10:11  ,  1 հունիսի, 2022

Ռուզաննա Մկրտչյան․ Հայաստանում ֆրիզբին զարգանալու մեծ միտում ունի, քանի որ շատ սիրված է

Հայաստանում ֆրիզբին որպես մարզաձեւ զարգանալու մեծ միտում ունի, քանի որ շատ սիրված է: Ամեն ինչ դեռ նոր ենք սկսում, կարծում եմ՝ ֆրիզբին կհաջողի Հայաստանում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆրիզբիի ֆեդերացիայի ներկայացուցիչ, ֆրիզբիի մարզիչ Ռուզաննա Մկրտչյանը:

Հունիսի 1-ին Երեւանի «Միկա» մարզադաշտում տեղի կունենա ֆրիզբիի (թռչող սկավառակ)  Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցելու է աղջիկների 6 եւ  տղաների 12 թիմ: Հուլիսի 23-ին ԱՄՆ-ում տեղի է ունենալու ֆրիզբիի աշխարհի առաջնությունը, որին սակայն Հայաստանը մասնակցելու հնարավորություն չունի ֆինանսավորում չունենալու պատճառով:

Ռուզաննա, ի՞նչ է իրենից ներկայացնում ֆրիզբին որպես մարզաձեւ, ինչպե՞ս են այն խաղում:

Ֆրիզբին թռչող սկավառակ է, որը խաղում են 7 անդամից բաղկացած թիմերով: Խաղը սկսելիս, թիմակիցները ֆրիզբին միմյանց փոխանցումներ անելով, պետք է կարողանան հասնել և փոխանցումը բռնել մրցակցի գոլային տարածքում, որն էլ համարվում է գոլ։ Այդ ընթացքում մրցակից թիմը պետք է փորձի փոխանցումների ժամանակ օդից բլոկել կամ բռնել ֆրիզբին, որպեսզի իրենց անցնի ֆրիզբին։

Աշխարհում ֆրիզբին մեծ տարածում ունի, զարգացած է Եվրոպայում: Ստեղծվել է  ԱՄՆ-ում, երբ մարդիկ սկսել են միմյանց նետել տորթի պնակներ: Հետագայում զարգացել, մշակվել, դարձել է քամուն համընթաց թռչող սկավառակ: Կան ֆրիզբիով տարբեր տեսակի խաղեր՝ ուլտիմատ, գոլֆ: Հայաստանում սիրված եւ տարածված է ուլտիմատ ֆրիզբին:

Ե՞րբ է հիմնադրվել Հայաստանի ֆրիզբիի ֆեդերացիան եւ ի՞նչ հաջողություններ արդեն ունեն հայկական թիմերը մարզաձեւում:

Ֆեդերացիան ստեղծվել է 2015 թվականին Սերյոժա Հայրապետյանի նախաձեռնությամբ, որը ֆեդերացիայի գործող նախագահն է: Այդ ժամանակից Հայաստանում կազմակերպվել եւ անցկացվել է մրցաշարեր, Հայաստանի առաջնություններ: 2016 եւ 2019 թվականներին ընկերական խաղ ենք ունեցել Վրաստանի հետ, որտեղ Հայաստանի թիմը մեծ հաշվով հաղթել է: 2022 թվականին  ընկերական խաղ ենք ունեցել Իրանի հետ «Միկա» մարզադաշտում: Այստեղ էլ հաղթել է Հայաստանի թիմը:

Ի՞նչ տարածում եւ հեռանկարներ ունի ֆրիզբին Հայաստանում որպես մարզաձեւ:

Հայաստանում ֆրիզբին որպես մարզաձեւ զարգանալու մեծ միտում ունի, քանի որ շատ սիրված է: Հայաստանում ֆրիզբիով զբաղվողների թիվը հասնում է շուրջ 300-ի: Տարբեր համայնքերում ունենք թիմեր: Թիմեր ունեինք նաեւ մարզերում, բայց, օրինակ Հայաստանի առաջնությանը մարզերից մասնակցող թիմեր չունենք: Լավ մարզավիճակում չեն: Այս պահին սա խնդիր է. աշխատելու ենք այդ ուղղությամբ, որ մարզերի թիմերը վերականգնվեն: Երեւանում շատ են խաղում «Թումո» այգում, Ազատության հրապարակում:

Քանի՞ թիմ է մասնակցում Հայաստանի բաց առաջնությանը:

Հայաստանի առաջնությանը մասնակցելու է աղջիկների 6, տղաների 12 թիմ: Առաջնության արդյունքներով կձեւավորվի հավաքական:

Հայաստանի առաջնությունում լինելու է լավագույնների խաղ, ապա կանցկացվի աղջիկների եւ տղաների առաջնությունները:

Մենք ֆրիզբիի միջազգային ֆեդերացիայի անդամ ենք: Հուլիսի 23-ին տեղի է ունենալու աշխարհի առաջնությունը: Այս շրջանում էլ ունեինք միջազգային մրցաշարի հրավեր, սակայն ֆինանսավորման հետ կապված խնդիր ունենք եւ այդ պատճառով դեռ բաց ենք թողնում մրցաշարերը: Մարզավիճակի առումով մեր մարզիկները, թիմերը մրցումնակ են, պատրաստ են պայքարի մեջ մտնել տարբեր մրցաշարերում, բայց ֆինանսապես պատրաստ չենք: Դեռ ֆինանսավորում չունենք որեւէ կառույցից: Հայաստանի առաջնությանը հրավիրել ենք ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներին: Մեծ հույս ունենք, որ կգան: Ամեն ինչ դեռ նոր ենք սկսում, կարծում եմ՝ ֆրիզբին կհաջողի Հայաստանում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով