10:36  ,  30 ապրիլի, 2012

Կողմ եւ դեմ. «Մանչեսթեր Սիթի» vs «Մանչեսթեր Յունայթեդ»

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 36-րդ տուրում տեղի կունենա մանչեսթերյան դերբին: Այս հանդիպումն իր դիտարժանությամբ եւ կարեւորությամբ չի զիջում ոչ մի դիմակայության: Առաջնության ավարտից երեք տուր առաջ «Մանչեսթեր Յունայթեդն» ընդամենը երեք միավոր է գերազանցում գլխավոր մրցակցին եւ չեմպիոնության հարցը կարող է լուծվել մեկ խաղում:

Անգլիական մրցաշրջանի ամենակարեւոր հանդիպումը չէր կարող վրիպել NEWS.am Sport-ի «Կողմ եւ դեմ» նախագծի «փաստաբանների» ուշադրությունից:

Այս անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» շահերը կներկայացնի Հակոբ Վարդանյանը, իսկ «Մանչեսթեր Սիթի» պաշտպանը Դավիթ Եղիազարյանն է:

Հիշեցնենք, որ «փաստաբաններն» ակումբային նախասիրություն չունեն, դերաբաշխումը կատարվել է պատահականության սկզբուքնով: 

 

Դավիթ Եղիազարյան, «Մանչեսթեր Սիթիի» փաստաբան

1. Խաղադաշտի գործոնը

«Մանչեսթեր Սիթին» ընթացիկ առաջնությունում ֆանտաստիկ արդյունք է ցուցադրել սեփական խաղադաշտում անցկացրած հանդիպումներում:  «Էթիհադ Սթեդիումում» Ռոբերտո Մանչինիի թիմն անցկացրել է 17 հանդիպում՝ տանելով 16 հաղթանակ: Դեռեւս միայն «Սանդերլենդին» է հաջողվել մեկ միավոր տանել «Էթիհադ Սթեդիումից» (3:3): Բացի այդ, ներառած նախորդ մրցաշրջանը՝ «Սիթին» գոլ է խփել սեփական խաղադաշտում անցկացրած նախորդ 29 հանդիպումներում անընդմեջ: Ընդ որում՝ թիմը չի պարտվել նշված 27 խաղերում: Շատերը կարծում են, որ խաղից առաջ վիճակագրությունը ոչ մի նշանակություն չունի, սակայն հնարավոր չէ չնկատել, որ «Սիթին» տանը չափազանց հաջող է հանդես գալիս:

2. Կատարողները

Արաբ ներդրողների գալով՝ «Մանչեսթեր Սիթին» զգալիորեն ուժեղացրեց թիմը՝ աստղային կազմով գերազանցելով անգլիական բոլոր ակումբներին: Նրանք ուժեղ են մնացած մրցակիցներից բոլոր դիրքերում՝ սկսած դարպասապահից մինչեւ հարձակման սուր ծայրը: «Սիթիի» առավելությունը խաղադաշտի կենտրոնն է: «Յունայթեդում» չկան Դավիդ Սիլվայի ու Յայա Տուրեի խաղամակարդակի ֆուտբոլիստներ: Բարձրակագ կիսապաշտպանների մեծ ցուցակը Ռոբերտո Մանչինիին թույլ է տալիս պահպանել խաղային սխեմաների բազմազանությունը: Երբ Նայջլ Դե Յոնգի կարգի ֆուտբոլիստը տեղ չի ունենում թիմի մեկնարկային կազմում, դա խոսում է ակումբի հզորության մասին:

3. Ճնշումը

Նախորդ երեք խաղերում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդամենը չորս միավոր է վաստակել՝ ութ միավորի առավելությունը հասցնելով երեքի՝ վտանգի ենթարկելով այդքան մոտ թվացող չեմպիոնական տիտղոսը: Առաջնությունում չհաղթելն այնքան էլ սարսափելի չի լինի Ֆերգյուսոնի թիմի համար: Ի վերջո, հնարավոր չէ ամեն տարի չեմպիոն հռչակվել:    

«Յունայթեդի» համար սարսափելի կլինի, եթե նրանք դադարեն տանտեր համարվել սեփական տանը, ինչը լարվածություն կստեղծի թիմի ճամբարում: Երեք անընդմեջ հաղթանակ տարած մրցակիցը, ընդհակառակը՝ հիանալի տրամադրությամբ է մոտենում կարեւոր հանդիպմանը: Նախորդ երեք խաղերում «Սիթին» 12 գոլ է խփել՝ սեփական դարպասն ընդունելով մեկը:

4. Կարլոս Տեւես

Վերադառնալով չթույլատրված արձակուրդից՝ Կարլոս Տեւեսն անմիջապես հարմարվեց թիմակիցների խաղին՝ մեծացնելով թիմի հարձակողական ներուժը: Գոլային փոխանցում «Չելսիի» հետ խաղում, խփած գեղեցիկ գնդակ «Վեստ Բրոմվիչի» դարպասը եւ հեթ-տրիկ «Նորվիչի» հետ խաղում. այսպիսին էր 6 ամիս ֆուտբոլային խաղադաշտից բացակայած Կարլոս Տեւեսը նախորդ խաղերում:

Ինչպես ասում են՝ «տաղանդը չի կորում»: Ինչպիսին էլ որ լինի Տեւեսը, միեւնույն է նա չի դադարի լինել առաջատար, որը դժվարին պահերին կարող է առաջնորդել թիմակիցներին դեպի անհավատալի թվացող հաղթանակը:
«Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին, որը կառավարում է թիմի խաղը պաշտպանությունում, չի կարողանում իսկական առաջատարի որակներով աչքի ընկել, իսկ Տեւեսն այդ դերում ուղղակի անկրկնելի է:

Հակոբ Վարդանյան, «Մանչեսթեր Յունայթեդի» փաստաբան

1. Նրանք գիտեն ինչպես...

Սկսած 1992 թվականից, երբ ստեղծվեց Պրեմյեր լիգան, «Մանչեսթեր Յունայթեդը» բոլորից շատ է չեմպիոն հռչակվել: Նախորդ տարի «Յունայթեդը» կրկնեց «Լիվերպուլի»՝ հավերժական թվացող ռեկորդը՝ 19-րդ անգամ հռչակվելով Անգլիայի չեմպիոն:

Այս ամենը, իհարկե, պատմություն է, սակայն այսօրվա «Յունայթեդի» կորիզը չեմպիոն է հռչակվել նախորդ հինգ տարիներին: Ֆերգյուսոնի թիմը կարեւոր հանդիպումների մեծ փորձ ունի: «Յունայթեդի» ֆուտբոլիստների ծնկները չեն դողում կարեւոր խաղերում: Նրանք գիտեն ինչպես տիտղոսներ նվաճել, եւ «Էթիհադ Սթեդիում» կմեկնեն չեմպիոնության հետեւից:

2. Մրցակցի խաղադաշտում

«Մանչեսթեր Յունայթեդն» ընթացիկ մրցաշրջանում տնային խաղերում երբեմն շատ հանգիստ էր գործում՝ ժամանակից շուտ հավատալով հաջողությանը: Օրինակ՝ «Էվերտոնի» հետ խաղում (4:4), երբ թիմը հանդիպման վերջնամասում չկարողացավ պահպանել երկու գնդակի առավելությունը: Մրցակցի խաղադաշտում «Յունայթեդը» բավական համախմբված է գործում՝ 17 խաղ, 12 հաղթանակ: Այս ցուցանիշով «Յունայթեդը» գերազանցում է մնացած ակումբներին:

«Մանչեսթեր Սիթիի» խաղադաշտում եւս Ֆերգյուսոնի թիմը շատ հաջող է խաղում: Նախորդ անգամ «Սիթին» տանը «Յունայթեդին» հաղթել է 2007 թվականին: Այդ ժամանակ աչքի ընկավ Ջովանին (այո, այո, ժամանակին «Սիթիում» հենց այսպիսի խաղացողներ էին հանդես գալիս): «Սիթիի» խաղադաշտում նախորդ երեք խաղերից երկուսում «Յունայթեդը» հաղթել է նվազագույն հաշվով, մեկ խաղում գոլեր չեն գրանցվել:

3. Մթնոլորտը

«Սիթիում» հավաքվել են չափազանց բարձրակարգ կատարողներ, սակայն մթնոլորտն ակումբում ծայրահեղ անկայուն է: Մարզիչի հեղինակությունը սասանված է, ֆուտբոլիստները նեղացնում են երեխաներին, վիճում են տուգանայինը իրացնելու համար, ծեծկռտուք են սարքում մարզումների ժամանակ` այնտեղ թիմ պարզապես գոյություն չունի: Երբ Դավիդ Սիլվան, Յայա Տուրեն եւ մյուս առաջատարներն ինքնուրույն չեն կարողանում վճռել հանդիպման ելքը` «Սիթին» բախվում է լուրջ խնդիրների:

Այդ ֆոնին «Յունայթեդն» շատ ավելի հզոր տեսք ունի. «սատանաները» կարող են ցուցադրել դժգույն խաղ, սակայն թիմային գործողությունների շնորհիվ կորզել 3 միավորը:

Կարեւորագույն հանդիպումից առաջ «կարմիր սատանաների» ճամբարում առողջ մթնոլորտ է, եւ Ալեքս Ֆերգյուսոնի կոլեկտիվը նման է ընտանիքի:

Եվս մեկ գործոն ճնշում է «Սիթիին»: Արաբական նավթադոլարները ծանր բեռ են մարզիչի եւ խաղացողների ուսերին: Անհաջողության դեպքում նրանց սպառնում է աշխատանքի կորուստ: Եթե ակումբը պաշտոնանկ անի Մանչինիին, ապա հաջորդ մարզիչը, մեծ հավանականությամբ, կհրաժարվի այսօրվա կազմի շատ ֆուտբոլիստներից:

«Մանչեսթեր Սիթիում» ներդրվել են հսկայական գումարներ: Սակայն այդ ներդրումները դեռ չեն արդարացվել: Հերթական անհաջողությունը կորակվի որպես ձախողում:

4. Մրցաշարային աղյուսակ

«Յունայթեդի» օգտին կարելի է բերել բազմաթիվ փաստարկներ. հզոր խաղ եզրերում եւ Փոլ Սքոուլզի ֆենոմենալ մարզավիճակը: Սակայն շեշտը դնենք արդյունքի վրա. առաջնության ավարտից երեք տուր առաջ «Յունայթեդը» մրցակցից առաջ է երեք միավոր: Նրանք «Էթիհադ Սթեդիում» են գնում նաեւ ոչ ոքիի հետեւից: «Մանչեսթեր Սիթին» ստիպված կլինի խաղալ առաջին համարով, եւ «Յունայթեդի» արագաշարժ ֆուտբոլիստները հնարավորություն կստանան սրընթաց հակագրոհներ կազմակերպել: Եթե հյուրերն առաջինը գնդակ խփեն, ապա դաշտի տերերի խնդիրը կդառնա չափազանց ծանր, քանի որ Անգլիայի չեմպիոնը լավագույնն է աշխարհում ըստ հաշվի խաղալու տեսանկյունից:

«Էվերտոնի» հետ խաղում (4:4) տեղի ունեցածը «Յունայթեդի» թուլացածության հետեւանք էր: Այսօր «Սիթի» հետ ոչ մի զիջում պետք չէ սպասել:

«Մանչեսթեր Սիթիի» հաղթանակի դեպքում թիմերը հավասար միավորներ կվաստակեն, իսկ խփած ու բաց թողած գնդակների լավագույն տարբերությամբ աղյուսակը կգլխավորի Ռոբերտո Մանչինիի թիմը: Մինչեւ հանդիպումը «Մանչեսթեր Սիթին» ունի +60 արդյունքը, իսկ «Յունայթեդը»` +54:

Ոչ ոքիի դեպքում Ալեքս Ֆերգյուսոնի սաները, մնացած երկու հանդիպումներում վաստակելով չորս միավոր, ապահովում են չեմպիոնական 20-րդ տիտղոսը, իսկ «կարմիր սատանաների» հաղթանակը գրեթե 100 տոկոսով կապահովի գործող չեմպիոնի հերթական տիտղոսը:

P. S. Հանդիպումը կմեկնարկի ապրիլի 30-ին Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով