17:30  ,  1 օգոստոսի, 2013

Մարկ Սաղաթելյան. Հայաստանի հավաքականի ամենանվիրված երկրպագուններից մեկը

Հուլիսի 31-ին կյանքից հեռացած հայտնի դերասան, շոումեն Մարկ Սաղաթելյանին բոլորը հիշում են Ուրախների եւ հնարամիտների ակումբում ելույթներով, «Մեր բակը» ֆիլմից եւ այլ երգիծական հաղորդումներից: Սակայն ֆուտբոլասերները լավ կհիշեն, թե որքան մեծ աշխատանք էր կատարում Մարկը հայկական ֆուտբոլի զարգացման համար: Ուժերի սահմանում Մարկը փորձում էր Հայաստանի հավաքականի համար երկրպագուների ավելի մեծ բանակ հավաքել:

2007-ին նրա պրոդյուսերությամբ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն առաջին անգամ նկարահանվեցին Զարուհի Բաբայանի «Սոխակ» տեսահոլովակում:  Անգամ ֆուտբոլից հեռու մարդիկ սկսեցին ճանաչել հայ ֆուտբոլիստներին: 2008-ին Թուրքիայի թիմի հետ խաղից առաջ գրվեց հայ ֆուտբոլիստին եւ ֆուտբոլասերին ոգեւորող երգ, որի մի մասը կատարում էր հենց Մարկը: Շատ հաճախ նա խաղերից առաջ, ընդմիջմանը տրիբունաներին ոգեւորող հաղորդավարի դեր էր կատարում:

Մարկ Սաղաթելյանի ֆեյսբուքյան վերջին ալբոմներից մեկը նույնպես ֆուտբոլային էր: Նա ստեղծել էր «Borussia» ալբոմը, որտեղ տեղադրել էր Հենրիխ Մխիթարյանի լուսանկարները: Ի դեպ, «Շախտյորի» կազմում Հենրիխի խաղերին նա հետեւել է նաեւ հենց Դոնեցկի «Դոնբաս Արենա» ստադիոնից:

Մարկի ընտանիքին ցավակցական ուղերձ են հղել շատ մարզիկներ, այդ թվում՝ ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Լեւոն Պաչաջյանը եւ Դավիթ Մանոյանը:

Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ Մարկի դիտած վերջին խաղը դանիացիների դեմ մրցավեճն էր, որում հաղորդավարի սիրելի թիմը 4 անպատասխան գոլ խփեց Կոպենհագենում:  Սաղաթելյանի սիրելի ակումբ «Մանչեսթեր Յունայթեդն» էլ այս տարի 20-րդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն՝ թարմացնելով սեփական ռեկորդը: Կարելի է ասել, որ ֆուտբոլային առումով Մարկը գնաց ուրախ, բայց նրա տեղը միշտ կմնա բաց…

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով