15:54  ,  23 սեպտեմբերի, 2016

Սուարեսին հրավիրել են կանանց ֆուտբոլային խաղի

Ֆուտբոլի կանանց Իսպանիայի առաջնությունում հանդես եկող «Սանտա Տերեզա» ակումբը «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին հրավիրել է առաջիկա խաղին: Հրավերի պատճառը Սուարեսի հայտարարությունն էր այն մասին, որ «Ֆուտբոլը տղամարդկանց խաղ է»:

Ուրուգվայցին նման հայտարարություն էր արել այն բանից հետո, երբ Մադրիդի «Աթլետիկոյի» բրազիլացի պաշտպան Ֆելիպե Լուիսը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի խաղից հետո հրապարակել էր իր վնասված ոտքի լուսանկարը: Դրվագներից մեկում Սուարեսը կոպիտ խաղով էր առանձնացել Լուիսի դեմ պայքարում եւ ստացել էր դեղին քարտ։

«Ֆուտբոլը տղամարդկանց խաղ է, եւ ինչ կատարվում է խաղադաշտում, պետք է մնա խաղադաշտում: Պետք չէ ամեն անգամ կրկեսի վերածել այն ամենը»,- նշել էր Սուարեսը:

«Մենք Լուիս Սուարեսին հրավիրում ենք «Բետիսի» դեմ խաղին»,- նշված է «Սանտա Տերեզայի» թվիթերյան էջում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում