08:30  +04,  24 մարտի, 2019

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները՝ Բոսնիա-Հերցեգովինայից կրած պարտության պատճառների մասին

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները լրագրողների հետ զրույցում մեկնաբանել են Բոսնիա-Հերցեգովինայի թիմից կրած 1:2 հաշվով պարտությունը Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի արտագնա խաղում, Սարաեւոյից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը (LIVE

Վարազդատ Հարոյան. «Վատ չխաղացինք: Պարտվեցինք, բայց հիմա պետք է պատրաստվենք հաջորդ հանդիպմանը, որն ավելի կարեւոր է, քանի որ տանն ենք խաղում: Ամեն ինչ կանենք երկրպագուներին ուրախացնելու համար: Հայաստանի հավաքականի բոլոր պաշտպաններն էլ բարձր մակարդակի խաղացողներ են, եւ բոլորի հետ էլ համագործակցությունը ստացվում է: Կարծում եմ, որ այսօրվա խաղում մի քիչ հավատը պակասեց: Լավ էինք պաշտպանվում, սակայն մրցակիցը ստանդարտ դիրքերի ժամանակ առավելություն ուներ բարձրահասակ խաղացողների շնորհիվ: Արդեն տեսանք, որ մենք եւս լավ ֆուտբոլ ենք խաղում եւ կարող ենք հաղթել»:

Կամո Հովհաննիսյան. «Երեւի, այսօր չբավականացրեց հավատը, որ կարող ենք խաղալ նման թիմերի դեմ: Ունեինք գոլ խփելու հնարավորություններ, պարզապես չստացվեց: Երեւի, այսօր բախտի գործոնը մեր կողմից չէր: Տխուր է, որ պարտվեցինք, բայց ինչ արած՝ ֆուտբոլ է: Կանենք հետեւություններ եւ կպատրաստվենք Ֆինլանդիայի դեմ հանդիպմանը: Իհարկե, այս խաղում հավատն ավելացավ: Հաջորդ խաղին դաշտ դուրս կգանք հետեւություններ արած»:

Արամ Հայրապետյան. «Ցավալի պարտություն էր, քանի որ 0:1 հաշվի ժամանակ ունեցանք պահեր, սակայն մեր բախտը մի քիչ չբերեց: Կարող էինք գոլ խփել, բայց պարտվեցինք: Վնասվածքից լիովին վերականգնվել եմ եւ արդեն պատրաստ եմ 100 տոկոսով: Սկզբնամասում մրցակցի երկրպագուների կողմից ճնշում կար, սակայն հետո հարմարվեցինք դրան: Կոմպակտ խաղ ցուցադրեցինք, սակայն պարտվեցինք»:

Էդգար Բաբայան․ «Դժվար խաղ էր, բայց գոլ խփելու լավ շանսեր ունեինք։ Չհաղթեցինք, փորձեցինք, չստացվեց։ Մի քիչ հիասթափված ենք։

Հիմա պետք է վերադառնանք տուն, հանգստանանք, որ հաջորդ խաղին պատրաստ լինենք»։

Գագիկ Դաղբաշյան. «Հաջող չստացվեց խաղը եւ պարտվեցինք: Ասելու շատ բան չկա, մենք ենք մեղավոր պարտության համար: Պաշպանությունում կարգապահ խաղ էինք ցուցադրում, բայց մեկ դրվագում սխալվեցինք եւ գոլ բաց թողեցինք: Նույնը եղավ երկրորդ գոլի դրվագում, սակայն մենք եւս ունեցանք գոլ խփելու հնարավորություններ: Ափսոս, որ չստացվեց գոլ խփել, այլապես խաղն այլ ընթացք կստանար»:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը պարտվել էր 1:2 հաշվով: Հանդիպման հաշիվն ավելացրած ժամանակում կրճատել էր Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Մարտի 24-ի առավոտյան Հայաստանի հավաքականը Երեւան ժամանելուց առաջ Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում կանցկացնի վերականգնողական մարզում, ինչից հետո կվերադառնա Երեւան եւ կպատրաստվի Ֆինլանդիայի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի երկրորդ տուրի հանդիպմանը:

Հայաստան – Ֆինլանդիա խաղը տեղի կունենա մարտի 26-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:

Դավիթ Եղիազարյան, Սամվել Սուքիասյան՝ Սարաեւոյից

NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ