19:47 21 օգոստոսի, 2012«Շախմատը միայն խաղ չէ։ Այն ավելի մոտ է արվեստին եւ սպորտին: Կարծում եմ` ճիշտ կլիներ, որ շախմատն ընդգրկվեր Օլիմպիական շարժման մեջ: Ես շախմատի տեղը տեսնում եմ Օլիմպիական խաղերում»։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց համաշխարհային դասակարգման երկրորդ համար, հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը:
Օգոստոսի 27-ին կմեկնարկի Համաշխարհային շախմատային օլիմպիադան: Մրցաշարից առաջ Հայաստանի հավաքականը հավաք անցկացրեց Ծախկաձորում:
Լեւոն, ի՞նչ մարզավիճակում եք գտնվում:
Օլիմպիադայից առաջ, ինչպես միշտ անցկացնում ենք հավաք: Այս անգամ ավելի շատ ժամանակ տրամադրում ենք մեր ֆիզիկական պատրաստականությանը: Կարծում եմ՝ մեր թիմը լավ մարզավիճակում է: Այն թարմությունը, որը պետք է լինի խաղերից առաջ, կա:
Ձեր պահանջով աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը չանցկացվեց Բաքվում: Ի՞նչ կասեք Ստամբուլի մասին: Կարեւո՞ր է անցկացման վայրը։
Բաքուն եւ Ստամբուլը տարբեր քաղաքներ են, տարբեր երկրներ են: Մենք սիրում ենք խաղալ Ստամբուլում եւ միշտ ցանկանում ենք այնտեղ ավելի լավ խաղալ:
Դուք հավաքականից շուտ եք մեկնելու Ստամբուլ։ Ո՞րն է պատճառը:
Այո, ես միշտ շուտ եմ մեկնում: Սիրում եմ ուսումնասիրել քաղաքը: Ընկղմվել քաղաքի մթնոլորտի մեջ:
Սա առաջին Օլիմպիադան է, որին մասնակցելու է նաեւ Սերգեյ Մովսիսյանը: Որքանո՞վ կփոխվի հավաքականի խաղը նրա հետ:
Այո, առաջին Օլիմպիադան է, բայց աշխարհի առաջնության ժամանակ նա մեր հավաքականի կազմում էր, երբ մենք հաղթեցինք: Եվրոպայի առաջնությունում նույնպես հաղթում էինք, բայց վերջում վրիպեցինք: Սերգեյի շնորհիվ մեր հնարավորություններն ավելի են մեծանում:
Ովքե՞ր են Հայաստանի հավաքականի հիմնական մրցակիցները:
Վերջին տարիներին ուժեղագույնների շարքում ավելացել է Ադրբեջանը: Իսկ ուժեղ հավաքականները միշտ նույնն են` Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ն, Իսրայելը, Չինաստանը:
Տալի հուշամրցաշարում Դուք գլխավոր հավակնորդներից էիք, բայց գրավեցինք հինգերորդ տեղը: Ո՞րն էր պատճառը:
Դա երկար ճանապարհ էր: Շախմատում ամեն մրցաշարին չես կարող ամբողջ ուժով խաղալ: Դա այս տարվա իմ երրորդ մրցաշարն էր: Այնքան էլ լավ չգիտեի, թե ինչ սպասել մրցակիցներից: Սպասելիքներս ավելի քիչ էին, բայց նրանք շատ ավելի լավ խաղացին: Մոռացել էի, որ իրենք էլ են լավ խաղում:
Մրցաշարից արդեն զգալի ժամանակ է անցել: Հետեւություններ արե՞լ եք:
Իհարկե։ Առանց դրա ոչ մի շախմատիստ չի կարող նոր հաղթանակներ ունենալ: Պարտություններն ինձ համար հանդիսանում են նոր վերելքի սկիզբ:
Դուք մեկ անգամ ասել եք, որ հատուկ աշխատասիրությամբ չեք առանձնանում։ Օլիմպիադայից առաջ փորձո՞ւմ եք հաղթահարել այդ թերությունը:
Ես դա շուտ եմ ասել: Ամեն մարզիկ ժամանակի ընթացքում փոխվում է: Այժմ կարծում եմ աշխատասիրությունս բավական բարձրացել է: Մեկ-մեկ լինում է, որ նույն ճանապարհով շատ երկար ես գնում: Պետք է միշտ ոսկե միջինը գտնել: Կարծում եմ ինձ կհաջողվի այդ հավասարակշռությունը գտնել:
Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում։
Հարազատների հետ շփումը եւ երաժշտությունը:
Իսկ ի՞նչ երաժշտություն:
Տարբեր: Շատ եմ սիրում մեր ժողովրդական երաժշտությունը: Շատ եմ սիրում Հայրիկ
Մուրադյան: Ջազի սիրահար եմ: Ինչպես նաեւ սիրում եմ դասական երաժշտություն`ամենից շատ Բախ:
Խաղերի ժամանակ, երբ մրցակիցը երկար է մտածում, լինո՞ւմ է, որ մտովի լիովին անջատվեք պարտիայից եւ տեղափոխվեք այլ վայր:
Հիմնականում, հենց այդպես էլ լինում է: Դա մտածելու գործընթացի 80 տոկոսն է: Բայց կարեւորը շատ չհեռանաս: Հետո նկատում ես, որ մրցակիցդ էլ է ուրիշ բաների մասին մտածում: Բացի այդ, գոյություն ունի ֆիզիկական կապ մրցակիցների միջեւ, երբ պարտիայի ժամանակ զգում ես, որ նրա շնչառությունը, կամ նստելաձեւը փոխվել է: Շախմատային հոգեբանությունը շատ հետաքրքիր բան է: Մենք շատ ենք զբաղում դրանով:
Ո՞վ է Ձեզ համար սկզբունքային մրցակից:
Սխալ կլինի մեկ մարդու անուն տալ: Չեմ կարծում, որ բարդույթ ունեմ ինչ-որ մեկի դեմ: Յուրաքանչյուր մրցակից դժվարություն է, որին պետք է հաղթահարես ոչ միայն խաղատախտակին. խաղից առաջ էլ պետք է քեզ պատրաստես:
Ժամանակին Իվանչուկի դեմ այդքան էլ հաջող հանդես չէիք գալիս:
Իվանչուկն իմ ամենասիրած շախմատիստներից է: Ես շատ բան եմ սովորել նրանից, բայց վերջին տարիներին կարծում եմ հենց նրա դեմ լավ եմ խաղացել:
Գարի Կասպարովի հետ շփում ունե՞ք:
Հազվադեպ է լինում, որ կապ հաստատենք: Ես հաճույք եմ ստանում շախմատային լեգենդների հետ շփվելուց, բայց դա քիչ է պատահում, քանի որ ես էլ եմ շատ զբաղված լինում:
Իսկ ի՞նչ կարծիք ունեք նրա քաղաքացիական ակտիվության մասին: Օրեր առաջ նա ձերբակալվեց Մոսկվայում:
Ես մի քիչ հեռու եմ քաղաքականությունից: Կասպարովի պարտիաները մեծ դեր ունեն շախմատի պատմության համար, բայց նրա այդ գործունեության մասին շատ չգիտեմ: Հույս ունեմ, որ նա գիտի, թե ինչ է անում:
Բոլոր ժամանակների լավագույն շախմատիստ նշելիս շախմատասերները հաճախ են տալիս են երկու անուն` Ֆիշեր եւ Կասպարով: Դուք ո՞ւմ եք համարում լավագույնը:
Դժվար է ասել: Եթե այդպես նայես, ինչո՞ւ ոչ Ալեխինը կամ Պետրոսյանը: Պարզ է` Ֆիշերն ու Կասպարովը շատ պարտիաներ են հաղթել, բայց կարելի է ասել, որ հենց Ալեխինից հետո է սկսվել ժամանակակից շախմատային պարտիան: Այդ պատճառով ինձ համար նա է լավագույնը:
Ի՞նչ ծրագրեր ունեք Օլիմպիադայից հետո:
Օլիմպիադայից հետո իմ մասնակցությամբ հաջորդ մրցաշարը Բրազիլիայում է լինելու, բայց այժմ բոլոր մտքերս կապված են առաջիկա Օլիմպիադայի հետ:
Աշխարհի առաջությունից հետո Դուք չվերադարձաք Հայաստան: Օլիմպիադայից հետո սպասե՞նք Ձեզ:
Դա մեր թիմի սովորույթներից մեկն է՝ իմ չվերադառնալը թիմի հետ հայրենիք։ Մենք դա սկսեցինք Թուրինում: Ես կարծում եմ, որ մարզիկի համար կարեւոր է մարզվելը: Եթե դու սկսում ես ուրախանալ եւ տոնել՝ մարզական ջղայնությունդ կորում է: Իսկ ես շախմատին շատ լուրջ եմ վերաբերվում: Սիրում եմ ավարտել աշխատանքս հետո նոր ուրախանալ:
Լեւոն, կցանկանայի՞ք՝ շախմատն ընդգրկվեր Օլիմպիկան խաղերի ծրագրում:
Այո, ես կարծում եմ, որ սեղանի խաղերից շախմատը լավագույն է: Այն շատ մոտ է սպորտին: Խաղերից առաջ մենք չորս ժամ պատրաստվում ենք: Խաղը տեւում է 4-5 ժամ: Այնուհուտեւ քնում ենք եւ կրկին պատրասվում հաջորդ խաղին: Շախմատը միայն խաղ չէ։ Այն ավելի մոտ է արվեստին եւ սպորտին: Կարծում եմ` ճիշտ կլիներ, որ շախմատն ընդգրկվեր Օլիմպիական շարժման մեջ: Ես շախմատի տեղը տեսնում եմ Օլիմպիական խաղերում:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
Ֆոտո՝ Սոնա Բարսեղյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.