12:10  ,  23 մարտի, 2019

Հայաստանի հավաքականի նոր սննդակարգի նրբությունները․ Պատմում է թիմի բժիշկը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի մեկնարկին պատրաստվում է նոր սննդակարգով: ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի առաջարկով Հայաստան էին ժամանել իսպանացի սննդաբաններ, մարզական սննդի մասնագետներ, որոնք նոր սննդակարգ են մշակել հայ ֆուտբոլիստների համար:

NEWS.am Sport-ի թղթակիցը Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում զրուցեց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանի հետ, որը խոսեց թիմի նոր սննդակարգից ու պատմեց ազգային թիմի խաղացողների առողջական վիճակի մասին:

Հայաստանի հավաքականը Սարաեւոյում պատրաստվում է Բոսնիա-Հերցեգովինայի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրի հանդիպմանը, որը կկայանա մարտի 23-ին «Գրբավիցա» ստադիոնում:

Պարոն Ստեփանյան, հայտնի է, որ Հայաստանի հավաքականն այս հավաքը սկսել է նոր սննդակարգով: Ինչպե՞ս է ընթանում այդ գործընթացը:

Մենք 2 հանդիպում ունեցանք բժիշկ Էսկրիբանոյի հետ եւ միասին աշխատեցինք 2 օր: Փորձեցինք վերցնել լավագույնն այն պրակտիկայից, որով նրանք հասել են հաջողության: Ասեմ, որ գլոբալ առումով մեր սննդակարգերը շատ չեն տարբերվում: Պարզապես նրանք առաջադիմել են այն հարցով, որ ունեն մեծ լաբորատորիաներ, արդեն կարողանում են ցույց տալ անհատական մոտեցում, կարողանում են իմանալ, թե որ ֆուտբոլիստին ինչն է պակասում, ինչ է պետք եւ աշխատում են այդ ուղղությամբ: Մենք դեռ չունենք այդ հնարավորությունը, թեեւ այդ ճանապարհին ենք:

Ինչ վերաբերում է հավաքականի հետ աշխատանքին, քանի որ մենք ունենք կարճ ժամանակ, հիմնականում փորձում ենք շեշտը դնել ածխաջրատային սննդի վրա, որպեսզի հարստացնենք ածխաջրածնային պաշարն օրգանիզմում: Խաղերից հետո վերականգնման փուլում եւս մեծ ուշադրություն ենք դարձնում ածխաջրերով հարուստ սննդին:

Օրինակ՝ հիմա մենք լոլիկը կեղեւազրկած ենք մատուցում ֆուտբոլիստներին, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ դա կարող է առաջացնել գազեր, ինչը նրանց կխանգարի խաղերի ժամանակ: Իսպանացի մասնագետները շատ մեծ տեղ են տալիս ձիթապտղի ձեթին ու խորհուրդ են տալիս սննդակարգից բացառել կարագը, ինչի հետ մենք եւս համաձայն ենք:

Շատ մեծ տեղ է հատկացվում նաեւ մրգերին: Նրանց կարծիքով, յուրաքանչյուր ֆուտբոլիստ օրական պետք է ուտի 5 տեսակի միրգ: Մենք նույնպես փորձում ենք շարժվել այդ սննդակարգով: 

Մենք պահպանել ենք նաեւ մերը, որը եւս վատը չի եղել: Բոլոր այն խորհուրդները, որոնք ընդունելի էին մեզ համար, մենք փորձում ենք օգտագործել:

Կարե՞լի է ասել, որ ճիշտ սննդակարգը նույնքան կարեւոր է, որքան ճիշտ մարզվելը:

Ճիշտ սնվելը շատ կարեւոր է: Օրինակ՝ անառողջ սնունդ օգտագործելու դեպքում ֆուտբոլիստը կարող է վատ զգալ հանդիպման ժամանակ, եւ այդ դեպքում կվնասի թե՛ իրեն, թե՛ հավաքականին: Հայաստանի հավաքականի տղաները բոլորն էլ պրոֆեսիոնալ են եւ գիտեն, թե ինչ սնունդ պետք է օգտագործեն: Եթե նույնիսկ մենք ինչ-որ տեղ թերանանք եւ սեղանին լինի արգելված որեւէ ուտելիք, նրանք, միանշանակ, չեն օգտվի դրանից: Նրանք ունեն այդ կրթությունը:

Սարաեւոյում ստացվո՞ւմ է պահպանվել սննդակարգը, սննդի որակը գոհացնո՞ւմ է:

Այո, այստեղ եւս պահպանում ենք մեր ռեժիմը: Սննդի որակի հետ կապված ամեն բան նորմալ է:

Հայտնի է, որ Արսեն Բեգլարյանը խաղը բաց կթողնի վնասվածքի պատճառով: Ի՞նչ լրջության է նրա վնասվածքը:

Արսեն Բեգլարյանը թեթեւ մկանային վնասվածք ունի: Նրա վերականգնումը կտեւի մոտ 3-4 օր: Երեւան վերադառնալուց հետո նա լիարժեք կմիանա հավաքականին: Ազգային թիմի մյուս ֆուտբոլիստները լավ վիճակում են:

Խոսելով վնասվածքներից՝ չենք կարող չանդրադառնալ Մարկոս Պիզելիին: Ինչպե՞ս է ընթանում Մարկոսի վերականգնողական փուլը եւ ե՞րբ նրան դարձյալ կտեսնենք խաղադաշտում:

Մարկոսը վիրահատվել է Սան Պաուլոյում եւ այժմ վերականգնման փուլում է: Վիրահատությունից դեռ 2 ամիս է անցել: Ասեմ, որ վերականգնողական փուլը շատ լավ ընթացքի մեջ է: Մարկոսը շարունակում է մնալ Բրազիլիայում, որտեղ կանցկացնի հետվիրահատական շրջանը: Մոտ 3 ամսից նա կվերսկսի մարզումները խաղադաշտում: Կարծում եմ՝ սեպտեմբերին կայանալիք խաղերին նա կլինի Հայաստանի հավաքականի ճամբարում:

Ֆուտբոլում բավական հաճախ հանդիպող ու ամենածանր վնասվածքներից է ծնկի խաչաձեւ կապանների պատռվածքը, ինչը եղավ նաեւ Մարկոսի դեպքում: Երբեմն խաղացողներն այդպիսի վնասվածք են ստանում առանց հարվածի՝ սովորական դրվագում: Ի՞նչի պատճառով է լինում այդպիսի վնասվածք:

Հիմնական խնդիրը ծանրաբեռնվածությունն է, վերականգնման մեջ թերանալը: Երբեմն խաղացողը կարող է այդպիսի վնասվածք ստանալ առանց հարված ստանալու: Մարկոսի դեպքում եւս այդպես էր, նրան ոչ ոք չդիպավ: Հնարավոր է, որ խիտ օրացույցի դեպքում մարզիչները գերագնահատում են իրանց խաղացողների հնարավորությունները եւ չափից շատ խաղացնում նրանց: Ամեն դեպքում, պատճառները շատ են եւ միանշանակ ասելը բարդ է:

Հայաստանի հավաքականում աշխատանքի անցնելուց առաջ դուք երկար տարիներ աշխատել եք նաեւ ակումբներում: Հավաքականում եւ ակումբում բժիշկի աշխատանքը շա՞տ է տարբերվում:

Այո, աշխատել եմ «Միկայում», «Արարատում», «Բանանցում»: Հավաքականում եւ ակումբում աշխատանքի տարբերությունը մեծ է, քանի որ ակումբում աշխատելիս դու ամեն օր լինում ես կապի մեջ, տեսնում ես խաղացողին եւ ամեն ինչ գիտես նրա մասին: Հավաքականում դա խնդիր է, քանի որ մենք հանդիպում ենք միայն խաղերին: Խոսքն, իհարկե, արտասահմանում հանդես եկող խաղացողների մասին է: Չնայած դրան՝ ես փորձում եմ ամեն օր կապի մեջ լինել խաղացողների հետ՝ հատկապես նրանց, ովքեր ունեն խնդիրներ: Միշտ փորձում ենք տեղեկացված լինել ֆուտբոլիստի առողջական վիճակի մասին: Երբ հավաքականի խաղացողներն ակումբում շուտ են փոխարինվում խաղի ժամանակ, մենք անմիջապես կապ ենք հաստատում նրանց հետ՝ հասկանալու համար, թե արդյոք կա որեւէ խնդիր: Հավաքականում հիմնականում վնասվածքների պրոֆիլակտիկան է: Հիմնական խնդիրը նաեւ խաղերից հետո ֆուտբոլիստներին կարճ ժամկետում արագ պատրաստելն ու վերականգնելն է մինչեւ հաջորդ հանդիպումը: Ակումբային ֆուտբոլում ամենօրյա աշխատանք է՝ այլ ուղղվածությամբ:

Գաղտնիք չէ, որ շատ ֆուտբոլիստներ լուրջ վնասվածքի դեպքում բուժման են մեկնում արտասահման: Հայաստանում սպորտային բժշկությունն ի՞նչ մակարդակի վրա է:

Սպորտային բժշկության առումով մենք կայացման փուլում ենք: Վնասվածքների հարցն ավելի շատ վնասվածքաբանության խնդիր է, այլ ոչ սպորտային բժշկության: Խնդիր, իհարկե, կա, բայց նույն արտասահմանցիները եւս երբեմն բուժման են մեկնում այլ երկիր: Կան լավ կենտրոնններ, եւ մենք լուրջ վնասվածքների դիպքում փորձում ենք լավագույն մասնագետների մոտ ուղարկել ֆուտբոլիստներին, որպեսզի լավ արդյունք ստանանք վիրահատությունից:

Դավիթ Եղիազարյան՝ Սարաեւոյից

NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով