14:25  ,  10 հունիսի, 2019

Կամո Հովհաննիսյան․ Շանսեր միշտ էլ կան, կփորձենք առավելագույն օգտագործել դրանք

Շանսեր միշտ էլ կան, կփորձենք առավելագույն օգտագործել դրանք, ասել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ժետիսուի» եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը Աթենքում լրագրողների հետ ճեպազրույցում, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակից Սամվել Սուքիասյանը։

Հայաստանի հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ պատրաստվում է Հունաստանի հավաքականի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի չորրորդ տուրի հանդիպմանը։

«Ինձ համար սովորական է դարձել դիրքեր փոխելը։ Այո, աջ եզրում ավելի հարմար եմ ինձ զգում, բայց տարբերությունը մեծ չէ։ Հիմա ֆուտբոլում պաշտպան եւ կիսապաշտպան գրեթե նույն աշխատանքն են կատարում, այնտենղ արդեն մարզիչի փիլիսոփայության հարցն է՝ կիսապաշտպանը օգնի պաշտպանին, թե միանա հարձակմանը։ Ինձ ավելի հարմար է խաղալ եզրերում։

Գեւորգ Ղազարյանի հետ շատ հարմար է խաղալ եզրում, քանի որ նա ահռելի աշխատանք է կատարում թե հարձակման, թե պաշտպանության ժամանակ։

Ղազախստանում շատ է արագաուժային, ֆիզիկական ֆուտբոլը, փորձում ես հարմարվել դրան եւ աճ գրանցես։ Այո, ինձ շատ է օգնել Բելառուսի եւ Ղազախստանի առաջնությունները առաջընթացի համար։

Ֆուտբոլիստներն իրենք իրենց առաջին քննադատներն են։ Ես ամեն խաղից հետո դիտում եմ տեսագրությունը, առանձնացնում եմ սխալները եւ փորձում շտկել։ Հիմա բոլորս դրական ենք տրամադրված՝ պետք է հաջողության հասնենք։

Բնականաբար պարտություններից հետո մարզիչին են քննադատում, բայց պետք է ժամանակ տալ մարզիչին, որ կարողանա խաղացողներին ավելի լավ բացատրի իր մոտեցումները։

Ամեն ամեն անգամ մարզիչին նշանակում են, մի քանի ամիս հետո հեռանում է՝ չհասցնելով որեւէ բան անել։

Առջեւում դեռ յոթ խաղ ունենք, շանսեր միշտ էլ կան, կփորձենք առավելագույն օգտագործել դրանք։

Շատ շնորհակալ ենք բոլոր երկրպագուներին, որոնք գալու են մարզադաշտ եւ աջակցելու են մեզ։ Պետք է հույսով եւ հավատով միասնական մտնենք խաղադաշտ եւ հավատանք, որ կարող ենք լավ ֆուտբոլ խաղալ եւ լավ արդյունք ունենալ»,- ասաց Կամո Հովհաննիսյանը։

Հունիսի 11-ին կայանալիք Հունաստան - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով