10:35  +04,  17 ապրիլի, 2019

Վահագն Դավթյան. Սա այն էր, ինչ կարող էի

Ուրախ եմ մեդալ նվաճելու առթիվ։ 2016 թվականից հետո ինձ չէր հաջողվում մրցանակային տեղ զբաղեցնել։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներից Վահագն Դավթյանը, որը ապրիլի 10-13-ը Լեհաստանի Շչեցին քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում։ Դա Հայաստանի թիմի միակ մեդալն էր Եվրոպայի առաջնությունում, որտեղ հանդես եկան 6 հայ մարմնամարզիկներ՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Արթուր Թովմասյան, Վահագն Դավթյան, Վիգեն Խաչատրյան եւ Արթուր Ավետիսյան:

Վահագն Դավթյանը 2016 թվականի Եվրոպայի փոխչեմպիոնն է։ Դրանից հետո հայ մարմնամարզիկը մեդալ չէր նվաճել:

Վահագն, շնորհավորում եմ Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելու կապակցությամբ։ Ի՞նչ գնահատական կտաս քո արդյունքին։

Գոհ եմ Եվրոպայի առաջնությունում ցույց տված իմ արդյունքից։ Թեկուզեւ բրոնզե, բայց ամեն դեպքում մեդալ ունեցանք։ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի հետ նվաճեցի նաեւ Եվրոպական խաղերի ուղեգիր, ինչի համար եւս շատ ուրախ եմ։ 2016 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո ինձ մոտ չէր հաջողվում արդյունք ցույց տալ, մեդալ նվաճել, մեդալային պայքարում լինել, իսկ այժմ գոհ եմ, որ մրցանակային տեղ զբաղեցրի։

Այս պահին դա քո հնարավորությունների առավելագույն սահմանն էր, թե՞ կարող էիր ավելին:

Սա այն էր, ինչ կարող էի անել։ Բայց շեշտեմ, որ ոսկե մեդալակրին զիջել եմ ընդամենը 0,033 միավոր։ Սպորտային մարմնամարզությունում սա շատ քիչ տարբերություն է։ Ճիշտ է՝ վարժությունս կատարյալ, անթերի չէր, ունեի նաեւ թերություններ։ Կարող էի այդ թերությունները թույլ չտալ, բայց այդ ամենով հանդերձ պետք է հասկանալ, որ սա մարմնամարզություն է եւ այստեղ հենց այդ աննշան տարբերություններով են մրցանակային տեղերը բաշխվում։

Մրցակցությունն ինչպիսի՞ն էր։ Լարվածություն զգո՞ւմ էիր։

Պայքարը շատ մեծ էր։ Լարվածություն կար։ Ես վերջինն էի մոտենում, իսկ մինչեւ իմ մոտեցումն արդեն շատ բարձր միավորներ եղել էին։ Դա ավելի էր մեծացնում լարվածությունը։ Բայց փորձեցի չկենտրոնանալ դրա վրա եւ հաջողվեց ինձ տիրապետել ու անել այն, ինչ կարող եմ։

Վահագն, նշեցիր, որ 2016 թվականից հետո քեզ մոտ չէր ստացվում մրցանակային տեղ զբաղեցնել, մեդալ նվաճել։ Ի՞նչն էր պատճառը։

Չեմ կարող ասել. սա սպորտ է եւ սպորտն անկանխատեսելի է։ Ամեն անգամ մի բան խանգարում էր. միավորներս էին պակասում՝ վերեւում էի թերի աշխատում, ներքեւում մի քայլ ավելի էի կատարում ցատկի ժամանակ եւ այլն: Որեւէ կոնկրետ պատճառ չկա, որ ասեմ հենց այս պատճառով ինձ մոտ չէր ստացվում մեդալ նվաճել։

Առջեւում Եվրոպական խաղերն են։ Փոփոխություններ կլինե՞ն քո վարժությունում։

Ոչ։ Եվրոպական խաղերին հանդես կգամ նույն վարժությունով եւ կփորձեմ գրանցել ավելի բարձր արդյունք։ Ուրախ եմ, որ հնարավորություն ձեռք բերեցի մասնակցել Եվրոպական խաղերին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս