19:47  ,  21 օգոստոսի, 2012

Լեւոն Արոնյան. Շախմատն ավելի մոտ է արվեստին ու սպորտին եւ պետք է լինի Օլիմպիական խաղերի ծրագրում

«Շախմատը միայն խաղ չէ։ Այն ավելի մոտ է արվեստին եւ սպորտին: Կարծում եմ` ճիշտ կլիներ, որ շախմատն ընդգրկվեր Օլիմպիական շարժման մեջ: Ես շախմատի տեղը տեսնում եմ Օլիմպիական խաղերում»։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց համաշխարհային դասակարգման երկրորդ համար, հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը:

Օգոստոսի 27-ին կմեկնարկի Համաշխարհային շախմատային օլիմպիադան: Մրցաշարից առաջ Հայաստանի հավաքականը հավաք անցկացրեց Ծախկաձորում:

Լեւոն, ի՞նչ մարզավիճակում եք գտնվում:

Օլիմպիադայից առաջ, ինչպես միշտ անցկացնում ենք հավաք: Այս անգամ ավելի շատ ժամանակ տրամադրում ենք մեր ֆիզիկական պատրաստականությանը: Կարծում եմ՝ մեր թիմը լավ մարզավիճակում է: Այն թարմությունը, որը պետք է լինի խաղերից առաջ, կա:

Ձեր պահանջով աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը չանցկացվեց Բաքվում: Ի՞նչ կասեք Ստամբուլի մասին: Կարեւո՞ր է անցկացման վայրը։

Բաքուն եւ Ստամբուլը տարբեր քաղաքներ են, տարբեր երկրներ են: Մենք սիրում ենք խաղալ Ստամբուլում եւ միշտ ցանկանում ենք այնտեղ ավելի լավ խաղալ:

Դուք հավաքականից շուտ եք մեկնելու Ստամբուլ։ Ո՞րն է պատճառը:

Այո, ես միշտ շուտ եմ մեկնում: Սիրում եմ ուսումնասիրել քաղաքը: Ընկղմվել քաղաքի մթնոլորտի մեջ:

Սա առաջին Օլիմպիադան է, որին մասնակցելու է նաեւ Սերգեյ Մովսիսյանը: Որքանո՞վ կփոխվի հավաքականի խաղը նրա հետ:

Այո, առաջին Օլիմպիադան է, բայց աշխարհի առաջնության ժամանակ նա մեր հավաքականի կազմում էր, երբ մենք հաղթեցինք: Եվրոպայի առաջնությունում նույնպես հաղթում էինք, բայց վերջում վրիպեցինք: Սերգեյի շնորհիվ մեր հնարավորություններն ավելի են մեծանում:

Ովքե՞ր են Հայաստանի հավաքականի հիմնական մրցակիցները:

Վերջին տարիներին ուժեղագույնների շարքում ավելացել է Ադրբեջանը: Իսկ ուժեղ հավաքականները միշտ նույնն են` Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ն, Իսրայելը, Չինաստանը:

Տալի հուշամրցաշարում Դուք գլխավոր հավակնորդներից  էիք, բայց գրավեցինք հինգերորդ տեղը: Ո՞րն էր պատճառը:

Դա երկար ճանապարհ էր: Շախմատում ամեն մրցաշարին չես կարող ամբողջ ուժով խաղալ: Դա այս տարվա իմ երրորդ մրցաշարն էր: Այնքան էլ լավ չգիտեի, թե ինչ սպասել մրցակիցներից: Սպասելիքներս ավելի քիչ էին, բայց նրանք շատ ավելի լավ խաղացին: Մոռացել էի, որ իրենք էլ են լավ խաղում:

Մրցաշարից արդեն զգալի ժամանակ է անցել: Հետեւություններ արե՞լ եք:

Իհարկե։ Առանց դրա ոչ մի շախմատիստ չի կարող նոր հաղթանակներ ունենալ: Պարտություններն ինձ համար հանդիսանում են նոր վերելքի սկիզբ:

Դուք մեկ անգամ ասել եք, որ հատուկ աշխատասիրությամբ չեք առանձնանում։ Օլիմպիադայից առաջ  փորձո՞ւմ եք հաղթահարել այդ թերությունը:

Ես դա շուտ եմ ասել: Ամեն մարզիկ ժամանակի ընթացքում փոխվում է: Այժմ կարծում եմ աշխատասիրությունս բավական բարձրացել է: Մեկ-մեկ լինում է, որ նույն ճանապարհով շատ երկար ես գնում: Պետք է միշտ ոսկե միջինը գտնել: Կարծում եմ ինձ կհաջողվի այդ հավասարակշռությունը գտնել:

Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում։

Հարազատների հետ շփումը եւ երաժշտությունը:

Իսկ ի՞նչ երաժշտություն:

Տարբեր: Շատ եմ սիրում մեր ժողովրդական երաժշտությունը: Շատ եմ սիրում Հայրիկ
Մուրադյան: Ջազի սիրահար եմ: Ինչպես նաեւ սիրում եմ դասական երաժշտություն`ամենից շատ Բախ:

Խաղերի ժամանակ, երբ մրցակիցը երկար է մտածում, լինո՞ւմ է, որ մտովի լիովին անջատվեք պարտիայից եւ տեղափոխվեք այլ վայր:

Հիմնականում, հենց այդպես էլ լինում է: Դա մտածելու գործընթացի 80 տոկոսն է: Բայց կարեւորը շատ չհեռանաս: Հետո նկատում ես, որ մրցակիցդ էլ է ուրիշ բաների մասին մտածում: Բացի այդ, գոյություն ունի ֆիզիկական կապ մրցակիցների միջեւ, երբ պարտիայի ժամանակ զգում ես, որ նրա շնչառությունը, կամ նստելաձեւը փոխվել է: Շախմատային հոգեբանությունը շատ հետաքրքիր բան է: Մենք շատ ենք զբաղում դրանով:

Ո՞վ է Ձեզ համար սկզբունքային մրցակից:

Սխալ կլինի մեկ մարդու անուն տալ: Չեմ կարծում, որ բարդույթ ունեմ ինչ-որ մեկի դեմ: Յուրաքանչյուր մրցակից դժվարություն է, որին պետք է հաղթահարես ոչ միայն խաղատախտակին. խաղից առաջ էլ պետք է քեզ պատրաստես:

Ժամանակին Իվանչուկի դեմ այդքան էլ հաջող հանդես չէիք գալիս:

Իվանչուկն իմ ամենասիրած շախմատիստներից է: Ես շատ բան եմ սովորել նրանից, բայց վերջին տարիներին կարծում եմ հենց նրա դեմ լավ եմ խաղացել:

Գարի Կասպարովի հետ շփում ունե՞ք:

Հազվադեպ է լինում, որ կապ հաստատենք: Ես հաճույք եմ ստանում շախմատային լեգենդների հետ շփվելուց, բայց դա քիչ է պատահում, քանի որ ես էլ եմ շատ զբաղված լինում:

Իսկ ի՞նչ կարծիք ունեք նրա քաղաքացիական ակտիվության մասին: Օրեր առաջ նա ձերբակալվեց Մոսկվայում:

Ես մի քիչ հեռու եմ քաղաքականությունից: Կասպարովի պարտիաները մեծ դեր ունեն շախմատի պատմության համար, բայց նրա այդ գործունեության մասին շատ չգիտեմ: Հույս ունեմ, որ նա գիտի, թե ինչ է անում:

Բոլոր ժամանակների լավագույն շախմատիստ նշելիս շախմատասերները հաճախ են տալիս են երկու անուն` Ֆիշեր եւ Կասպարով: Դուք ո՞ւմ եք համարում լավագույնը:

Դժվար է ասել: Եթե այդպես նայես, ինչո՞ւ ոչ Ալեխինը կամ Պետրոսյանը: Պարզ է` Ֆիշերն ու Կասպարովը շատ պարտիաներ են հաղթել, բայց կարելի է ասել, որ հենց Ալեխինից հետո է սկսվել ժամանակակից շախմատային պարտիան: Այդ պատճառով ինձ համար նա է լավագույնը:

Ի՞նչ ծրագրեր ունեք Օլիմպիադայից հետո:

Օլիմպիադայից հետո իմ մասնակցությամբ հաջորդ մրցաշարը Բրազիլիայում է լինելու, բայց այժմ բոլոր մտքերս կապված են առաջիկա Օլիմպիադայի հետ:

Աշխարհի առաջությունից հետո Դուք չվերադարձաք Հայաստան: Օլիմպիադայից հետո սպասե՞նք Ձեզ:

Դա մեր թիմի սովորույթներից մեկն է՝ իմ չվերադառնալը թիմի հետ հայրենիք։ Մենք դա սկսեցինք Թուրինում: Ես կարծում եմ, որ մարզիկի համար կարեւոր է մարզվելը: Եթե դու սկսում ես ուրախանալ եւ տոնել՝  մարզական ջղայնությունդ կորում է: Իսկ ես շախմատին շատ լուրջ եմ վերաբերվում: Սիրում եմ ավարտել աշխատանքս հետո նոր ուրախանալ:

Լեւոն, կցանկանայի՞ք՝ շախմատն ընդգրկվեր Օլիմպիկան խաղերի ծրագրում:

Այո, ես կարծում եմ, որ սեղանի խաղերից շախմատը լավագույն է: Այն շատ մոտ է սպորտին: Խաղերից առաջ մենք չորս ժամ պատրաստվում ենք: Խաղը տեւում է 4-5 ժամ: Այնուհուտեւ քնում ենք եւ կրկին պատրասվում հաջորդ խաղին: Շախմատը միայն խաղ չէ։ Այն ավելի մոտ է արվեստին եւ սպորտին: Կարծում եմ` ճիշտ կլիներ, որ շախմատն ընդգրկվեր Օլիմպիական շարժման մեջ: Ես շախմատի տեղը տեսնում եմ Օլիմպիական խաղերում:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Ֆոտո՝ Սոնա Բարսեղյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով