09:09  ,  8 հոկտեմբերի, 2015

Հայաստան vs Ֆրանսիա. 5-րդ դիմակայության սպասումով

Հայաստանի եւ Ֆրանսիայի հավաքականները հոկտեմբերի 8-ին ֆուտբոլային խաղադաշտում կհանդիպեն 5-րդ անգամ: Նախորդ 4 խաղերում հաղթել են ֆրանսիացիները:

Ազգային թիմերի միջեւ առաջին հանդիպումը կայացել է 1996-ի հունիսի 5-ին, երբ Ֆրանսիայի հավաքականը Լիլում անցկացված ընկերական մրցավեճում խփեց 2 անպատասխան գոլ:

Երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ 3 տարի անց: Եվրո-2000-ի ընտրական փուլում Ֆրանսիայի հավաքականը 1999-ի մարտի 31-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում ընդունեց Հայաստանի թիմին՝ դարձյալ առավելության հասնելով 2:0 հաշվով:

Պատասխան խաղը կայացավ 1999-ի սեպտեմբերի 8-ին, երբ ֆրանսիացիները 3:2 հաշվով կամային հաղթանակ տարան Երեւանի «Հրազդան» ստադիոնում: Այդ խաղում Հայաստանի թիմից աչքի ընկան Կարապետ Միքայելյանն ու Արմեն Շահգելդյանը, իսկ հյուրերից՝ Զինեդին Զիդանը, Լիլիան Լասլանդը եւ ֆրանսահայ Յուրի Ջորկաեֆը, որը վերջերս ժամանել էր Հայաստան: 

Հաղթահարելով ընտրական փուլի արգելքը՝ աշխարհի նորընծա չեմպիոն ֆրանսիացիները 2000-ին նվաճեցին նաեւ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Հայաստանի եւ Ֆրանսիայի հավաքականների միջեւ նախորդ խաղը տեղի ունեցավ 2014-ի հոկտեմբերի 14-ին, երբ Դիդյե Դեշամի թիմը 3 անպատասխան գոլ խփեց Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: Այդ խաղում նկատվեց թիմերի խաղամակարդակների տարբերությունը եւ ֆրանսիացիները ոչ մի շանս չտվեցին Հայաստանի հավաքականին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան Եվրո-2016-ի կազմակերպիչ երկիրն է եւ ընկերական խաղեր է անցկացնում ընտրական I խմբի թիմերի՝ Հայաստանի, Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի եւ Ալբանիայի հավաքականների հետ: 

Ֆրանսիա – Հայաստան խաղը կանցկացվի Նիցա քաղաքի «Ալյանս Ռիվյերա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում