22:18 20 փետրվարի, 2014Սոչիում NEWS.am Sport-ի հատուկ թղթակից Լուսինե Շահբազյանը Օլիմպիական բլոգի հերթական թողարկումը նվիրել է ամերիկահայ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանի ելույթին, նրա ընտանիքին եւ «Ռոզա Խուտոր» մարզահամալիրին:
Սոչիում շարունակվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի լեռնադահուկային սպորտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արման Սերեբրակյանն իր առաջին ելույթն ունեցավ հսկա ոլորավայրէջքում: Մրցումն անցկացվում էր «Ռոզա Խուտոր» մարզահամալիրում: Իսկ այնտեղ հասնելու համար չորս տրանսպորտ պետք է փոխեի՝ ավտոբուս, ճոպանուղի, կրկին ավտոբուս, մարդատար մեքենա, ոտքի ճանապարհ ու վերջապես՝ «Ռոզա Խուտորի», որի մասին լսել էի Օլիմպիական քաղաքի հյուրերի պատմածներով, բայց չէի պատկերացնում, որ իրականում տեսնելու եմ հրաշք մի համալիր լեռան գագաթին: Անցնելով բոլոր երթուղիներով, արդեն ճոպանուղու բարձրությունից իմ առջեւ բացվեց շքեղ մի տեսարան:


«Ռոզա Խուտոր» լեռնադահուկային համալիրը գտնվում է Աիբգա լեռնաշղթայի վրա: Մարզահամալիրն ընդհանուր առմամբ ընդգրկում է մոտ 1820 հեկտար տարածք: Այն մեծ, բազմաֆունկցիոնալ համալիր է, որտեղ հնարավոր է անցկացնել մի շարք լեռնադահուկային մարզաձեւերի մրցումներ: Օլիմպիական լեռնադահուկային մրցուղիների ընդհանուր երկարությունը 20 կմ է:
Հասա «Ռոզա Խուտոր» եւ տեղավորվեցի հավատարմագրված թղթակիցների տարածքում: Լրագրողների համար նախատեսված տարածքն իսկապես լավ էր մտածված, քանի որ անմիջապես մեր առջեւ բացվում են երեք հսկա մրցուղիները եւ բոլոր կողմերից հնարավոր է հետեւել վայրէջք կատարող լեռնադահուկորդներին, հարմար է լուսանկարելու, տեսագրելու համար: Միակ խոչընդոտը աչք ծակող արեւն էր։

Լեռնադահուկային սպորտի հսկա ոլորավայրէջքը մեծ տպավորություն թողեց: Լարված հետեւում էի մարզիկների վայրէջքներին: Անհանգստությունս մեծանում էր, քանի որ մոտենում էր մեր հայրենակցի՝ Արման Սերեբրակյանի մեկնարկը: Առաջին փորձի ժամանակ նա իրենից հետ էր թողել ադրբեջանցի մարզիկին, դուրս էր մնացել վրացի մարզիկը: Իսկ մեր հայրենակիցը 106 մասնակցից 54-րդն էր: Երկրորդ փորձի ժամանակ նա բարելավեց իր արդյունքը: Արմանին «բռնեցի» անմիջապես վերջնագծին հասնելուն պես։ Նա ժպտում էր, ուրախ էր, իսկ դա նշանակում է՝ գոհ էր արդյունքից՝ 46-րդը 106-ից:
Կարճ զրույցից հետո ճանապարհ բռնեցի դեպի քաղաք: Մարզահամալիրի դռների մոտ սպասվում էր հրաշալի անակնկալ: Մի խումբ հայ երիտասարդներ, եռագույն դրոշներով, երեսներին եռագույն նկարած, «Հայաստան, Արման» վանկարկումներով քայլում էին համալիրից դեպի դուրս:
Շուտով նրանց միացավ նաեւ Արման Սերեբրակյանը: Տղաները պատմեցին, որ Սոչիում են ծանոթացել Արմանի հետ եւ մեկ օրում հասցրել են ընկերանալ: Քիչ հետո նկատեցի Արմանի ծնողներին եւ քրոջը։
Արմանի հայր Արմեն Սերեբրակյանը ինձ հետ զրույցում ասաց, որ հանդիսատեսի շարքերում նստած շատ էր անհանգստանում, բայց Արմանի արդյունքը նրան գոհացրել է: Ամենաշատն այսօր հսկա ոլորավայրէջքի եւ առաջին օլիմպիական մրցելույթի համար թերեւս անհանգստացել է Արմանի մայրը՝ Անիտա Սերեբրակյանը: Նրա խոսքով, իր փոխարեն յուրաքանչյուր մայր էլ նույն անհանգստությունը կզգար որդու վտանգավոր վայրէջքի ժամանակ:
Արմանի ամենամեծ երկրպագուն Անի Սերեբրակյանն էր՝ քույրը, ով Վանկուվերում կայացած 2010 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերում ներկայացրել է Հայաստանը լեռնադահուկային սպորտում: Անին երջանիկ է, որ իր եղբայրը նույնպես հնարավորություն է ստացել Հայաստանը ներկայացնել Օլիմպիական խաղերում եւ որ ավելի լավ հանդես եկավ, քան ինքը՝ Վանկուվերում:
«Ռոզա Խուտոր» կվերադառնամ փետրվարի 22-ին, այդ օրը Արման Սերեբրակյանը կմասնակցի հատուկ ոլորավայրէջքին:
Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիից
NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը անտրամադիր Սոչիից. Ադլերից դուրս կյանքը դժգույն է (ֆոտոշարք)
NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Ինֆորմացիոն հոսքերի սկզբնաղբյուրը
NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Թալան, թալան մինչեւ վերջ
NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. «Օլիմպիական պարկում» թեժ է (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. «Լաուրա» հասնելու լեռնային փորձությունները
NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Հեքիաթն ավարտվեց կամ գուցե դեռ նոր է սկսվում (ֆոտո)
NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Համառությամբ բացման հրավիրատոմս էլ կգտնվի (ֆոտո)
NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից (live). Կամավորներն ասես բոլորը հայ լինեն
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.