13:21  ,  26 օգոստոսի, 2012

Արմեն Անտոնյան. Ճիշտ ընտրած մարտավարության շնորհիվ Աբրահամը զրկեց Շտիգլիցին հաղթաթղթերից

Արթուր Աբրահամը, WBO վարկածով աշխարհի չեմպիոնի մենամարտում  մրցավարների միաձայն որոշմամբ 116-112, 116-112, 115-113 հաշվով հաղթելով գործող չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին, նվաճեց իր առաջին տիտղոսը երկրորդ միջին քաշային կարգում եւ սկսեց կրել մոլորակի լավագույն բռնցքամարտիկի գոտին WBO վարկածով: Մենամարտի համար նախատեսված 12 ռաունդներից առնվազն 8-ում հայ բռնցքմարտիկի առավելությունը ակնհայտ էր:

NEWS.am Sport-ի թղթակիցը Արթուր Աբրահամի մենամարտի ընդհանուր պատկերը մասնագիտորեն ներկայացնելու համար զրուցել է Հայաստանի վաստակավոր մարզիչ Արմեն Անտոնյանի հետ:

Պարոն Անտոնյան, ինչի՞ շնորհիվ հաղթեց Արթուրը:

Նախ ասեմ, որ Արթուրը հիանալի էր պատրաստված ֆիզիկապես: Ճիշտ է, վերջին ռաունդների ընթացքում բնականաբար մեկնարկային թարմությունը չկար, սակայն մեր բնռցքամարտիկը անհամեմատ ավելի թարմ էր, քան մրցակիցը: Բացի այդ Արթուրը եւ նրա մարզիչները շատ լավ ուսումնասիրել էին Շտիգլիցի ոճը: Ես կարծում եմ, որ հենց ճիշտ ընտրված մարտավարության շնորհիվ Աբրահամը կարողացավ զրկել Շտիգլիցին  հաղթաթղթերից: Նշենք, որ Ռոբերտ Շտիգլիցը վիճակագրության համաձայն համարվում է շատ դիպուկ հարվածներ կատարող բռնցքամարտիկ, իսկ Արթուրի հետ մենամարտում դա չտեսանք, քանի որ մեր բռնցքամարտիկը շատ լավ պաշտպանվում էր եւ շատ ճիշտ ժամանակին անցնում գրոհների:

Մենամարտից առաջ պարզ էր, որ Շտիգլիցը ձգտելու է մենամարտել միջին կամ հեռու տարածությունից: Իսկ Արթուրին հարկավոր էր կրճատել հարվածային տարածությունը: Բայց դա չխանգարեց Արթուրին:

Իհարկե, չխանգարեց: Բայց չխանգարեց միայն այն պատճառով, որ Արթուրի գրոհները կատարվում էին արագ ու նախապատրաստված: Բացի այդ մեր բռնցքամարտիկը շատ լավ նշան էր բռնում, ու մրցակիցն այդպես էլ հակագործողություն չկարողացավ գնտել Աբրահամի աջ ձեռքի ուղիղ ու կողային հարվածների դեմ:

Եղան դրվագներ, երբ Արթուրը հնարավորություն էր տալիս Շտիգլիցին հարվածաշարեր անցկացնել:

Նման ձեւով Աբրահամը հոգնեցնում էր գերմանացուն: Ամուր պաշտպանության անցնելով՝ մեր բռնցքամարտիկը ոչ մի հարված բաց չթողեց: Իսկ Շտիգլիցը հարվածներ անցկացնելով հոգնում էր, ահա թե ինչու յուրաքանչյուր ռաունդի առաջին րոպեի ընթացքում Շտիգլիցը անարդյունավետ գրոհում էր, իսկ մյուս երկու րոպեներին բաց թողնում Արթուրի հարվածները: Շատ ճիշտ կազմակերպված մարտավարություն էր Արթուրի կողմից: Բացի այդ, կարծում եմ, շատերը տեսան, թե ինչքան սառնասիրտ էր հայ բռնցքամարտիկը: Նա միայն հաղթական ավարտից հետո տեղի տվեց իր էմոցիաներին, ու նշեց որ հպարտ է որ hայ է: Մենք էլ պետք է հպարտ լինենք, որ նման բռնցքամարտիկ ունենք:

Իսկ Արթուրի գործողություններում դուք փոփոխություն նկատեցի՞ք:

Այն, որ Արթուրը շատ լավ կարող է պաշտպանվել, մենք տեսել էինք, բայց այն, որ նրա հարվածները նպատակին կհասնեն հարվածային բոլոր տարածություններից, սա արդեն նորություն էր, ու ընդ որում՝ շատ հաճելի նորություն: Արթուրն արժանի էր չեմպիոնական տիտղոսին եւ հիմա արժանիորեն կրում է չեմպիոնական գոտին:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում