01:28  ,  30 ապրիլի, 2012

Հայաստանի Գավաթ. «Շիրակի» հինգերորդ ու հաղթական փորձը (ֆոտոռեպորտաժ)

Երբ հայտնի դարձան Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակից թիմերը, արդեն բոլորն էլ հասկանում էին, որ Գյումրիի վերակառուցված ստադիոնում ասեղ գցելու տեղ չի լինելու: Նախ ստադիոնի պաշտոնական բացումն էր, բացի այդ էլ գյումրեցիները գալու էին խաղադաշտ իրենց թիմին` «Շիրակին» աջակցելու համար: Նշենք նաեւ այն, որ «Իմպուլսը» նույնպես ուներ երկրպագուներ տրբիբունաներում, սակայն գյումրեցիների թիվը անհամեմատ ավելի մեծ էր:

Խաղի մեկնարկից առաջ երկու թիմերն էլ պահպանել էին իրենց մարտական կազմերը, բացառությամբ մեկ ֆուտբոլիստի. Դիամե Դիոպը չէր կարող օգնել «Շիրակին» այս խաղում: Հասկանալի է, որ երկու կողմերն էլ  անչափ կարեւորում էին այս խաղի նշանակությունը, քանի որ հաղթանակը Եվրոպայի լիգայի ուղեգիր էր պարգեւում: Բացի այդ կային նաեւ այլ գործոններ, որոնք կարող էին իրենց ազդեցությունն ունենալ թիմերի գործողությունների վրա: «Շիրակի» համար գավաթի խաղարկության եզրափակիչներում հաղթանակը արդեն հոգեբանական որոշակի արգելք էր դարձել, ու թիմը կարող էր եւ «վառվել» հաղթելու ցանկությունից: «Իմպուլսը» գավաթի խաղարկության եզրափակիչում հանդես էր գալիս առաջին անգամ, եւ հարկավոր էր հատուկ տրամադրվել այս խաղին:

Հանդիպման մեկնարկում «Շիրակը» ակտիվություն դրսեւորեց, բայց «Իմպուլսը» ընդունեց մարտահրավերը, ու պայքար ծավալվեց խաղադաշտի կենտրոնին տիրելու համար: Հենց այստեղից էին սկիզբ առնում երկու թիմերի գրոհները, բայց «Շիրակը» ավելի հաճախ դիմում էր երկար փոխանցումների օգնությանը, իսկ «Իմպուլսը» կարճ տարածության վրա, արագ փոխանցումների միջոցով էր փորձում ճանապարհ հարթել դեպի մրցակցի դարպասը:

«Շիրակը»  գործում էր 4-4-2 մարտավարությամբ` առջեւի գծում  մաքուր հարձակվողներ Ֆուֆանա Բեկոյի եւ Անդրանիկ Բարիկյանի հետ կապելով հիմնական հույսը: Բայց հարձակվելիս գյումրեցիներն օգտագործում էին նաեւ եզրերը, որտեղ ձախից իր ակտիվությամբ աչքի էր ընկնում հաղթական գոլի հեղինակ Լամին Լի Յորոն, իսկ աջից` Դավիթ Հակոբյանը: «Իմպուլսի» գործողություններում նկատվում էր 4-2-3-1 մարտավարությունը: Նորայր Գյոզալյանը հարձակման գծում անընդհատ զգում էր թիկունքից Նարեկ Դավթյանի օգնությունը, իսկ Արթուր Բարսեղյանն ու Ֆիլիպ Տիմովը` համապատասխանաբար աջ ու ձախ եզրերում: Ռումյան Հովսեփյանն ու Կոնստանտին Մանդրիչենկոն էլ հենակետային կիսապաշտպանի դիրքում դիմավորում էին մրցակցին: Ստացվում է, որ կիսապաշտպանությունում «Իմպուլսը» երբեմն մեկ խաղացողի առավելություն էր ունենում եւ հենց դրա շնորհիվ էլ առաջին կեսի առաջին 20 րոպեների ընթացքում Դիլիջանի թիմը հաջողության հասնելու լավ հնարավորություններ ունեցավ, բայց Ֆիլիպ Տիմովն ու Նորայր Գյոզալյանը չկարողացան օգտագործել իրենց պահերը:

Շիրակցիները խաղի ընթացքում արդեն հետեւություններ անելուց հետո սկսեցին կենտրոնը փակել, ակտիվացան նաեւ պաշտպանները, եւ մասնավորապես Հովհաննես Գրիգորյանը սկսեց հաճախակի միանալ հարձակմանը, այդպիսի դեպքերում էլ Դավիթ Հակոբյանը տեղափոխվում էր կենտրոն ու ավելացնում ճնշումը «Իմպուլսի» պաշտպանաության կենտրոնում: Մի խոսքով` բավականին լուրջ տակտիկական պայքար էլ կար խաղադաշտում: Ճիշտ է, հանդիպման ելքը վճռեց ստանդարտի խաղարկումը, բայց անկյունայինի խաղարկումից հետո Լամին Լի Յորոն հայնտվեց կենտրոնական հարձակվողի դիրքում,  իսկ ստանդարտների ժամանակ նման տեղափոխություններ միշտ էլ հնարավոր են:

Երկրորդ կեսում արդեն պարզ էր, որ հարձակման մասին հիմնականում մտածելու են  հետապնդողի դերում հայտնված «Իմպուլսի» ֆուտբոլիստները: Բայց պարզ էր նաեւ մեկ այլ բան, որ նման պայմաններում «Շիրակը» հնարավորություն էր ստանում արագ հակագրոհի անցնելու, եւ եղան խաղային երկու դրվագներ, որոնց ժամանակ գնդակը հրաշքով չհայտնվեց «Իմպուլսի»  դարպասում: Գյումրեցիները խաղավերջում ձգտում էին ինչքան հնարավոր է երկար խաղարկել գնդակը` զրկելով մրցակցին նախ` արագ գրոհ կազմակերպելու հնարավորությունից, բացի այդ էլ ստիպելով մրցակցին շտապել, ինչը, իհարկե, դաշնակից չէ պարտվող կողմի համար:

Ինչեւէ, մրցավարի եզրափակիչ սուլիչը ազդարարեց «Շիրակի» հաղթանակը, որին թե ֆուտբոլիստները, եւ թե գյումրեցի երկրպագուները սպասել էին 20 տարի: Հինգերորդ փորձը «Շիրակի» համար ավարտվեց հաղթանակով:

Շնորհավոր «Շիրակ»,  շնորհավոր Գյումրի:

Խաչիկ Չախոյան

Ֆոտոռեպորտաժ` Սոնա Բարսեղյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում