Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը հայտնել է, որ ՀԲՖ-ն դատարան է դիմել Սպորտի նախարարության կողմից ֆեդերացիայի ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ։
«Հարգելի հայրենակիցներ, ինչպես հայտնի է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը ,ինչպես միշտ հանդես գալով կամակատարի դերում, կասեցրել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի պետական ֆինանսավորումը՝ հիմքում դնելով ակնհայտ անհիմն հիմնավորում:
Բնականաբար այս ապօրինությունը չէր կարող անարձագանք մնալ եւ օրեր առաջ դիմել ենք ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը կասեցնելու մասին նախարարի ակնհայտ ոչ իրավաչափ հրամանը:
Ավելորդ չեմ համարում նշել նաեւ, որ նշված ապօրինությունը մասամբ վերացվել է եւ դատարանի վարույթ ընդունելու որոշմամբ կասեցվել է այդ հրամանի գործողությունը, այսինքն բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը շարունակվելու է:
Մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»- գրել է ՀԲՖ նախագահն իր ֆեյսբուքյան էջում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում