էր:
Կասկած չկա, որ ես ֆիզիկապես լավ պատրաստ էի, բայց նշեմ, որ ես շատ լավ բաշխեցի իմ ուժերն ամբողջ 12 ռաունդների ընթացքում: Այս գործոնն էլ շատ օգտակար եղավ հաղթանակին հասնելուն:
Մենամարտի ավարտից հետո, նայելով քո եւ Շտիգլիցի դեմքին, արդեն արդյունքը պարզ էր: Դու գիտակցո՞ւմ էիր, որ հաղթել ես:
Ես հավատում էի, որ հաղթել եմ, որովհետեւ իրականում Շտիգլիցը դեմքի վրա բազմաթիվ վնասվածքներ ուներ բաց թողած հարվածների պատճառով: Նրան հետո հիվանդանոց տեղափոխեցին դեմքի պատռվածքներին կար դնելու համար:
Արթուր եւ վերջին հարցը: Մենամարտի ամբողջ ընթացքում դու շատ սառնասիրտ էիր, բայց հաղթանակը պաշտոնական հայտարարելուց հետու հուզվեցիր: Դա առաջի՞ն դեպքն էր:
Այո, առաջին դեպքն էր: Երեւի ինձ ավելի շուտ կհասականան մարզիկները եւ մարզիչները: Այս հաղթանակին ես իրոք երկար էի սպասել, եւ մեկ հաղթանակի մեջ ընկած է ոչ թե 12 ռաունդ այլ անհամեմատ շատ ժամանակ` ամիսների, նույնիսկ տարիների տքնաջան աշխատանք: Դրանք ուրախության եւ տխրության արցունքներն էին:
Արթուր ես հիշում եմ քո մենամարտերը, որոնցում դու պարտվեցին Անդրե Ուորդին եւ Կառլ Ֆրոչին: Չե՞ս կարծում, որ այդ մենամարտերը քեզ օգնեցին հաղթել Շտիգլիցին:
Ոչ թե չեմ կարծում, այլ հաստատ օգնել են: Ես այդ մենամարտերում չնայած պարտվեցի, բայց շատ բան սովորեցի: Ես այդ մենամարտերում անգնահատելի փորձ ձեռք բերեցի:
Արթուր մենամարտի վերջում դու հարցազրույցի ժամանակ գերմաներեն խոսելուց հետո խոսեցին նաեւ հայերեն:
Այո, ես ասացի այն, ինչ ուզում էի ասել. կապ չունի, թե մենք որտեղ ենք ապրում, մենք քիչ ենք, բայց մեզ Հայ են ասում:
Քեզ նորանոր հաղթանակներ եմ մաղթում:
Շնորհակալեմ եմ բոլորին, ովքեր հետեւում են իմ մենամարտերին ու թեկուզ այդպես, բայց աջակցում են:
Զրուցեց Խաչիկ Չախոյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.