19:02  ,  15 հուլիսի, 2019

Ռ. Էմմիյան. ՀՖՖ-ն համաձայնություն է տվել «Հանրապետականում» կառուցել աթլետիկական ռետինե վազքուղի

ՀՖՖ-ն համաձայնություն է տվել Երեւանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կառուցել ռետինե ծածկույթով աթլետիկական վազքուղի։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ֆրանիսայից ասաց հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը։

«Օրերս ինձ հետ կապ հաստատեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի օգնականը եւ հայտնեց, որ ֆեդերացիան համաձայնել է «Հանրապետական» ստադիոնում կառուցել ռետինե ծածկույթով միջազգային չափանիշներին համապատասխանող վաղքուղի։

Սա իմ երկար տարիների երազանքն է, որը երկար ժամանակ մնացել էր նախորդ իշխանությունների սեղանին։ Դեռես 2011 թվականից ես դիմել էի միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաներին՝ Հայաստանում աթլետիկական վազքուղի կառուցելու հարցում աջակցելու համար։ Եթե նախկինում կառավարությունից պահանջվում էր ծրագրի իրականացման համար մեծ ներդրում կատարել, այսօր գրեթե ոչ մի ներդրման կարիք չկա։ Եվրոպական եւ միջազգային կառույցներն ամբողջությամբ ծախսերը վերցրել են իրենց վրա։ Մեր կառավարության կողմից անհրաժեշտ է միայն կազմակերպել մարզադաշտի վազքուղիների ասֆալտապատման աշխատանքները։

2018 թվականի նոյեմբերին հանդիպում ունեցա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ներկայացրեցի ծրագիրս, եւ նա սիրով համաձայնեց, առաջարկելով որպես մարզադաշտ օգտագործել «Հանրապետականը»՝ թույլտվություն ստանալով ֆուտբոլի ֆեդերացիայից։

Արդեն եղել են բանակցություններ եւ Արթուր Վանեցյանը դեմ չի եղել մարզադաշտում կառուցել վազքուղի։ Միայն խնդրել է, որ չօգտագործենք խոտածածկը եւ մարզադաշտում անցկացնենք միայն վազքային մրցաձեւերի մրցումներ։

Ես համաձայն եմ, քանի որ ցատկային ձեւերի ու նետումների մարզումները կանենք «Սպարտակ» մարզադաշտում։ Դեռ կլինեն բանակցություններ, սպասում եմ Արթուր Վանեցյանի վերջնական պատասխանին եւ կառավարության համաձայնությանը՝ ասֆալտապատման աշխատանքներն իրականացնելու համար»,- ասաց Ռոբերտ Էմմիյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով