09:30  ,  19 մայիսի, 2012

Կողմ եւ դեմ. «Բավարիա» vs «Չելսի»

Մայիսի 19-ին Մյունխենի «Ալյանս Արենա» ստադիոնում կկայանա 2011/2012 մրցաշրջանի ամենասպասված հանդիպումներից մեկը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Մյունխենի «Բավարիան» եւ Լոնդոնի «Չելսին» կպարզեն Եվրոպայի ուժեղագույն ակումբին: Այս հանդիպումը չէր կարող վրիպել «Կողմ եւ դեմ» խորագրի «փաստաբանների» ուշադրությունից: Այս անգամ «Բավարիայի» պաշտպանն է Դավիթ Եղիազարյանը, իսկ «Չելսիի» շահերը ներկայացնում է Հակոբ Վարդանյանը: «Փաստաբաններն» ակումբային նախասիրություն չունեն, դերաբաշխումը կատարվել է պատահականության սկզբուքնով: 

Հակոբ Վարդանյան. «Չելսիի» փաստաբան

1. Հիմա կամ երբեք

Ռոման Աբրամովիչն ու «Չելսին» վաղուց են երազում Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին: Անցնում են տարիներ, ծախսվում են միլիոնավոր դոլարներ, սակայն լոնդոնցիների երազանքն այդպես էլ չի իրականացվում: «Չելսիի» որոշ ֆուտբոլիստների համար «Բավարիայի» հետ մրցավեճը կարող է ամբողջ կյանքի հանդիպում դառնալ: Ջոն Թերի, Ֆրենկ Լեմպարդ, Դիդյե Դրոգբա, Էշլի Քոուլ, Մայքլ Էսյեն, Պետեր Չեխ. հնարավոր է, որ սա նրանց վերջին հնարավորությունն է բարձրացնել Չեմպիոնների լիգայի գավաթը: Նրանք կանեն հնարավոր ամեն բան, որպեսզի օգտվեն այդ հնարավորությունից: Ամբողջ Եվրոպան տեսել է, թե ինչպես են կարողանում այս ֆուտբոլիստները հաղթել անհուսալի թվացող հանդիպումներում: Մնում է մեկ անգամ եւ համախմբել բոլոր ուժերը եւս ցուցադրել լավագույն որակներն ու առավելագույն հնարավորությունները: Նրանք լուրջ հնարավորություններ ունեն, նույնիսկ առանց Թերիի:

2. Խաղ արդյունքի համար

Գարնանային «Չելսին» դա մի թիմ է, որն արդյունքի համար է խաղում: Տեսնելով, որ Չելսին բավական հեռու է Չեմպիոնների լիգայի գոտուց՝ Դի Մատեոն որոշեց կոնտրոնանալ գավաթների վրա: Անգլիայի Գավաթն ապահովագրություն էր Չեմպիոնների լիգայի համար, իսկ Չեմպիոնների լիգան ամեն ինչ էր «Չելսիի» համար: Իտալացին սովորեցրեց թիմին համբերել եւ սպասել իրենց շանսին: Այսօրվա «Չելսին» սարսափելի արդյուանվետ է օգտագործում գոլային պահերը: Թիմը կարող է մեկ-երկու դրվագներով որոշել խաղի երքը: Ի տարբերություն «Չելսիի» խաղացողների, «Բավարիայի» ռմբարկու Մարիո Գոմեսին երեքից չորս գոլային պահ է պետք դարպասը գրավելու համար: «Չելսին» կարողանում է խաղալ արդյունքի համար: Դա հատկապես երեւաց «Լիվերպուլի» հետ խաղերում: Անգլիայի Գավաթի եզրափակիչում լոնդոնցիները «Լիվերպուլին» հաղթեցին 2:1 հաշվով, իսկ մի քանի օր անց Պրեմյեր լիգայի շրջանակում 1:4 հաշվով պարտվեցին նույն մրցակցին:

3. «Ալյանս Արենա»

Սեփական ստադիոնում խաղալը կարող է չար կատակ դառնալ «Բավարիայի» համար: Պետք չէ մեծ ուշադրություն դարձնել խաղադաշտի գործոնին: Սա երզրափակիչ է, որտեղ թիմերն ընդամենը մեկ հանդիպում են անցկացնում՝ ներդնելով բոլոր ուժերն ու հնարավորությունները: Բացի այդ, այս տղաները «Նու Կամպ» մեկնեցին նման պայմաններում՝ ապացուցելով, որ կարող են գլուխները բարձր պահած հեռանալ ցանկացած ստադիոնից:

Սեփական խաղադաշտում խաղալն ավելորդ լարվածություն է ստեղծում «Բավարիայի» համար: Մյունխենյան ակումբը երկրորդ տարին անընդմեջ չեմպիոնի տիտղոսը զիջում է Դորտմունդի «Բորուսիային», իսկ գավաթի խաղարկության եզրափակիչում 2:5 հաշվով կրած պարտությունը հերթական ապտակն էր դորտմունդցիների կողմից:

Այս երկու թիմերի միջեւ եղած տարբերությունն այն է, որ լոնդոնյան ակումբի երկրպագուները հավատում եւ աղոթում են «Չելսիի» համար, այն դեպքում, երբ «Բավարիայի» երկրպագուները պարտադրում են՝ հիմա եւ այստեղ: Իսկ դա ավելորդ ճնշում է գերմանացիների համար:

4. Եզրերը

Էշլի Քոուլը կարող է դավաճանել իր կնոջը, հրազենով կրակել ակումբի աշխատակցի վրա, ատելության արժանանալ «Արսենալի» երկրպագուների կողմից, սակայն ֆուտբոլային խաղադաշտում նա լավագույններից մեկն էր իր դիրքում:

«Բավարիայի» խաղը մեծապես կախված է Արյեն Ռոբենից ու Ֆրանկ Ռիբերիից: Կիսեզրափակիչի առաջին խաղում «Ռեալի» պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն լուրջ խնդիրներ առաջացրեց հոլանդացու համար՝ ստիպելով նրան կոպիտ խախտումներ թույլ տալ: Էշլի Քոուլի պես վարպետի դեմ Ռոբենն ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնի: Պաշտպանության մյուս եզրում խաղում է «Չելսիի» ամենաթերագնահատված ֆուտբոլիստներից մեկը՝ Ժոզե Բոսինգվան: Սակայն պորտուգալացու վարպետությունը կասկած չի հարուցում: 2009-ին «Նու Կամպում» նա հիանալի խաղաց Մեսիի դեմ պաշտպանության ձախ եզրում, իսկ այս մրցաշրջանում «Բարսելոնայի» հետ պատասխան խաղում մոտ 60 րոպե գերազանց կատարեց կենտրոնական պաշտպանի պարտականությունները: Ռիբերիի պես վտանգավոր խաղացողի դեմ արագ ու անհաշտ Բոսինգվան կարող է շատ արդյունավետ գործել, քան որակազրկված Բրանիսլավ Իվանովիչը:

Դավիթ Եղիազարյան. «Բավարիայի» փաստաբան

1. «Ալյանս Արենան»

Եզրափակիչում «Բավարիան» կխաղա սեփական խաղադաշտում եւ պատահական չէ, որ այս խաղում ֆավորիտ են համարվում հենց մյունխենցիները: «Ալյանս Արենան» «Բավարիայի» տնային ստադիոնն է: Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում «Բավարիան» 6 հանդիպում է անցկացրել սեփական խաղադաշտում՝ տանելով նույնքան հաղթանակ: «Ալյանս Արենայում» Յուպ Հայնկեսի թիմը հաղթել է Իսպանիայի եւ Անգլիայի նորընծա չեմպիոններին՝ Մադրիդի «Ռեալին» եւ «Մանչեսթեր Սիթիին»: «Բավարիան» անկասելի է սեփական խաղադաշտում: Եվ սա այն դեպքում, երբ լոնդոնցիները հյուրընկալվելիս ընդամենը մեկ հաղթանակ են տարել Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում: Եթե «Չելսին» կիսաեզրափակիչում այնքան էլ տպավորիչ ձեւով չհաղթեց «Բարսելոնային», ապա «Բավարիան» արժանիորեն պայքարից դուրս թողեց Արքայական ակումբին: Ինչպես ասում են՝ տանը պատերն էլ են օգնում, եւ այդ պատերն այսօր կարող են մեծապես նպաստել մյունխենյան ակումբի հաջողությանը:

2. Խնդիրներ պաշտպանությունում

Եզրափակիչ հանդիպմանը չեն կարող մասնակցել «Բավարիայի» խաղացողներ Դավիդ Ալաբան, Հոլգեր Բադշտուբերը եւ Գուստավոն: Գլխավոր կորուստը Բադշտուբերի բացակայությունն է: Գերմանացին ամբողջ մրցաշրջանի ընթացքում առանցքային ֆուտբոլիստ էր համարվում «Բավարիայում»: Մյունխենյան ակումբի մյուս կենտրոնական պաշտպանը՝ բելգիացի Դանիել վան Բույտենը վնասվածքի պատճառով ֆուտբոլային խաղադաշտից բացակայել է երեք ամսից ավելի եւ նրա՝ մեկնարկային կազմում հայտնվելը կասկածի լուրջ տեղիք է տալիս: Պաշտպանության կենտրոնում կարող է խաղալ նաեւ Անատոլի Տոմոշյուկը, սակայն խոսվում է նաեւ Ջերոմ Բոատենգ – Դիեգո Կոնտոնտո զույգի մասին: Հուսալի պաշտպանությամբ չփայլող «Բավարիայի» գլխավոր խնդիրը պաշտպանության կենտրոնն է, սակայն Յուպ Հայնկեսը, երեւի, կգտնի այս խնդրի լուծումը: «Չելին» նույնպես կադրային լուրջ խնդիրներ ունի: Հանդիպմանը չեն մասնակցի հիմնական կազմի չորս խաղացողներ: Թիմի ավագ Ջոն Թերին, Բրանիսլավ Իվաոնվիրչը, Ռամիրեսն ու Ռաու Մեյրելեշը որակազրկված են եւ չեն կարող օգնել լոնդոնյան ակումբին: Հարցականի տակ է կենտրոնական պաշտպաններ Ջեյմի Կեյհիլի եւ Դավիդ Լուիսի մասնակցությունը: Բրազիլացին եւ անգլիացին դեռեւս լիովին չեն ապաքինվել վնասվածքից: Այնպես որ երկու թիմերն էլ կարող են լուրջ խնդիրներ ունենալ պաշտպանությունում:

3. Մյունխենյան եռյակը

Ֆրանկ Ռիբերի, Արյեն Ռոբեն, Մարիո Գոմես: Հենց այս ֆուտբոլիստներն են կազմում «Բավարիայի» հարձակողական եռյակը: Հենց նրանք են մյունխենյան ակումբի արդյունավետ խաղի գլխավոր «մեղավորները»: Մարիո Գոմեսը գիտի ինչպես գոլեր խփել, իսկ թիմակցները նրան մեծապես օգնում են այդ գործում: Ֆրանկ Ռիբերին բազմիցս ապացուցել է, որ դժվարին պահերին կարող է իր հետեւից տանել թիմակիցներին դեպի անհավատալի թվացող հաղթանակը: Ֆրանսիացին գերազանց մարզավիճակում է, եւ, միանշանակ, լուրջ խնդիրներ կառաջացնի «Չելսիի» պաշտպանների համար: Անկրկնելի Արյեն Ռոբենը նունյպես վատ մարզավիճակում չէ եւ վճռականորեն է տրամադրված իր նախկին թիմի դեմ խաղին: Կիսաեզրափակիչում «Ռեալին» հաղթելուց հետո հոլանդացին կփորձին նույնը կրկնել նաեւ «Չելսիի» հետ խաղում:

4. Շվայնշտայգեր...

Բաստիան Շվայնշտայգերը չի կարողանում Արյեն Ռոբենի եւ Ֆրանկ Ռիբերիի պես գեղեցիկ ձեւով շրջանցել մի քանի պաշտպանների, Մարիո Գոմեսի պես գոլեր խփել յուրաքանչյուր խաղում, սակայն նրա դերն ավելի քան մեծ է «Բավարիայի» հաջողություններում: Այս մրցաշրջանում գերմանացին բազմաթիվ հանդիպումներ բաց թողեց վնասվածքի պատճառով, նրա տեղը միշտ երեւում է խաղադաշտի կենտրոնում: Բաստիանը գրեթե չի սխալվում, երբեք չի չարաշահում անհատական խաղը՝ փոխանցումները կատարելով ճիշտ ժամանակին:

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը զգալիորեն թեթեւացնում է խաղընկերների աշխատանքը: Շվայնշտայգերի գերազանց դիքային խաղի, գնդակ խլելու եւ պահելու փայլուն դրսեւորումների շնորհիվ «Բավարիայի» կենտրոնական պաշտպանները խիստ հազվադեպ էին դիմավորում մրցակցի հարձակվողներին: Շվայնշտայգերի բացակայության ժամանակ բազմիցս համոզվել ենք, որ «Բավարիայի» պաշտպանությունը բավականին հեռու է իդեալական լինելուց: Այս խաղում գերմանացուց չափազանց մեծ են սպասելիքները: Շվայնշտայգերի հաջող խաղը կարող է հաղթաթուղթ դառնալ մյունխենցիների համար:

5. Տակտիկան

«Բավարիան» վաղուց է խաղում 4-2-3-1 տակտիկական սխեմայով եւ չափազան հաջող է կիրառում այս մարտավարությունը: Այս սխեմայով խաղացող թիմերն ավելի շատ նախընտրում են գործել երկրորդ համարով՝ ապավինելով հակագրոհների մարտավարությանը: Սակայն «Բավարիան» պարզապես չի կարող մեծ ուժեր կենտրոնացնել պաշտպանության վրա: Մյունխենցիների գլխավոր զենքն արագ ու անօրինակ կիսապաշտպաններն են, որոնք փոխանցումներ կատարելուց բացի կարող են նաեւ լուրջ խնդիրներ լուծել: Յուպ Հայնկեսը դժվար թե փոխի մարտավարությունը կարեւոր հանդիպումից առաջ, իսկ Ռոբերտո Դի Մատոյից սպասելիքները մեծ են: «Չելսին» ապացուցել է, որ կարող է հաղթել՝ ամբողջ հանդիպման ընթացքում պաշտպանվելով: Արագ գոլից հետո լոնդոնցիները կանցնեն պաշտպանության, իսկ դա կարող է կործանարար լինել «Բավարիայի» համար:

«Չելսիում» նույնպես կան հզոր կատարողներ, որոնք կարեւոր հանդիպումների մեծ փորձ ունեն: «Բավարիան» չափազանց մոտ է այսքան սպասված ու ցանկալի տիտղոսին: Ավելի հարմար պահ դժվար է պատկերացնել...

 

«Բավարիա» - «Չելսի», «Ալյանս Արենա»` 22:45

Մրցավար` Պեդրու Պրեոսա (Պորտուգալիա)

Բուքմեքերական կանխատեսում.

«Բավարիայի» հաղթանակ` 1.77

Ոչ ոքի՝ 3.8

«Չելսիի» հաղթանակ` 4.3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով